×


Րաֆֆի Արտոն՝ «Ֆրանսիայի ձայն»-ում 2-րդ տեղը զբաղեցնելու եւ երկընտրանքի մասին

Ֆրանսիայի «Ձայնը» նախագծի այս եթերաշրջանին, ինչպես արդեն պատմել ենք, մասնակցում էր նաեւ ֆրանսահայ պատանի երգիչ Րաֆֆի Արտոն: Հաղթահարելով մրցույթի բոլոր փորձությունները՝ եզրափակչում նա պայքարում էր 3 մրցակիցների հետ: Հավատարիմ մնալով իր սիրելի ոճին՝ ռոքնռոլին, Րաֆֆին փորձեց ապացուցել բոլորին, որ 1950-ականների հայտնի երաժշտական ժանրը դեռ կենդանի է, ապրում է եւ կարող է մրցակցել ժամանակակից ոճերի հետ: Լինելով նախագծի ամենափոքր մասնակիցը՝ մեր հայրենակիցը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը: BRAVO.am-ի հետ զրույցում նա կիսվել է իր տպավորություններով եւ պատմել նախագծի լավ ու վատ կողմերի մասին:

Րաֆֆիի խոսքով՝ սպասումներն այնքան էլ մեծ չէին, երբ որոշեց մասնակցել նախագծին: Գիտեր, որ ռոքնռոլը ժամանակակից շոու-բիզնեսում այնքան էլ մեծ տեղ չի գրավում.«Սկզբում չէի մտածում, որ այսքան լավ արդյունք կունենամ, բայց արի ու տես, որ իմ կատարմամբ կարողացա գրավել շատերի սրտերը եւ հասա ուզածիս: Գիտեք, կարեւոր չէր՝ հանդիսատեսը կհավաներ ոճս, թե՝ ոչ, ես, միեւնույն է, շարունակելու էի»:

Րաֆֆի Արտոն Ֆրանսիայի «Ձայն»-ում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը


Նա խոստովանեց, որ հասնելով մինչեւ եզրափակիչ փուլ՝ մեծ է եղել ցանկությունը նաեւ հաղթել: Բայց շատ գոհ է իր գրանցած արդյունքից.«Դա ինձ համար նույնպես մեծ հաղթանակ է, քանի որ ընտրվեցի հարյուրավոր մասնակիցների միջից, երկար պայքարեցի եւ հասա ուզածիս: Այնպես որ, տպավորություններս շատ ջերմ են նախագծի ողջ ընթացքից: Անծանոթ լինելով մեկս մյուսին՝ ստեղծեցինք երաժշտական մեծ ընտանիք մասնակիցների եւ անձնակազմի հետ: Բոլորս հաճույքով աշխատում էինք միասին եւ մոռանում, որ մրցույթում ենք»:

Րաֆֆին նշեց, որ նախագիծը ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմեր է ունեցել իր համար: Նրա խոսքով՝ մեծ փորձ եւ գիտելիքներ է կուտակել պրոֆեսիոնալ թիմի հետ աշխատանքից, բայց նախագիծը փոքր-ինչ խանգարել է դասերին նորմալ հաճախելուն եւ առաջիկա քննություններին պատրաստվելուն.«Իմ բախտը բերեց, որ ընդամենը 5 օր դասի չգնացի, բայց շատերը կային, որ մոտ մեկ ամիս չգնացին»:

«The Voice»-ից հետո պատանի երգիչն այլ առաջարկներ է ստացել տարբեր նախագծերի մասնակցելու, բայց առայժմ չի շտապում վերջնական որոշումներ կայացնել: Ընտանիքի հետ քննարկում են հետագա քայլերը, ինչպես նաեւ փորձում հասկանալ՝ մնա՞լ այն ոճում, որում այժմ հանդես է գալիս, թե՞, այնուամենայնիվ, փոքր-ինչ շեղվել դրանից: Բոլոր այս հարցերի պատասխանները հստակ կլինեն միայն 2-3 ամիս հետո.«Շուտով կհանձնեմ ընդունելության քննություններս եւ դրանից հետո կշարունակեմ երաժշտական գործունեությունս` նոր երգեր, նկարահանումներ, տեսահոլովակ... Ապագան դեռ առջեւում է. չեմ շտապում»,- եզրափակեց նա:

Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Րաֆֆի Արտոյի արխիվից



Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին