×


Փարիզյան Ամանորի եւ Սուրբ Ծննդյան հրաշքները

Մոտենում է կաթոլիկ եկեղեցու Սուրբ Ծնունդը. Ֆրանսիայի բոլոր քաղաքներում եւ հատկապես մայրաքաղաքում այս տոնին պատրաստվում են դեռ նոյեմբերի սկզբից` տոնական զարդարանքներով փորձում են գերել քաղաքացիներին եւ զբոսաշրջիկներին, իսկ աչք շոյող ցուցափեղկերը հրավիրում են նվերներ գնելու։

Փարիզի «Գալերի Լաֆայեթ» հայտնի խանութների կենտրոնը դառնում է բոլորի սիրելի վայրերից մեկը, ցուցափեղկերի տոնական զարդարանքները թատերական ներկայացման են վերածվում, որն էլ շտապում են դիտել մեծերն ու փոքրերը։ Ամենաճանաչված ապրանքանիշերը եւ ձեւավորողներն աշխատում են հեքիաթ նվիրել այցելուներին։ Այս տարի, սակայն, ներկայացման «ռեժիսորը» երեխաների երեւակայությունն է.


5-ից 11 տարեկան երեխաների նկարները մրցույթով ընտրվել եւ վերածվել են հերոսների, նրանց պատկերած կերպարները շարժվում, պարում եւ երգում են` բոլորին դեպի մանկություն տեղափոխում։ Իսկ հսկայական տոնածառը գտնվում է կենտրոնի ներսում. ամեն տարի այն նոր տեսք է ստանում` խորհրդանշական որեւէ թեմայով զարդարվում։

Զարդարանքներով հետաքրքրվածների մյուս սիրելի վայրը Փարիզի ամենամեծ պողոտան է` Ելիսեյան դաշտերը (Champs Elysées): Այս տարի, սակայն, տոնական տրամադրությունը դժվարանում է հաստատվել այստեղ` մայրաքաղաքում կենտրոնացած ցույցերի եւ անկարգությունների պատճառով։ Իսկ զբոսաշրջիկների սիրելի Սուրբ Ծննդյան շուկան այստեղ արգելվել է դեռեւս անցած տարվանից, եւ նրանց մնում է զմայլվել պողոտայի ծառերի կարմիր լուսավորությամբ, որն էլ մութն ընկնելուն պես տպավորիչ տեսք է հաղորդում հայտնի երգի «հերոս» «Օ՜հ, Շանզ Էլիզե»-ին...


Սուրբ Ծննդյան շուկաներ, սակայն, կարելի է գտնել ամենուր. այստեղ ներկայանում են ամենատարբեր մշակույթները, հնարավոր է գնել նվերներ, փորձել քաղցրավենիք եւ, իհարկե, ֆրանսիական գինի խմել` այս անգամ տաք մատուցվող` ձմեռվան համահունչ։

Փարիզի գրեթե բոլոր փողոցներն են «փայլուն հագուստ կրում», լույսերն այստեղ անպակաս են, որն էլ եւս մեկ անգամ հաստատում է «լույսերի քաղաք» անվանումը, որը Փարիզը փորձում է պատվով կրել։


Հատկանշական է, որ այսքան մեծ պատրաստություններից եւ զարդարանքներից հետո տոնական համարվում են միայն երկու օր` դեկտեմբերի 25-ը եւ հունվարի 1-ը, արձակուրդ վայելում են միայն ֆրանսիացի երեխաները, իսկ մեծահասակների աշխատանքային օրերն ընթանում են նույն հունով։

Տեքստը եւ լուսանկարները` Էլլադա Բարսեղյան-Ղուկասյանի /Bravo.am-ի թղթակիցը Փարիզում/
Թոփ լուսանկարը` marieclaire.fr

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին