×


Օվսաննա Սիմոնյան՝ հայկական եթերի թարմությունն ու վլոգինգի նոր դեմքը

Առաջին ալիքի «Կապրենք, կտեսնենք» հաղորդաշարը, որը եթեր է հեռարձակվում սեպտեմբերից, հանրությանն է ներկայանում ոչ միայն հեռուստաքննարկման նոր ու հետաքրքիր ձեւաչափով, այլեւ հաղորդավարների յուրօրինակ շրջանակով: Չորս տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ՝ դերասանուհի, հաղորդավարուհի Հրաչուհի Ութմազյանը, թատրոնի եւ կինոյի պրոդյուսեր Արթուր Ղուկասյանը, նկարչուհի Արեւ Պետրոսյանը եւ հաղորդավարուհի, վլոգեր Օվսաննա Սիմոնյանը, Առաջին ալիքի երեկոյան եթերում անդրադառնում են հասարակությանը հուզող մի շարք հարցերի՝ պատասխաններ տալով նոր տեսանկյունից: Այս անունների շարքում հեռուստադիտողի համար գուցե ավելի քիչ հայտնի է Օվսաննա Սիմոնյանը, ով չնայած դեռ շատ երիտասարդ է, հասցրել է հեռուստատեսային փորձ ու գիտելիքներ կուտակել նախորդ երեք տարիների ընթացքում: BRAVO.am-ը նրա հետ զրուցել է այդ փորձի, մասնագիտության ընտրության, վիդեոբլոգինգի ասպարեզում նոր քայլերի եւ առաջին հաջողությունների մասին: Օվսաննան նաեւ նկարահանվել է մեր նոր ֆոտոշարքում:

«Դասերն անհետաքրքիր էին, սկսեցի աշխատանք փնտրել»

Ի սկզբանե մասնագիտությանս ընտրության հարցը շատ հստակ էր: Ես ինձ համարում եմ հետաքրքիր ու կրեատիվ լուծումներ փնտրող մարդ, հասկացել էի, որ գրելը լավ է ստացվում, և մտածում էի՝ ոլորտը, որտեղ կարող էի առավելագույնս ինքնադրսեւորվել, լրագրությունն է: Ափսոսում եմ, որ նյութը, որ մատուցվում էր մեզ, չափից դուրս հին էր, ինչի արդյունքում ես կորցրի հետաքրքրությունս այդ ակադեմիական կրթության նկատմամբ հենց առաջին կուրսից: Համալսարանական կյանքի դեռ երկրորդ շաբաթում պարզ դարձավ, որ դասերն ինձ համար շատ անհետաքրքիր են անցնում՝ առանց շարժունության ու «դրայվի»: Ու ես, չնայած նրան, որ շատ կարևորում եմ տեսական գիտելիքը, սկսեցի աշխատանք փնտրել՝ գործնականում ինձ հուզող հարցերի պատասխանները ստանալու համար: Լրագրության հետ կապված հնարավոր ու անհնարին ամեն տեղ դիմում էի:

Գտա մի ամսագիր, որտեղ հնարավորություն ունեցա տպագրել իմ առաջին հարցազրույցը: Ի դեպ, երբեք չեմ մոռանա, որ այդ զրույցը Վարդան Պետրոսյանի հետ էր, իսկ ես դեռ առաջին կուրսի ուսանող էի... Այդպես, սկզբում աշխատեցի տպագիր մամուլում, հետո՝ օնլայն լրատվամիջոցներում, եւ դրան զուգահեռ` նաեւ ռադիոյում:

Օվսաննա Սիմոնյանը


Հեռուստալրագրողի առաջին փորձը՝ «Դար21»-ում

Դեռ նոր էի փոխադրվել երկրորդ կուրս, երբ առաջարկ ստացա «Դար21» հեռուստաընկերությունից (ներկայումս՝ 21TV): Այնտեղ ես միանշանակ հասկացա, որ ուզում եմ աշխատել հեռուստատեսությունում եւ հաղորդակից լինել այն ամենին, ինչ կապված է շարժական պատկերի հետ: Իհարկե, ընթացքում զգում էի, որ փորձի պակաս կար, ինչպես նաեւ ավելի կոնկրետանալու խնդիր՝ ֆորմատի հստակ ընտրության տեսանկյունից, բայց ոլորտը միանշանակ հստակ էր. ցանկանում էի աշխատել հենց ժամանցային ոլորտում, քանի որ դա ամենամոտն ու հոգեհարազատն է ինձ: Ես ժամանցը մի փոքր այլ տեսանկյունից եմ պատկերացնում: Հստակ գիտեմ, որ շատ անելիք ունեմ այդ ոլորտում, քանի որ բազմաթիվ մտքեր, գաղափարներ ունեմ ժամանցային լրագրության եւ վլոգինգի հետ կապված: Նշեմ նաեւ, որ այս դեպքում էլ նախապատվությունը տալիս եմ հեռուստատեսությանն ու այն ամենին, ինչ կապված է վիդեոյի հետ:

Անհաջող փորձը՝ նոր մարտահրավեր ու մոտիվացիա

«21TV»-ից հետո համագործակցեցի նաեւ «ArmNews» հեռուստաընկերության հետ ու այնտեղ արեցի իմ առաջին հեռուստատեսային նախագիծը` «Փլեյլիսթը», որը հեղինակային էր, իր ձեւաչափով իսկապես նորություն էր: Էլեկտրոնային երաժշտության առաջին ինտերակտիվ հաղորդումն էր Հայաստանում: «Փլեյլիսթը» հետաքրքիր էր նրանով, որ հաղորդման ընթացքին զուգահեռ` քաղաքի տարբեր հատվածներում կարելի էր հանդիպել պիտակների, դրանք սկան անել եւ լսել այն երաժշտությունը, որ հնչել էր հաղորդման ընթացքում: Բայց, ցավոք, իմ նորամուծությունը չընդունվեց, ինչը եւս մեկ մարտահրավեր էր ինձ համար, որ հասկանամ` իսկապես ուզում եմ աշխատել հայկական հեռուստատեսությունում, եւ դա ավելի մոտիվացրեց ինձ անել այնպես, որ հաջորդ անգամ հաստատ ստացվի: Իմ նախագծի դիտողականություն չունենալը կապված էր նրա հետ, որ հաղորդումը գուցե հետաքրքիր էր, բայց հետաքրքրում էր շատ նեղ շրջանակի: Չէ՞ որ երկու տարի առաջ էլեկտրոնային երաժշտությունը Հայաստանում այսքան պահանջված չէր, լսողները շատ քիչ էին:

Օվսաննա Սիմոնյանը


Ինձ մտածելու տեղիք էր տալիս նաեւ այն, որ քաղաքի տարբեր անկյուններում փակցված պիտակները հաճախ ուղղակի պոկում էին: Մտածում էի` տեսնես իսկապես մարդկանց չի հետաքրքրում: Եվ իմ ուժերը քառապատկվեցին, օր ու գիշեր նոր տարբերակներ էի փնտրում՝ հաղորդումն ավելի տարածելու եւ հեռուստադիտողին հասցնելու համար:

Ինչեւէ, այդ նախագիծն ինձ համար հաջողված լինելու մի քանի պատճառ ունեցավ. նախ` այն նորամուծություն էր, բացի այդ, նույն ժամանակահատվածում առաջարկ ստացա Վրաստանից` լուսաբանել տարածաշրջանում ամենամեծ էլեկտրոնային երաժշտության փառատոնը ՝ GEM FEST 2017-ը: Ինձ համար իսկական ուրախություն էր լինել Հայաստանից միակ լրագրողը եւ լուսաբանել նման միջոցառումը:

Առաջին քայլերը՝ որպես վիդեոբլոգեր

Իմ այդ ակտիվ փնտրտուքների շրջանում սկսեցի հետաքրքրվել նաեւ վիդեոբլոգինգով, ավելի մանրամասն ուսումնասիրեցի այդ ուղղությունը: Հենց այդ ժամանակ էլ վերջնական համոզվեցի, որ վլոգինգն այն հարթակն է, որտեղ ուզում եմ ամբողջությամբ ինքնադրսեւորվել: Հասկացա, որ դա այն հարթակն է, որտեղ շատ անելիք ունեմ, զուգահեռաբար, իհարկե, մտածում էի նաեւ հեռուստատեսության մասին: Ի դեպ, ինձ հաճախ են հարցնում, թե դա արդյոք մասնագիտություն է, եւ ես ստիպված եմ լինում ամեն անգամ բացատրել, որ վլոգերը մարդ է, ով զբաղվում է բլոգինգով, պարզապես ոչ թե տեքստ է գրում, այլ այդ ամենը ներկայացնում է տեսանյութի միջոցով:

Վլոգինգի դեպքում հնարավորություններն անհամեմատ մեծ են՝ դու կարող ես մի շարք նորամուծություններ անել, վիդեոխմբագրման տարատեսակ իդեաներ փորձարկել եւ անգամ մինիմալ տեխնիկայով՝ սմարթֆոնով, շատ յուրօրինակ վիզուալներ ֆիքսել:

Օվսաննա Սիմոնյանը


Հեռուստատեսությունում քեզ մի ամբողջ թիմ է պետք, ու ժամանակային առումով էլ կոլեկտիվ աշխատանք է պահանջվում, վլոգինգն այդ տեսանկյունից ավելի հարմար է: Գուցե շատերը չեն պատկերացնում, բայց վլոգերը մի ամբողջ մեդիաթիմի աշխատանք միայնակ է անում՝ ե՛ւ մոնտաժը, ե՛ւ կոնցեպտը, ե՛ւ բովանդակությունը, ե՛ւ օպերատորությունը, ե՛ւ խմբագրական ու տարածման աշխատանքը:

Հանրայինի նոր առաջարկը. վերադառնա՞լ հեռուստատեսություն, թե՝ ոչ

Որպես վլոգեր հանդես գալուց հինգ ամիս անց առաջարկ ստացա Հանրային հեռուստաընկերությունից լինել «Կապրենք, կտեսնենք» նախագծի հաղորդավարներից մեկը: Սկզբում մտածում էի՝ արժե՞ նորից վերադառնալ այս ոլորտ, որտեղ առանձնապես չեմ ընդունվել: Բայց հետո հասկացա, որ եթե չընդունեմ այդ առաջարկը, ինձ զրկելու եմ այն հաճույքից, որ ստանում եմ հեռուստատեսությունում աշխատելու ընթացում: Մտածեցի՝ իմ առաջիկա պլանների հետ կապված դա ինձ հաստատ կօգնի ու չի խանգարի: Եվ ընդունեցի Հանրայինի առաջարկը: Նախկինում միայն լսել էի «Հանրայինը տան պես է» արտահայտությունը, իսկ հիմա ակնհայտ տեսնում եմ, հասկանում, որ իսկապես այն ստեղծագործական միջավայրը, մտերմությունն ու ջերմությունը, որ կա այստեղ, իրոք ուրիշ է։

Հաղորդման անվանումը շատ խաղարկային է, եւ կարծում եմ` հետաքրքիր էմոցիաներ են առաջ գալիս այդ բառերի հետ կապված: «Կապրենք, կտեսնենք»-ը ժամանցային նախագիծ է, որտեղ չորս հաղորդավար իրենց տեսակետներն են ներկայացնում օրվա թեմայի շուրջ: Այդպիսով հեռուստադիտողն ընտրելու հնարավորություն է ունենում, թե որ կարծիքն է իրեն ավելի հոգեհարազատ ու ընդունելի: Ուղղորդված ոչ մի բան չկա: Մենք ներկայացնում ենք ամենատարբեր տեսակետներ, ինչի արդյունքում հաճախ ձեւավորվում են թեժ քննարկումներ:

Օվսաննա Սիմոնյանը


«Որպես վլոգեր՝ խոչընդոտներ չեմ տեսնում Հայաստանում»

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչպիսի բովանդակություն եմ փորձում ստեղծել որպես վլոգեր, ապա նշեմ, որ ինձ ավելի շատ լայֆսթայլ ուղղությունն է հետաքրքրում: Շատ հայտնի մարդ չեմ, որ ասեմ` մարդիկ պետք է հետեւեն իմ ապրելակերպին, բայց ժամանցի ու նորամուծությունների հետ կապված հետաքրքիր թեմաների եմ անդրադառնում: Յութուբում ու Ինստագրամում էլ ուղղակի պետք է փնտրել Օվսաննա Սիմոնյան, եւ իմ ալիքը կհանդիպի. հատուկ ինչ-որ նախագծի անուն չեմ մշակել: Ներկայանում եմ իմ անունով: Ֆեյսբուքում հիմա ուղղակի չեմ հասցնում շատ ակտիվ լինել:

Գուցե տարօրինակ թվա, բայց ես խոչընդոտներ չեմ տեսնում Հայաստանում որպես վլոգեր կայանալու եւ հաջողություն ունենալու հարցում: Միակ խնդիրը, կարծում եմ, անհրաժեշտ տեխնիկան ձեռք բերելը կարող է լինել, որովհետեւ հիշում եմ, թե ինչպես էի դրա համար գումար հավաքում: Ուղղակի պետք է կենտրոնանալ նպատակի վրա, մնացածն արդեն հեշտությամբ կլինի, հատկապես որ վլոգինգը շատ թարմ ճյուղ է եւ մեծ հնարավորություն է ինքնադրսեւորվելու: Դա մի հարթակ է, որտեղ դու կախված չես ոչ մեկից և ունես ստեղծագործելու ու էքսպերիմենտներ անելու անկախություն:

Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Գայանե Ենոքյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին