Ռոքերը ԱՄՆ-ում Հոմերի կնոջ ձեռքն է խնդրել:)
Անդրե Սիմոնյանը այս ամիս է վերադարձել հեռավոր ափերից:): “The Beautified Project” ռոք-խմբի վոկալիստը եւ կիթառահարը 40 օր Միացյալ Նահանգների օդն է շնչել, իր խմբի միջազգային “պրոմո”-ով զբաղվել, Լաս-Վեգասում շատ չնչին գումար է տարվել ու, ամենասկանդալայինը, ընդհարվել է ամերիկյան շատ հայտնի ընտանիքի հետ: Անդրեն Bravo.am-ի հետ կիսվել է իր արկածներով ու տրամադրել անգամ կռվի տեսարանի լուսանկարները:):
“ԱՄՆ-ում առաջին երկու եւ կես շաբաթը “հայսուպերսթարցիների” հետ անցկացրի. նրանց համերգի կազմակերպչական հարցերում օգնեցի: Իվետա Մուկուչյանի` Iva La Diva-ի հետ “Stupid Love Song” դուետի սինգլի եւ տեսահոլովակի պրեմիերան կայացավ, հետո “Հայսուպերսթարին” ճամփեցի ու “The Beautified Project”-ի գործերին անցա: “The Butterfly” երգի հիման վրա նկարահանված մեր տեսահոլովակի պրեմիերան տեղի ունեցավ մի քանի հեռուստաալիքներով, նշվեց, որ iTunes-ում վաճառվում է, ու շատ լավ արդյունքներ արձանագրեցինք”,- ասաց նաեւ “Հայ Սուպերսթար 4”-ի պրոդյուսեր Անդրե Սիմոնյանը:):
“Stupid Love Song”-ի տեսահոլովակի երեւանյան պրեմիերան, ինչպես նաեւ “The Beautified Project”-ի հերթական մենահամերգը կկայանա հոկտեմբերի 18-ին, իսկ մինչ այդ Անդրե Սիմոնյանը դեռ իր ամերիկյան ճանապարհորդության տպավորություններով նախապատրաստվում է այս անգամ, իր խոսքերով, ահավոր հուզիչ մի ուղեւորության:
Մի անգամ Ամերիկայում:)
“The Beautified Project”-ի վոկալիստն ու կիթառահարը Ամերիկայում ռոք-խմբի համար ձայնագրման տարբեր ստուդիաների հետ է հանդիպել. “Մեր խմբում այդ ազատությունը կա, քանի որ անգլերեն ենք երգում, միայն հայկական միջավայրի հետ չենք շփվում: Հինգ աղջիկ էլ տարբեր համերգների ժամանակ խմբի ֆլայերներն են բաժանել: Պահանջարկ կա, համերգների հրավերներ ունենք, Անգլիայից էլ հրավիրել են փետրվարին կայանալիք մի համերգի մասնակցել”,- ասաց Անդրեն:
Ռոք-երգիչը “Viza”-ի ամերիկյան համերգներին է գնացել ու ֆոլք-ռոք խմբի ոճին սիրահարվել. “Մտերիմ ենք: Միացյալ Նահանգներից մի քանի շապիկ առել եմ, այո, բայց կարեւորը հուշերն են, լիքը հուշեր եմ բերել ու, ամենակարեւորը, “Viza”-ի ու Գոռ Մխիթարյանի նոր ալբոմները:)”:
Շատ կարեւոր “System”-ային մի հանդիպում
Անդրեն նշում է` ԱՄՆ-ում մի շատ հետաքրքիր մարդու է հանդիպել, ում հետ քանի տարի է` խոսելու ցանկություն է ունեցել: “Հարցազրույց վերցրի Էնդի Խաչատրյան անունով մի մարդուց, ով “System of a Down”-ի առաջին անդամներից է եղել, հարվածային գործիքներ է նվագում: Նա նախքան ռոք-խմբի առաջին ալբոմի թողարկվելը` թողել է խումբը, բայց այդ ձայնասկավառակի վեց-յոթ երգի հեղինակներից է: Հիմա նոր բենդ է ստեղծել”,- պատմեց ռոք-երգիչը:
Գործնական հանդիպումներից բացի, վայելքներ էլ են եղել:): “Մի օր օվկիանոս գնացի, շատ լավ էր, ուղղակի Լոս-Անջելեսի կողմից ջուրը շատ սառն է, որովհետեւ Ալյասկայի կողմից եկած ջրերն են, շատ քիչ մարդ է լողում, ես էլ մեծամասնության մեջ էի:) Երեկոյան շատ էի դուրս գնում, խմելու չէ, Ամերիկայում չեն ասում` գնանք, խմենք, հարբենք, հաճույքի համար են խմում, ծխելը ընդհանրապես արգելված է, դա շատ լավ է, հույս ունեմ` Հայաստանում էլ գոնե ակումբներում ծխելը կարգելվի: Ես նախկինում ծխել եմ, հիմա` շատ քիչ, երկու օրը մեկ, սուրճի հետ եմ սիրում ծխել: Լաս-Վեգաս էլ գնացի, բայց ընդամենը 20 դոլար եմ խաղացել, որովհետեւ գնում եմ այնտեղ սնունդի` ռեստորանների, բարերի համար:): Աշխարհի բոլոր վայրերի խոհանոցները կան, իսկապես հաճելի է”,- ասաց Անդրե Սիմոնյանը:
Արշիլ Գորկին ու Անդրեի բախտը:)
“Բախտս բերեց, Ամերիկայում գտնվելուս ժամանակ Արշիլ Գորկիի ցուցահանդեսն էր, “The Beautified Project” -ի առաջին երգը, որ գրել եմ, իր մասին է եղել: Երբ ամերիկյան փողոցում տեսա գովազդի ցուցանակը, շատ հպարտացա, որ ամերիկացիներն էլ են նրան գնահատում, այդքան հայտնի է: Ծանոթներիցս մեկն ինձ տարավ այդտեղ, արվեստագետ աղջիկ է: Մի ամբողջ օր անցկացրինք այդ ցուցահանդեսի վայրում, իսկապես հպարտանում էի”,- նշեց Անդրեն:
“The Simpsons”-ի ֆանատը:)
Անդրե Սիմոնյանը ԱՄՆ-ում խնդիրներ էլ ունեցավ:): “Տարիներով նայում եմ “The Simpsons” մուլտֆիլմի սերիաները: Մարդիկ հերթ էին կանգնել, նկարվում էին հերոսների հետ, ես գնացի, Հոմերին ասացի` ուզում եմ կնոջդ հետ ամուսնանալ, չոքեցի, մարդը ջղայնացավ, հարձակվեց վրաս, սկսեց խեղդել: Իհարկե, այդ ամենը կատակ էր:): Հենց ինձ բաց թողեց, հարձակվեցի իր տղայի վրա, սկսեցի խեղդել: Շարքը զարմացել էր` ինչ է կատարվում:)”,- պատմեց նա:
Անդրեն շուտով մեկ այլ ուղեւորության է մեկնելու. “Յոթ օրով Արեւմտյան Հայաստան եմ գնալու, ահավոր հուզված եմ: Մորս ծնողները Վանից են: Ինձ շատ հետաքրքիր է գնալ, տեսնել… Եթե ջարդը չլիներ, ես կարող է հենց այնտեղ ծնված լինեի: Մենակ եմ գնալու. ես ու լուսանկարչական ապարատս:)”:
Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Անդրե Սիմոնյանի անձնական արխիվից


×
11,039






