Ներկայացնում է «Ե՞ս Yes» ամսագիրը
Ի՞նչ են խոսում. դերասան-հաղորդավար Խորեն Լեւոնյանը պսակադրվել է:
Իրականում. այս լուրը, փաստորեն, այնքան էլ անհավանական բամբասանքների շարքից չէ եւ միանգամայն համապատասխանում է իրականությանը: Չնայած Խորենն ու Մերին արդեն տեւական ժամանակ է` ամուսնացած են, սակայն նրանց պսակադրությունը տեղի է ունեցել միայն վերջերս` հունիսի 1-ին Էջմիածնի Սբ. Գայանե եկեղեցում: Հարազատներից բացի հրավիրվածների թվում էին նաեւ շոու-բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ` Սյուզան Մարգարյանն ու Հրաչյա Հարությունյանը, Հայկոն ու Անահիտ Սիմոնյանը, Կամո Սեյրանյանը, Հրաչ Քեշիշյանը, Մարտին Մկրտչյանը եւ այլք:
Մեր այն հարցին, թե ինչո՞ւ որոշեցին պսակադրվել այսքան ժամանակ անց` Խորեն Լեւոնյանն ի պատասխան ասաց. «Հիմա ինչ` կյանքս պատմե՞մ,- այնուհետեւ շարունակեց,- այդպես էր հարմար, բացի այդ, քանի որ հունիսի 1-ը Երեխաների իրավունքների պաշտպանության օրն էր, հենց այդ օրը որոշեցինք»: Իհարկե, երեխաների օրն ինչու են այդչափ կարոտել, կարելի է միայն ենթադրել, քանի որ ասում են նաեւ, որ Խորեն Լեւոնյանի կինը` Մերին, բալիկ է սպասում: Մենք փորձեցինք այդ ուրախալի լուրն էլ ճշտել, սակայն սիրված դերասանն ու հաղորդավարը այն ոչ հերքեց, ոչ հաստատեց: Միայն ասաց, որ այդ մասին ավելի ուշ կխոսի: Հարգելով նրա ցանկությունը` չպնդեցինք մանրամասնել այն:
Ի՞նչ են խոսում. երգչուհի Շպռօտը Հայաստան վերադառնալու միտք չունի:
Իրականում. երգչուհին ԱՄՆ մեկնեց «Armenian Golden Star» մրցանակաբաշխությանը մասնակցելու համար, որտեղ ներկայացված էր «Եղիր ազատ» երգով եւ արժանացավ «Կնոջ լավագույն վոկալ» մրցանակին: Իսկ ինչ վերաբերում է ԱՄՆ-ում վերաբնակվելուն, ապա երգչուհին ասաց, որ մշտական բնակություն հաստատելու մտադրություն չունի: «Քանի որ ԱՄՆ-ում մնալու հնարավորություն ունեմ, որոշեցի գործի անցնել ու առիթից օտգվելով նոր գործեր անել»,- տեղեկացրեց երգչուհին: Ըստ նրա` Արամ Ավագյանի եւ պրոդյուսեր Արմեն Մխիթարյանի հետ նոր երգեր է ձայնագրում, ինչպես նաեւ մտադիր է դրանց հիման վրա տեսահոլովակներ նկարահանել: «Քանի դեռ ԱՄՆ-ում եմ, ուզում եմ օգտագործել այս գեղեցիկ հնարավորությունն ու միաժամանակ նկարահանել նոր երգերի տեսահոլովակները»,-հեռախոսազրույցի ժամանակ հաղորդեց Շպռօտը: Երգերն անգլերեն են, որոնք երգչուհու երգացանկը կհարստացնեն եւս 4-ով:
Աշխատանքային բուռն գործունեությամբ տարված երգչուհին անձնական կյանքում փոփոխություններ չունի: «Մենակ եմ, բայց ոչ միայնակ, ինչը շատ լավ է»,- վստահեցրեց Շպռօտը:
Ի՞նչ են խոսում. երգչուհի Անահիտ Շահբազյանը եւ հումորիստ Մկոն ազգականներ են:
Իրականում. միանգամից նկատենք, որ այս լուրն էլ ֆանտաստիկայի ժանրից չէ: Պարզվում է` Մկոյի հորական տատիկն ու Անահիտի պապիկը հարազատ քույր ու եղբայր են: Նրանք էլ չնայած աշխատանքի բերումով շատ ժամանակ չեն միասին անցկացնում, սակայն առիթի դեպքում հանդիպում են եւ ջերմ հարաբերություններ ունեն: Բացի այդ, Մկոն հովանավորել եւ կազմակերպել է Անահիտի առաջին` «Սպասիր ինձ» տեսահոլովակի նկարահանման ծախսերը: Երգի հեղինակը Մակբեթ Գասպարյանն է, իսկ տեսահոլովակը նկարահանել է «Էսքիզ ստուդիան»: «Դա Մկոյի նախաձեռնությունն էր, որ ես անպայման տեսահոլովակ ունենամ»,- ասաց երգչուհին` նշելով, որ առաջիկայում համատեղ նոր ծրագրեր չունեն:
Ի՞նչ են խոսում. հայտնի դիմահարդար Ագա (Աղավնի) Քանքանյանը դիմահարդարել է Սամանտա Ջեյդին եւ աշխատանքային լուրջ առաջարկներ ստացել արտասահմանյան հայտնի աստղերից:
Իրականում. Ագան պատմեց, որ երբ Սիրուշոյի ֆոտոսեսիայի համար երգչուհու հետ ԱՄՆ էր մեկնել, նկարահանումների ժամանակ Սիրուշոյի վարսահարդար Կարեն Մադաթյանի խորհրդով (Վիկտորյա Բեքհեմի, Սամանտա Ջեյդի եւ հոլիվուդյան այլ աստղերի վարսահարդար Կարենին ծանոթ եք մեր հրապարակումներից) դիմահարդարել է Սամանտային իր առաջիկա նկարահանումների ժամանակ: «Սամանտան շատ հավանեց իր դիմահարդարումը, երգչուհու թիմն էլ հիացմունքից ծափահարում էր»,- պատմեց դիմահարդարը:
Թեեւ Ագան արդեն Երեւանում է, սակայն լուրջ առաջարկներ է ստացել ոչ միայն Սամանտա Ջեյդից, այլեւ հայտնի այլ աստղերից, որոնց մասին նախընտրեց դեռեւս լռել:
Տեքստը` «Ե՞ս Yes» ամսագրի
Լուսանկարները` «Ե՞ս Yes» ամսագրի եւ Bravo.am-ի


×
29,004






