×


Էմմի

Էմմի

Բացառիկ հարցազրույց ԱՄՆ-ից վերադարձած երգչուհու հետ :) «Եվրատեսիլ 2010»-ի հայաստանյան նախընտրական փուլից հետո Էմմին Միհրանի հետ մեկնեց ԱՄՆ: Սկզբում զույգն ասաց, որ այնտեղ պետք է նկարահանեն «Հեյ» երգի տեսահոլովակն ու պատրաստվեն ամռանը Երեւանում կայանալիք իրենց համերգին: Հետագայում մենք պատմեցինք, որ երգիչները որոշել են տեսահոլովակ չնկարահանել, համերգն էլ ինչ-ինչ պատճառներով հետաձգվում է: Թե ինչեր սկսեցին խոսել մարդիկ եւ ինչպես է դրա բացատրությունը տալիս Էմմին, մեզ հաջողվեց պարզել  երգչուհու` հայրենիք վերադառնալուն պես: Վերադարձից մեկ օր անց Bravo.am-ը զրուցեց Էմմիի հետ, փորձեց պարզել` ի՞նչ է արել այս ընթացքում: Emmy - ԱՄՆ-ում ի՞նչով էիր զբաղված: - Նախ ասեմ, որ 8-9 ամիս է`Հայաստանում չեմ եղել: Սկզբում Գլենդելում էի, հետո Բեւերլի Հիլսում: Պատճառն այն էր, որ ձայնագրում էի նոր ձայնասկավառակ, նոր տեսահոլովակ եմ նկարահանել, ֆոտոսեսիաներ են եղել ու պատրաստվել եմ մենահամերգիս: Մեծ աշխատանք եմ արել Միացյալ Նահանգներում, որը շուտով բոլորին հայտնի կլինի հեռուստաեթերում պտտվող հոլովակներից, քաղաքում բանեռներ կլինեն եւ այլն: - Ե՞րբ ամբողջական աշխատանքդ կներկայացնես: - Ձայնասկավառակիս աշխատանքներն արդեն ավարտված են: Շնորհանդեսը կլինի մենահամերգի օրը: Այնտեղ ընդգրկված են այնպիսի կոմպոզիտորների գործեր, ովքեր աշխատել են Ուիթնի Հյուսթոնի, Ռեյ Չարլզի ու մի շարք հայտնի այլ  անունների հետ: Ձայնասկավառակում ընդգրկվելու են տարբեր երգեր, որոնք ժանրային առումով կարող են ինչ-որ չափով իրար համապատասխան լինել, բայց ինչ-որ չափով էլ միմյանց հետ կապ չունեն: Դա այն ժանրն է, որում ես եմ: Իրականում երգերը տարբեր են` կան պարային, սոուլ եւ այլն: Ձայնասկավառակում էլ միայն ես եմ լինելու: Կլինի 2 հայերեն երգ, մյուսները` անգլերեն: Իսկ մենահամերգը նախատեսվում է հունվարին: Այն կլինի կենդանի հնչողությամբ, երաժիշտները գալու են ԱՄՆ-ից: Ծրագրում կլինեն թե իմ սիրված, թե նոր երգերը: Հավաստիացնում եմ, որ համերգը միասնական կլինի. ոչ թե ես միայնակ կլինեմ բեմում, այլ կլինի խումբը, ես եւ հանդիսատեսը: Կփորձեմ անել այնպես, որ բոլորս էլ մասնակից լինենք, ոչ թե մարդիկ միայն նստեն ու դիտեն: Ավելի շատ կլինի կլասիկ ժանրում: Emmy - Հիմա ի՞նչ ես պատրաստվում անել: - Հիմա աշխատում եմ տեսահոլովակի վրա: Այստեղ մեկնելուց առաջ երկու օր շարունակ նկարահանվում էր «Don't feel good» երգի տեսահոլովակը: Երգի հեղինակն է Լմել Հյումեսը, ով աշխատել է Ուիթնի Հյուսթոնի, Չակա Կանի, Ռեյ Չարլզի հետ: Երգը նկարահանել է Գրեգորի Էվերեթը, ով աշխատել է Այս Քուբի ու շատ այլ հայտնիների հետ: Տեսահոլովակը պատրաստ կլինի մինչ շաբաթվա վերջ, իսկ մինչ այդ բոլոր ալիքներով կլինի հոլովակ «Behind a fin» տեսահոլովակի նկարահանման ընթացքի, երգի պատմության ու մասնակիցների մասին: Այս ամսի 22-ին էլ կոլեգաներիս հետ մեկ շաբաթով մեկնելու եմ Պարսկաստան` համերգի: Հունվարից հետո առաջարկներ կան նաեւ այլ երկրներում համերգների մեկնելու: - Այլ երկիր մեկնելու մասին. Ինչու՞ «Եվրատեսիլ»-ից հետո մեկնեցիր Հայաստանից: - Մարդիկ ասում են, որ վիրավորվել էի. ճիշտ է, մի քիչ վիրավորված եմ եղել, բայց ոչ հայրենիքից, ոչ երկրպագուներից ու ոչ մարդկանցից: Սխալ է մեկ կամ երկու մարդու պատճառով մեղադրել երկրպագուների մեծ բանակին: «Եվրատեսիլ»-ից հետո բացակայել ենք, քանի որ Միհրանի հետ որոշեցինք «Հեյ»-ի տեսահոլովակը նկարահանել, բայց հետո, բնականաբար, չարեցինք դա, ինչի մասին մենք արդեն խոսել ենք: Emmy - Տեսահոլովակից բացի ասել էիք, որ համերգ էլ եք ունենալու: Երկուսն էլ չեղան. լուրեր պտտվեցին, որ դու եւ Միհրանը վիճել եք: Ի՞նչ կասես այդ մասին: - Համերգը հետաձգվեց, ու դրա համար մի քանի պատճառներ կան, որոնք չեմ ուզում մանրամասնել: Ժամանակը փոխվեց, այդպիսի համերգ մենք էլի կարող ենք կազմակերպել: Հիմա կլինի իմ մենահամերգը, գուցե մի քանի ամիս հետո էլ էլի կլինի այդպիսի համերգ: Իսկ ինչ վերաբերում է տարածված լուրերին` հերքում եմ. ես, Միհրանն ու մեր ընտանիքները շատ հարազատ են: ԱՄՆ-ում մենք ավելի մտերմացանք: Չեմ կարծում, որ կլինի պատճառ, որը կկարողանա մեր եւ մեր ընտանիքների մտերմությունն իրարից բաժանել: - Հիմա «Եվրատեսիլ»-ի մասին կխոսե՞ս: - Մրցույթն ընդհանուր առմամբ մեծ գովազդային հնարավորություն է յուրաքանչյուրի համար, եթե ես հիմա իմ շնիկ Չոկոյին ուղարկեմ “Եվրատեսիլ”-ի բեմում ելույթ ունենա, դա մեծ գովազդ կլինի նրա համար: Կապ չունի` ով կմասնակցի, ով էլ որ լինի, դա նրա համար մեծ գովազդ է: Պետք է հետագայում ճիշտ PR շարունակեն անել, ճիշտ աշխատել: Այդ երկու օրերի ընթացքում մասնակիցը միլիոնավոր հանդիսատես է ձեռք բերում, բայց պետք է այնպես անել, որ այդ միլիոնավոր հանդիսատեսի գոնե կեսի կեսը հետագայում հետեւի նրա ստեղծագործական կյանքին, դառնա նրա երկրպագուն: Emmy - Եվա Ռիվասի պարագայում հետագայում այդ ճիշտ PR-ը, ըստ քեզ, եղա՞վ: - Ես նրա մասին ուրիշ ոչինչ չեմ լսել, բացի “Եվրատեսիլ”-ի աշխատանքներից: - Իսկ Եվայի ելույթը նայեցի՞ր: - Այդ պահին չեմ նայել, բայց հետո համացանցում տեսա: Ինձ շատ հետաքրքիր էր, քանի որ մարդիկ խոսում էին, թե բեմում կլինեն այսինչ մարդիկ, այսքան գումարներ են ծախսված. եղել է հերթական ելույթ: Ես ուրախ եմ, որ նա գնաց, շատ ուրախ եմ, որ նրան հնարավորություն տրվեց բարձրանալ այդպիսի մեծ բեմ, քանի որ յուրաքանչյուրս էլ ինչ-որ չափով արժանի ենք ( կապ չունի` ինչպես) հասնել մեր ուզածին, նա հասավ իր ուզածին, ես ուրախ եմ, կարծում եմ` այդ բեմը նրան ինչ-որ բանի կհասցնի: - Սկզբում շատ վիրավորված էիր, անգամ ուզում էիք դատարան դիմել: Ինչու՞ լռեցիք: - Վիրավորվածությունս նրանից չի, թե ով գնաց կամ ինչպես գնաց, վիրավորվածությունս  նրանից է, որ ամեն ինչ եղել է այլ կերպ, բայց մարդկանց մեկ այլ կերպ է ներկայացվել: Սկզբում մենք հրավիրվել էին Հանրային հեռուստատեսության կողմից, որ մի քանի երգ ներկայացնեինք եւ լիներ երգի մրցույթ, բայց եղավ երգչի մրցույթ: Եթե մենք ունենք փաստեր, բայց չենք ներկայացնում, դա էլ իր պատճառներն ունի. երբ դու ունես փաստեր, բայց երբեք ոչինչ չես կարող ապացուցել, անիմաստ է նման բաներ անել: Ապացույցները փաստաթղթերով կան, բայց պետք է դատել այնպիսի մարդուն, ով քեզ հավասար մարդ է: Մենք ունենք ժյուրիի կողմից ստորագրված թղթեր, որ մենք լավագույնն ենք եղել, եւ թղթեր, որտեղ ոչ ոք համամիտ չէ տվյալների հետ: Եթե սերվերը կանգնում է, չի աշխատում, ապա այդ քվեարկությունը պետք է չեղյալ համարել եւ նորից սկսել: Emmy - Հետագայում կմասնակցե՞ս “Եվրատեսիլ”-ին: - Դժվարանում եմ ասել. այս պահին եթե ասեմ այո, գուցե վաղը չցանկանամ մասնակցել, եւ հակառակը: Եթե լինի լավ տարբերակ, ես էլ, Միհրանն էլ կմասնակցենք: Երկուսս էլ լիարժեք արտիստներ ենք, ունենք մեր երկրպագուները, եւ միայն նրանց sms-ների քանակով կարող ենք ասել, թե նրանք որքան շատ են: Միայն մեկ օպերատորից մենք ունեցել ենք 100 000-ից ավելի sms Հայաստանի պայմաններում, նման թիվ դեռ չէր եղել մինչ այս «Եվրատեսիլը»: - Մազերդ կտրեցիր, ու շատերն այդ կարճ սանրվածքը վերագրեցին սթրեսին:  Ի՞նչ կասես այս մասին: - Այդպիսի բնավորության տեր անձնավորություն չեմ, չեմ կարծում, որ սթրեսը հանելու համար պետք է նման քայլերի գնալ: Մազը մազ է, ձեռքդ չի, որ կտրես ու էլ չաճի: Ուղղակի արտիստը պետք է շուտ-շուտ փոխի իր ոճը: Ես նկատում եմ, որ այսօր շատերն են կարճ սանրվածք անում, ինչի համար շատ ուրախ եմ. մինչ այդ հեռուստատեսությամբ ինչ տեսահոլովակ նայում էինք, բոլորը նույն սանրվածքով էին` նույն երկար, հարդարված ու նույն գույնի մազերով: Այսօր կա մրցակցություն, որն արտիստին ստիպում է մտածել իր գործունեության ու իր արտիստ լինելու մասին: -Այս ընթացքում Հայաստանում ու՞մ էիր ամենից շատ կարոտում: - Ծնողներիս էի շատ կարոտել`անսահման, իմ ընկերներին: Ինչպես ասում են, հյուր լինելը լավ է, բայց տանը` ավելի լավ. սա իմ համար է ասված: Ես հայրենասեր եմ, պարտադիր չէ  հայրենասիրական երգեր երգեմ, որ դա պարզ լինի: Եթե այսքան տարիների մի քանի փորձություններից հետո ես դեռ Հայաստանում եմ, դա նշանակում է, որ սիրում եմ իմ հայրենիքը: Emmy - Իսկ անձնական կյանքում ամեն ինչ նու՞յնն է: - Այո, ամեն ինչ նույնն է, փոփոխություն չկա: Ես վաղուց գտել եմ իմ կեսին, ուղղակի մենք փորձում ենք մեզ հեռու պահել լրատվամիջոցներից: - Ի՞նչ տվեցին քեզ այս ամիսները: - Նոր ձայնասկավառակ, նոր հոգեվիճակ եւ ինչ-որ չափով նոր շունչ արթնացավ իմ մեջ: Ես մեկնեցի այլ տրամադրությամբ, իսկ այսօր վերադարձա միանգամայն այլ վիճակում: Նախկին Էմմին կա, բայց այսօր ավելի լավ է ամեն ինչ հասկանում եւ շատ ավելի լավ է մարդկանց ճանաչում: - Երկար ժամանակ չէիր եղել Երեւանում, իսկ գալու նույն օրը բեմ բարձրացար. Ի՞նչ զգացողություններ ունեիր: - Անհամբեր էի: Կյանքումս առաջին անգամ էր, որ այսքան երկար բացակայել եմ ու բացակայությունից հետո միանգամից բարձրացել եմ բեմ: Երբեք չգիտես` ինչ կզգաս: Հուզմունքը նույնն էր, կրկնապատկված: Նոր երգ պիտի երգեի, բայց տեխնիկական թերությունների պատճառով ստիպված էի երգել «Կամուրջներ»-ը: Ես մտածում էի, որ մարդիկ արդեն չեն ցանկանա այդ երգը լսել. այն արդեն քանի տարի է` երգում եմ (չնայած համերգների ժամանակ այն միշտ պատվիրել են որպես սիրված երգ): Բայց ինձ շատ հաճելի էր, երբ տեսա, որ մարդիկ` մեծահասակներն ու երիտասարդները, իմ առջեւ կանգնած, ինձ հետ երգում էին: Դա եւս մեկ անգամ ինձ ուժ տվեց, հասկացա, որ ճիշտ ժամանակին եմ վերադարձել: Emmy - Ե՞րբ էլի կմեկնես ԱՄՆ: - Հրավեր ունեմ Միացյալ Նահանգներում նկարահանվող մի սերիալի սաունդթրեքում ձայնագրվելու, ինչպես նաեւ նոր ձայնասկավառակի աշխատանքներ սկսելու համար, բայց մյուս տարի պարզ կլինի` երբ կմեկնեմ: - Երկրպագուներիդ ասելիք ունե՞ս: - Երկրպագուներիս հետ անընդհատ կապի մեջ եմ եղել սոցիալական բոլոր ցանցերով: Ես նրանց շատ եմ սիրում ու շնորհակալ եմ, որ այս ամիսների ընթացքում շարունակում էին կողքիս մնալ: Այն ամենն, ինչ արել եմ, արել եմ նրանց համար. գիտեմ, որ նրանք ինձ սպասում էին նորություններով, որոնք շատ շուտով կտեսնեն: Զրուցեց Սիրանուշ Եղիազարյանը /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարդալ ավելին

Quality Sign BW