Պատվիրատուից մինչեւ մանեքենուհի :)
23-ամյա մանեքենուհի Մարիամ Մելյանը նոր է վերադարձել Կիպրոսից. այնտեղ նա մեկնել էր ոչ թե հանգստանալու, այլ “աշխատելու, շատ աշխատելու, մեծ փորձ ձեռք բերելու”: Կիպրոսում նա մասնակցել է Fashion TV-ի նկարահանումներին, Balizza Fashion Show-ին, հարցազրույցներում պատմել է Հայաստանի ու իր մասին:
Մարիամ Մելյանը Bravo.am-ին պատմեց, թե ինչպես է հրավեր ստացել միջազգային հայտնի Fashion հեռուստաընկերության կողմից:). «Մի քանի տարի է` միջազգային մրցույթներին մասնակցելու համար աշխատում եմ «Միսս եւ Միստր Աշխարհ» կազմկոմիտեի նախագահ Աշոտ Խաչատրյանի հետ: Հենց նա էլ ինձ առաջարկեց մասնակցել այդ ցուցադրությանը: Բուն ցուցադրությանը պատրաստվելը, փորձերը, նկարահանումներն ընդհանուր տեւել են 8 օր, կային մոտ 50 մոդելներ` հիմնականում Ռուսաստանից, Լատվիայից, Էստոնիայից եւ ուրիշ երկրներից»:
Հայ մոդելը նշում է, որ Fashion TV-ում այնքան էլ կապ չունի` ինչ ազգի մոդել ես. «Կարեւորը բոլորի նման քայլես, համապատասխանես նրանց չափանիշներին, սխալներ չանես, որովհետեւ ամեն մոդել իր քայլվածքն ունի, բայց այնտեղ բոլորը պետք է միանման քայլեն, նույն կեցվածքով լինեն: Որոշ մոդելներ երբեմն կամակորություն էին անում, չէին ուզում տվյալ հագուստը հագնել, որն անընդունելի էր իրենց համար: Ընդամենը ցուցադրություն է, ուր քո աշխատանքն ես կատարում: Հասկացա, որ նման ցուցադրությունները շատ հոգնեցուցիչ են. չէի հասցնում քնել, հանգստանալ, բայց ինձ համար շատ լավ շանս էր ու հրաշալի փորձ»: :)
Մարիամ Մելյանը մինչ Fashion TV-ում հայտնվելը մասնակցել է գեղեցկության միջազգային մրցույթների` «Miss Europe Junior-2006»-ին Չեխիայում, այնուհետ` «Miss Tourism Planet-2009»-ին` Հունաստանում, «Miss Tourism International-2009»-ին` Մալազիայում: Մոդելի համար ամենատպավորիչը եղել է Մալազիայի գեղեցկության մրցույթը. «Կազմակերպվածությունը, մասնակից աղջիկները, անվտանգությունը, հենց երկիրն ուղղակի հրաշալի էին: Գրեթե մեկ ամիս այնտեղ եմ եղել, հասցրել եմ վայելել ասիական երկրի տաքությունը: Դեկտեմբեր ամիսն էր, երբ տաք եղանակային պայմաններում, հետաքրքիր միջավայրում դիմավորեցինք Նոր տարին :)»:
Մարիամն իբրեւ մանեքենուհի կարիերան սկսել է 2005 թվից «Ատեքս» նորաձեւության կենտրոնում. «Մի անգամ գնացի «Ատեքս» ինձ համար հագուստ պատվիրելու: Այնտեղ ասացին, որ մոդելային դասընթացներ են անցկացնում` կցանկանա՞մ արդյոք մասնակցել: Այդ ժամանակ 18 տարեկան էի, ու ինձ համար մոդել դառնալը երազանք էր թվում, որովհետեւ ընտանիքս դեմ էր, ինչպես հայկական ընտանիքներում է լինում, բայց հետագայում չարգելեցին, ընդհակառակը` ինձ միշտ աջակցում են»,- պատմում է Մարիամը:
Մոդելն իր առաջին մասնագիտությամբ թարգմանիչ է, ավարտել է Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը, աշխատում է մասնագիտությամբ. «Երկու մասնագիտությունս էլ սիրում եմ, մեծ բավականություն եմ ստանում պոդիումով քայլելիս, ֆոտոխցիկների հետ աշխատելիս… անգլերենի իմացությունն էլ շատ է օգնում միջազգային մրցույթների ժամանակ, առավելություն է քեզ տալիս»:
Իսկ որքանո՞վ են նման միջազգային մրցույթներն արդար անցնում, Մարիամը դժվարանում է պատասխանել, նշելով, որ այստեղ էլ կապ ունի հարեւան երկրների հանգամանքը, քաղաքական դաշտը. «Օրինակ, Հունաստանում նկարահանումների, փորձերի ժամանակ մեծ ուշադրություն էին դարձնում Հայաստանին, լավագույն շարքերում էին դասում: Շատ բաներ նաեւ մոդելից է կախված, թե ոնց կներկայացնես քո պետությունը, ինչպես կդրսեւորես քեզ… Բայց բոլոր մրցույթներին էլ մասնակից աղջիկներն իրար հետ իրոք ջերմ են եղել, հագուստներով կամ այլ բանով միշտ օգնում էինք իրար:)»:
Մարիամը նշում է, որ երեւանյան մոդելային գործունեությամբ ինքնուրույն է զբաղվում, իսկ միջազգային մրցույթներին մասնակցելու համար համագործակցում է Աշոտ Խաչատրյանի հետ. «Ինքս եմ ընտրում` որտեղ նկարահանվել, որ ցուցադրություններին մասնակցել, ֆինանսապես անկախ մոդել եմ»:
Մոդելի չափսերն են 88/65/92, հասակը` 174 սմ: Մասնակցել է Նինա Հովնանյանի, Արամ Նիկոլյանի, “Զատիկ” ստուդիայի, “Էլսի” նորաձեւության կենտրոնի ցուցադրություններին: Նաեւ նկարահանվել է մի քանի գովազդային ու երաժշտական հոլովակներում:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Մարիամ Մելյանի անձնական ախիվից


×
11,026






