×


Անահիտ Ղուկասյան. «Ամուսինս չդիմացավ այդ ամենին, քանի որ չէր կարող ֆիլմեր նկարելու համար գումար խնդրել»

Լինում են շատ հետաքրքիր զրույցներ, որոնցից որոշակի դրվագներ տեղ չեն գտնում հիմնական հրապարակման մեջ։ Պատանի հանդիսատեսի թատրոնի եւ կինոյի դերասանուհի Անահիտ Ղուկասյանի հետ մեր հանդիպման ժամանակ ձայնագրիչն անջատելուց հետո դեռ երկար խոսեցինք մարզումներից ու կինոյից։

Ամեն ինչ սկսվեց աթոռին դրված պարանից, եւ Ղուկասյանը պատմեց, որ առավոտներն անպայման մարզանքով է սկսում։ Նա չի կարողանում հասկանալ այն դերասաններին, որոնք իրենց չեն հետեւում, քանի որ սխալ է բեմ բարձրանալ ու լավ մարզավիճակում չլինել։

Անահիտ Ղուկասյանը


Ապա անդրադարձանք իր սիրելի ֆիլմերին, որոնց նախկինում հետեւել է կինոռեժիսոր ամուսնու՝ Բագրատ Հովհաննիսյանի հետ։ Հենց նա է նկարել «Աշնան արեւ» ֆիլմը, որը դերասանուհուն այդքան մեծ ճանաչում է բերել։ Ռեժիսորին են պատկանում նաեւ «Եվ կրկնվելու է ամեն ինչ», «Տերը», «Հնձան», «Չախ-չախ թագավորը», «Աղքատի պատիվը» աշխատանքները։

Ժամանակին հասնում էի Մոսկվա ու անպայման ներկա լինում կինոփառատոններին, որպեսզի ծանոթանամ բոլոր աշխատանքներին։ Հիմա միայն «Ոսկե ծիրան» ունենք, որի շրջանակում ցուցադրվող բոլոր ֆիլմերը պարտադիր նայում եմ։ Նախորդ տարվանից որեւէ բան չեմ հիշում, ինչը նշանակում է՝ հետաքրքիր ոչինչ չի եղել։

Միշտ Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի եւ Միքելանջելո Անտոնիոնիի ֆիլմերն եմ սիրել, թեեւ Ֆեդերիկո Ֆելինիին էլ նայել եմ, բայց նա իմ ռեժիսորը չէ։ Բագրատը Ֆելինիին ուղղակի պաշտում էր, բայց ես չէի հասկանում ու սիրում։ Նրա գրեթե բոլոր աշխատանքները միասին դիտել ենք, Բագրատը հիացած էր մնում, իսկ ես՝ բավական սառը:

Իսկ Անտոնիոնիին պաշտում էի, «Մասնագիտությունը՝ լրագրող» ֆիլմը 7 անգամ իրար հետեւից նայել եմ։ Առաջին դեպքն էր, երբ մեծ կադրի մեջ նման համայնապատկեր կար՝ Ջեք Նիքոլսոնը մեքենայով անցնում էր տափաստանով, շշմելու բան է ստացվել, ամեն անգամ հիացած նայում էի։

Ինչ հրաշք կինոներ էր նկարում Քշիշտոֆ Զանուսին, միայն «Լարովի նարինջն» ինչ ասեք արժեր։ Ինձ շատ մարդկանց խաղն է դուր գալիս ու հիացնում: Ցավալի է, որ հիմա թատրոնի եւ կինոյի տեսանկյունից շատ քնձռոտ վիճակում ենք։

Անահիտ Ղուկասյանը


Հիմա ուրիշ դար է եկել, եւ կինոն մի տեսակ խեղճացած վիճակում է հայտնվել։ Լինում է ժամանակաշրջան, որ դերասանական ու ռեժիսորների աստղաբույլ է ծնվում, բայց այսօր նորմալ ոչ մի ռեժիսոր չկա աշխարհում։

21-րդ դարը կինոյի եւ արվեստի համար չէ, ինքս էլ չեմ հասկանում, թե ինչու։ Թեեւ անչափ շատ նոր աշխատանքներ են ստեղծվում, բայց էլ այն որակը չկա, որովհետեւ ամեն ինչ առուծախի մակարդակում է արվում։ Կոմերցիան է սկսել գերակշռել, ոչ թե մարդկանց գեղեցիկը փոխանցելու ձգտումը։

Բագրատը սրտի կաթվածից մահացավ այն ժամանակ, երբ կինոյի ասպարեզում ամեն ինչ արդեն խառն էր, եւ ռեժիսորն ինքը ֆիլմ նկարելու համար պիտի փող ճարեր։ Այդ պահից սկսած՝ կինոն հսկայական փոփոխության ենթարկվեց։ Նա չդիմացավ այդ ամենին, քանի որ չէր կարող տարբեր տեղեր ընկնել ու գումար խնդրեր:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW