Դերասանուհի Անահիտ Ղուկասյանը 50 տարուց ավելի նվիրված է իր մասնագիտությանն ու իրեն չի պատկերացնում առանց սիրելի աշխատանքի: Իր գողտրիկ տանը նա BRAVO.am-ի հետ զրուցել է ճանապարհորդելու ու բացահայտած երկրների, «Աշնան արեւ»-ում Աղունի ճակատագրական դերի ու ֆիլմի ռեժիսորի հետ ամուսնության, երեխաներ չունենալու եւ կյանքն անչափ շատ սիրելու մասին:
- Տիկին Ղուկասյան, զրույցի համար միանգամից տուն հրավիրեցիք: Սովորաբար, ովքե՞ր են Ձեր հյուրերը:
- Բազմաթիվ հյուրեր եմ ունենում, բայց հիմնականում՝ ընկերական շրջապատս ու եղբորս ընտանիքը: Իմ նկատմամբ շատ ուշադիր են եւ տատիկ են ասում։ Մենակ չեմ մնում, երեւի, մեծացել եմ ու երբեմն ուղղակի լռության կարիք եմ ունենում, որ ինքս ինձ ի մի բերեմ։
Անահիտ Ղուկասյանը
- Խորհելուց բացի, ինչո՞վ եք սիրում լցնել Ձեր ազատ ժամանակը:
- Ամենակարեւոր բաները գիրքն ու ճանապարհորդությունն են: Ամեն ամառ որեւէ երկիր եմ գնում: Չեմ հասցնի ամբողջ երկրագունդը պտտվել, բայց Եվրոպայի ճոխ մասում ու Իրանից սկսած՝ բոլոր ասիական երկրներում եղել եմ, ընդ որում՝ երկար ժամանակով։ Ամբողջ տարին այդ հիշողություններով եմ ապրում ու նկարներով վերհիշում: Նախորդ տարի ստիպված էի Բուլղարիա գնալ, տեսնելու հետաքրքիր բան չկար։ Աֆրիկյան երկրներում էլ եմ եղել. Թունիսում Էլ Ջեմի ամֆիթատրոնն ինձ գրավեց, որի նմանությամբ տաղավարում էլ նկարահանել են «Գլադիատոր» ֆիլմը։ Իտալիայի մասին չեմ խոսում՝ չես հագենում եւ ուզում ես նորից գնալ: Հատկապես անմոռանալի էր Ֆլորենցիան։ Ծովափնյա պասիվ հանգստից մեկ օրում հոգնում եմ. պետք է քայլեմ, նայեմ, նորություն տեսնեմ։
- Իսկ գրքերի նկատմամբ սերն ինչպե՞ս է սկսվել:
- Քանի որ սրտի խնդիր ունեի, վազվզել չէր կարելի, 6 տարեկանից սկսեցի կարդալ։ Անդադար ամեն ինչ էի կարդում, հետո պապայիս հետ քննարկում էինք: Հետագայում ամուսինս լրացրեց գրքերի վերաբերյալ իմ գիտելիքները: Նա հիանալի բանասեր էր ու հիանալի էր տիրապետում լեզուների: Շատ լավ էր հասկանում, թե ինչ բան է գրականությունը:
- Զրույցը սկսեցինք Ձեր սերերից, բայց գիտեմ, որ աշխատանքն էլ շատ կարեւոր է Ձեզ համար, հիմա որքանո՞վ եք զբաղված:
- Գովազդից բացի, ոչինչ չունեմ, որովհետեւ «Ագապի» բազմասերիանոց ֆիլմից հետո հոգնած եմ: Նկարահանումները երկար տեւեցին, իսկ հենց այնպես ոչինչ չեմ անում՝ եռանդով եմ աշխատում ու ամեն գործ անելիս մեջը կյանք դնում: Արդյունքում ահավոր նիհարել էի, ինձ հանգիստ էր պետք, բայց այդ ընթացքում Պատանի հանդիսատեսի թատրոնում նոր ներկայացում արեցինք, խաղացանկային դերեր էլ ունեի։
Անահիտ Ղուկասյանը
- Ինչպե՞ս էր 77 տարեկանում «Բարի լույս, հրեշտակներս» ներկայացման գլխավոր դերերից մեկը խաղալ ու մոտ 2 ժամ անդադար լինել բեմում:
- Տարօրինակ բան ասեմ, բայց որքան էլ ինձ վատ զգամ կամ հիվանդ, դե, ամեն դեպքում մեծ եմ, հենց բեմ եմ մտնում, ամեն ինչ մոռանում եմ: Ներկայացումը վերջանում է, նոր զգում եմ, թե բեմական կոշիկները որքան անհարմար են, ու առաջին հերթին դրանք եմ հանում։ Բայց ընթացքում ինձ բացարձակ ոչինչ չի խանգարում, թռվռում եմ ու հաճույք ստանում: Սիրում եմ ե՛ւ թատրոնը, ե՛ւ կինոն, թեեւ բնույթով տարբեր են, բայց երկուսն էլ իմ մասնագիտությունն են։
- Տարիքի հետ դերերի քանակն իսկապե՞ս փոխվում է։
- Իհարկե, հիմա ներկայացումներս շատ քիչ են, այն էլ մեր թատրոնում քանի՞ տատիկ կարող է լինել, իսկ երիտասարդ տարիներին թատրոնից դուրս չէի գալիս: Բայց մյուս կողմից էլ, երեւի, ճիշտը դա է, սերնդափոխություն պիտի լինի: Մեր հանդիսատեսը հիմնականում երեխաներ են, իսկ երիտասարդները դահլիճի ռիթմն ավելի ճիշտ են զգում։ Պատանի հանդիսատեսի թատրոնը շտեմարան է, որովհետեւ մեզ մոտ են երեխաները հասկանում, թե ինչ է թատրոնը, գույնը, երաժշտությունը, շարժումը։
- Ինչպե՞ս եք հայտնվել Պատանի հանդիսատեսի թատրոնում ու այդպես էլ ողջ կյանքում մնացել։
- Դեռ ինստիտուտի 3-րդ կուրսում սովորելուն զուգահեռ ինձ հրավիրեցին խաղալ Դրամատիկական թատրոնում։ Բայց այնտեղ շատ վատ էի զգում՝ իմ թատրոնը չէր: Թատերական ինստիտուտի դեկան Շուգարովն առաջակեց մնալ ամբիոնում, մերժեցի՝ համարելով, որ առանց ինձ հայ թատրոնը շատ մեծ կորուստ կունենա (ծիծաղում է,-հեղ.)։ Այդ ընթացքում ինձ նաեւ ռուսական ու Գյումրու թատրոններն էին հրավիրում: Արդեն մտադիր էի Շուգարովի առաջարկությունն ընդունել ու որոշումս հայտնելու համար եկա ինստիտուտ: Սպասում էի՝ դասն ավարտվի, երբ հանդիպեցի Պատանի հանդիսատեսի թատրոնի գլխավոր ռեժիսոր Զավեն Տատինցյանին: «Անահիտ, ի՞նչ ես անում այստեղ»,-հարցրեց, իսկ երբ իմացավ գալուս նպատակը, շարունակեց. «Ոչ մի դեպքում չես մնա ինստիտուտում», ու ձեռքս բռնած բերեց Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի մոտ, որպեսզի ինձ անմիջապես աշխատանքի ընդունեն:
Մեր թատրոնը շատ եմ սիրում, երբեք մտքովս չի անցել այստեղից գնալ, թեեւ հրավերներ եղել են ու նաեւ ընթացքում համագործակցել եմ մի քանիսի հետ: Այստեղի շունչն ուրիշ է, մյուսների համեմատ ավելի ազնիվ է, համերաշխ ենք եւ իրար չենք ուտում։
Անահիտ Ղուկասյանը
- Ինչի՞ց հասկացաք, որ հենց Ձեր թատրոնն է։
- Առաջին դերս «Գիքոր» 3 ժամանոց ներկայացման մեջ էր՝ հովանոցով օրիորդն էի, այնքան հաճույքով էի խաղում: Բոլորը շատ ջերմ էին, մեր թատրոնի մեծերն այնքան լավն էին, Արմեն եւ Արեւ Սանթրոսյանների հայրը՝ Պարույր Իվանիչը, հրաշալի մարդ էր, բոլոր երիտասարդների հայրն էր։ Նինել Դալլաքյանի հետ՝ չնայած մեր տարիքային տարբերությանը, այնքան լավ ընկերներ էինք, հիմա ես էլ եմ երիտասարդների հետ ընկերություն անում։
- Ո՞ր տարիքում որոշեցիք, որ այս մասնագիտությամբ ենք զբաղվելու։
- 5-րդ դասարանից գիտեի, որ դերասանուհի եմ դառնալու: Ամեն ինչով զբաղվել եմ, երաժշտության ու նկարչության գնացել, բայց իմը չէին: Առաջին դերս դպրոցում էր՝ Ձյունանուշ էի (ծիծաղում է,-հեղ.), ու դրանցի հետո հասկացա, թե ինչով եմ ուզում զբաղվել։ Մեր դրամատիկական խմբակի ղեկավարը ռուսական թատրոնի ժողովրդական դերասանուհի Լեյլա Խաչատրյանն էր՝ Արամ Խաչատրյանի եղբոր դուստրը։
- Ինչպե՞ս է ժամանակի ընթացքում փոխվել թատրոնի նկատմամբ վերաբերմունքն ու ի՞նչը հատկապես Ձեր սրտով չէ:
- Ժամանակի հետ տարօրինակ կերպով կյանքի ռիթմն այլ է դարձել ու փոխել նաեւ թատրոնի նկատմամբ վերաբերմունքը: Մենք 2-3 ժամանոց ներկայացումներ էինք խաղում, հիմա նույնիսկ մեկ ժամ չեն դիմանում, սովոր են տիկտոկների ռիթմին՝ ամեն ինչ արագ լինի: Մեր թատրոնի նկատմամբ բարձր ատյանների վերաբերմունքն եմ կարոտում, հիմա մեզ հետ ուղղակի լկտի են վարում: Վերջերս մեր թատրոնի 90-ամյակն էր, այդպես անշուք որեւէ տարեդարձ չէր անցել։ Անընդհատ խոսում են երեխաներից, եւ ոչ մեկը չի մտածում այս թատրոնի մասին, որը դաստիարակում է այդ սերնդին։ Եթե ուզում են՝ իսկապես դաստիարակված ու հասկացող մարդիկ մեծանան, պետք է հիմքը լավ դնել, ինչն անում են դպրոցն ու մենք: Դպրոցը հիմա շատ հիմար վիճակում է, գիտելիք չի տալիս, ու եթե մեզ մոտ էլ նրանք հաճույք չստանան, ի՞նչ են լինելու այդ երեխաները, կորչելու են։
Անահիտ Ղուկասյանը
- Որքան էլ թատրոնում շատ դերեր ունեք, բայց Դուք շատերիս համար առաջին հերթին «Աշնան արեւ»-ի Աղունն եք։ Ինչպե՞ս եղավ, որ հենց Դուք նկարահանվեցիք ֆիլմում, քանի որ Աղունի դերի համար շուրջ 200 թեկնածու կար, այդ թվում՝ Վրաստանից:
- Որոշեց ռեժիսորը, որն այն ժամանակ Բագրատ Գալուստովիչ էր ինձ համար ու 17 տարով մեծ էր (նկարահանումների ընթացքում ամուսնացան,-հեղ.): Իմ առաջին դերն էր, մինչ այդ վախենում ու հրաժարվում էի կինոյից։ Մի օր թատրոնում փորձն ավարտելուց հետո Արայիկի ու Արմենի հետ «Սկվազնյաչոկում» պաղպաղակ էինք ուտում, երբ մեզ մոտեցավ ֆիլմի 2-րդ ռեժիսոր Հակոբ Իսկուդարյանն ու ինձ քասթինգի հրավիրեց: Արմենը եւ Արայիկը բառացիորեն ստիպողաբար, ձեռքերս ամուր բռնած՝ ինձ տարան Սպանդարյան փողոցի վրա գտնվող հին կինոստուդիա, դռան մոտ էլ կանգնեցին, որ հանկարծ չփախչեմ։ Սենյակում երկու հոգի էին նստած, մոտեցա նրանցից մեկին ու ոգեւորված ասացի. «Սխալ եք արել, որ ինձ կանչել եք, ես հերոսուհի չեմ, կերպարային դերասանուհի եմ ու այս ամենի հետ կապ չունեմ», մենախոսությունս ավարտելուց հետո, պարզվեց՝ դիմել էի օպերատոր Կարեն Մեսյանին, ռեժիսորը մյուսն էր: Նույնը հո Բագրատին չէի ասելու, ինքն էլ ամեն ինչ լսել էր, սառած կանգնել էի (ծիծաղում ենք,-հեղ.): Օգնականին ասաց, որ ինձ տանեն ֆոտոփորձերի: Հաջորդ օրվանից ամեն օր զանգում էր ու կանչում, ամիսներ շարունակ գնացել եմ, մի օր էլ իմ կուրսից Ալլա Թումանյանին հանդիպեցի, որն ասաց. «Ան, անգամ հույս չունենաս, շատերն են փորձում այս դերը»: Առանձնապես հույս չունեի, պարզապես այդ մարդն ամեն օր զանգում էր, ես էլ ամոթից գնում էի: Վերջապես գեղխորհուրդն ինձ հաստատեց, մեկ էլ Կենտկոմից զանգ ստացա՝ պարզվեց՝ Վարդուհի Վարդերեսյանն էր բողոքել. «Ո՞վ է այդ կաթնակերը, որ խաղալու է իմ ամբողջ կյանքում երազած դերը»։ Դե, իր համեմատ կաթնակեր էի, բայց չէր կարող ամբողջ կյանքում երազել, քանի որ Հրանտ Մաթեւոսյանն իրենից բավական երիտասարդ էր եւ ուշ էր գրել այդ գործը։ Ռեժիսորն ինձ ընտրեց, ի՞նչ կարող էին անել: Երկար ժամանակ Վարդուհին ինձ նույնիսկ չէր բարեւում, կողքովս անցնելիս ֆշշացնում էր, մինչեւ որ նրա տարեդարձին հաշտվեցինք:
- Ինչպե՞ս հասկացաք, որ Աղունը հենց այդպիսին պետք է լինի:
- Ջանիկ, երբ տեքստը կարդում եմ, իմը պետք է լինի, այլապես չեմ խաղա։ Երեւի, իմ մեջ էլ կա այդ Աղունը։ Ես էլ ամբողջ կյանքում տուն եմ դրել ու հարմարավետություն ստեղծել: Առհասարակ, ինձ թվում է, որ յուրաքանչյուր հայուհու մեջ Աղուն կա, եթե այդպես չլիներ, մեր ազգը չէր պահպանվի. նա մեր հավաքական կերպարն է: Արտագաղթի տարիներին հայ կինն է գրքերը թաքցրած փախցրել ու պահպանել: Կինը շատ մեծ ավանդ ունի հայ պատմության մեջ, տուն սարքող է ու տղամարդուն ստիպող:
- Դուք փաստորեն մարմնավորում էիք Մաթեւոսյանի մայրիկին, այդ առումով ավելի պատասխանատո՞ւ չէր:
- Հրաշք մի կին էր, նրան անձամբ եմ տեսել, հենց այնպես ոչինչ չէր ասում: Ոչ մի տառ չգիտեր, բայց խոսում էր հանգերով, տաղանդավոր մարդ էր։ Մաթեւոսյանը նկարահանումներին չէր լինում, քանի որ մինչեւ այդ Բագրատի հետ ընդհարվել էին՝ չէր ուզում, որ նկարահանումներն անենք իրենց գյուղում։ Այնտեղ ոչ միայն Հրանտին չէին սիրում, այլեւ՝ նրա մորը, որովհետեւ Արուսը չէր կարող որեւէ մեկի կողքով հենց այնպես անցնել, անպայման պետք է ասեր, թե ինչ է մտածում. սուր լեզու եւ միտք ուներ, ամեն ինչ տեսնում ու հասկանում էր։
Անահիտ Ղուկասյանը
- Իսկ ինչպե՞ս տեղի ունեցավ Մաթեւոսյանի ու Բագրատ Հովհաննիսյանի հաշտեցումը։
- Նկարահանմանը հաջորդած 8 տարիները շատ ծանր էին՝ ֆիլմը թույլ չէին տալիս ցուցադրել: Ես ու Բագրատը կինոժապավենների ծանր արկղերը գրկած տանում էինք Մոսկվա, որ հաստատեն: Առանձին-առանձին ցույց ենք տվել Գերասիմովին, Բոնդարչուկին, որ բացատրեն, թե ինչու են արգելում ֆիլմի ցուցադրությունը։
- Ասացի՞ն, թե որ էր իրական պատճառը։
- Ֆիլմում տրակտոր չկար, կարմիր դրոշ չէր երեւում, ինչը հակասովետական էր ընկալվում։
- Ինքներդ այդ արգելքին ինչպե՞ս էիք դիմանում:
- Շատ ծանր էի տանում, Բագրատն էլ ֆիլմի համար հոնորար չստացավ, միայն ինձ գումար տվեցին՝ որպես գլխավոր դերակատարի: Երեւի, ֆիլմը ժամանակից շուտ արվեց, ու ժողովուրդը դեռ պատրաստ չէր դրան։ Քիչ էր մնում մեռնեի. գնացել էինք «Նաիրի»-ում ցուցադրությանը, այդ օրն անձրեւ էր գալիս, ու մարդիկ չթրջվելու համար տոմս էին առել եւ մտել: Սկսեցին կեսից դուրս գալ (լռություն,-հեղ.), ոնց որ թքեին երեսիդ, ահավոր էր։ Բայց ժամանակը եկավ, որ հասկացան ֆիլմի իրական արժեքը: Այդ ծանր տարիներին էլ Բագրատն ու Հրանտը բարիշեցին, նա կնոջ հետ հաճախ էր գալիս մեր տուն, ինքներս էլ էինք գնում, որդուն՝ Դավիթին, շատ եմ սիրում: Հրանտը որոշեց հատուկ ինձ համար սցենար գրել, մեզ մոտ ոչ մի դերասանուհի նման պատվի չի արժանացել, որ կերպարը հատուկ իրենց համար ստեղծվի, այն էլ՝ նման հեղինակի կողմից: Այսպես ծնվեց «Տեր» ֆիլմը, որում խաղընկերս Խորեն Աբրահամյանն էր: Հրանտին ու Գալշոյանին շատ էի սիրում, իմ կարծիքով՝ Բակունցից հետո նրանք են եղել մեր լավագույն արձակագիրները։
- Իսկ ինչպե՞ս ստացվեց, որ «Աշնան արեւ»-ն աստիճանաբար մուտք գործեց կինոթատրոններ ու նաեւ մարդկանց կողմից ընդունվեց։
- Արգելքը հանվեց, ու սկսեցին ցուցադրել։ Առաջինը մերձբալթյան երկրներն արձագանքեցին եւ ինձ ու Բագրատին հրավիրեցին Լիտվա, այդ ի՜նչ շքեղ ընդունելության արժանացանք: Ապա «Սան Ռեմոյի» փառատոնին մեկնեցինք: Մինչեւ հիմա ինձ ճանաչում են որպես Աղուն, ընդ որում՝ հիմա ավելի շատ, քան այն ժամանակ։ Այդքան սպասումներս ու տանջանքներս իզուր չէին։
- Դուք հենց նկարահանումների ընթացքում ամուսնացաք Բագրատ Հովհաննիսյանի հետ:
- Ինձ հատուկ առաջարկություն չի էլ արել, ուղղակի տարել է իր տուն ու ներկայացրել հորը. «Պապա, ծանոթացիր, իմ կինն է»: Շշմած նայեցի իրեն, իսկ սկեսրայրս շատ լավ ու բարի մարդ էր, խաչ քաշեց երեսին ու ասաց. «Փառք Աստծո, իմ աչքեր փակողը մտավ տունս», ու այդպես էլ եղավ։
- Դուք ինչպե՞ս հասկացաք, որ անտարբեր չեք ռեժիսորի նկատմամբ։
- Աշխատելու ընթացքում անընդհատ հիստերիկ բաներ էր անում, թե ինչու սրան նայեցի, նրա հետ խոսեցի. ահավոր խանդոտ էր: Չէի հասկանում, թե ինձնից ինչ է ուզում։ Արդեն բավական նկարել էինք, երբ մի օր չափազանց նյարդայնացա ու սկսեցի ճամպրուկս հավաքել։ Մեր նկարիչ Գրիշային ասացի. «Մեքենայի հարցը լուծիր, ես գնում եմ, ով ուզում է, թող նկարվի։ Էլ չեմ կարող դրա հետ»։ «Լավ էլի, Ան, չե՞ս հասկանում, սիրում է քեզ»,- պատասխանեց, իսկ ես զարմացա. «Ո՞վ, էդ բիձե՞ն» (ծիծաղում ենք,-հեղ): Դե, մեծ էր ինձնից, նույն կերպ էլ մայրս արձագանքեց, երբ գնացինք մեր տուն՝ ծանոթանալու: Նրան զանգել ու զգուշացրել էի, որ ամուսնուս հետ եմ լինելու, դուռը բացեց, մեզ տեսավ ու ասաց. «Քոռանամ ես, էս բիձո՞ւ հետ ես ամուսնանում» (ծիծաղում ենք,-հեղ), այդ պահից սկսած Բագրատը մայրիկիս մի այլ ձեւ չսիրեց։
- Իսկ ի՞նչն էր նրա մեջ Ձեզ այդքան գրավել:
- Ես Բագրատին գնահատում էի, սուտ կլինի ասել՝ սիրել եմ, պարզապես գիտեի՝ արժանի ու շատ խելացի մարդ է (բերում է եւ նկարը ցույց տալիս,-հեղ.), շատ գեղեցիկ էր, բարձրահասակ, կարդացած։ Հորն ու աղջկան էլ եմ շատ ջերմ վերաբերվել, կինը մահացել էր, իսկ դուստրն ամենաբարդ տարիքում էր՝ 13 տարեկան, սկզբում ինձ շատ դժվար ընդունեց, բայց հետո լեզու գտանք, հիմա էլ նա իմ կյանքում կա:
- Ինչի՞ համար եք շնորհակալ ճակատագրին ու մասնագիտությանը:
- Այնքան հետաքրքիր մարդկանց եմ հանդիպել, լիովին գոհ եմ իմ կյանքից, եթե նորից ծնվեի, էլի այսպես կապրեի։ Ամբողջ կյանքում զբաղվել եմ իմ ամենասիրելի մասնագիտությամբ ու մինչեւ հիմա պահանջված եմ, դրանցի ավելի ի՞նչ կարող եմ ցանկանալ։ Միակ ցավալի բանն այն է, որ երեխա չեմ ունեցել, բայց այնքան ջերմություն եմ ստացել եղբորս երեխաներից ու Բագրատի աղջկանից, որ այդ բացը լրացրել են:
- Ունեցե՞լ եք յուրահատուկ խաղընկեր:
- Ամբողջ կյանքում խաղընկերս Արմեն Սանթրոսյանն է եղել, իմ խաչն է (ծիծաղում է,-հեղ), կյանքս կերել է: Նա ու Արայիկն իմ ամենամոտ ու լավ ընկերներն են։
- Դուք նաեւ սերիալներում ու գովազդում եք ակտիվորեն նկարվում:
- Չեմ կարող հանգիստ նստել, թեեւ հոգնում եմ, բայց երկար անգործ մնալ չեմ կարող։ Ինձ աշխատանք է պետք, քանի դեռ ոտքի վրա եմ, պետք է աշխատեմ։
-Իսկ երիտասարդների հետ աշխատել սիրո՞ւմ եք, ինչպիսի՞ն են նրանք։
- Ցավալի է, բայց երիտասարդները շատ անգրագետ են։ Տարիներ առաջ նկարվում էի մի տաղանդավոր տղայի՝ Անդրանիկի դիպլոմային աշխատանքում. «Խաղալիքներ» էր կոչվում: Միակ դերակատարն էի, մնացածը խաղալիքներ էին։ Այդ երեխաներն ինստիտուտն ավարտում էին, բայց ոչնչից գաղափար չունեին՝ գրականությունից, թատրոնի պատմությունից։ Անընդհատ խնդրում էին իմ տուն գալ, որ ինչ-որ բան պատմեմ կամ խորհուրդներ տամ։ Մեր թատրոն եկող երիտասարդ դերասաններն էլ լավն են, թեեւ գիտելիքի կարիք ունեն, ինստիտուտում ո՞վ է դասավանդում, մեկը լինի նրանց դաս տա։ Իսկ սերիալներում խաղընկեր երեխաները միշտ այնքան ջերմ ու հոգատար են իմ նկատմամբ, ես էլ իրենց եմ լավ վերաբերվում:
- Տիկին Անահիտ, ո՞րն է դերասանի աշխատանքի կարեւոր իմաստն ու ասելիքը։
- Հիմար մարդը չի կարող դերասան դառնալ, նախ պետք է խելոք լինի: Դատարկ աչքերով մարդը չի կարող դերասան համարվել, որքան էլ գեղեցիկ տեսք ունենա: Աննա Մանյանիի նման գեշ իսան չկար, բայց տաղանդավոր մարդ էր ու Աստծո կողմից ձիրք ուներ:
Անահիտ Ղուկասյանը
- Ինչպե՞ս եք սովորաբար նշում տոներն ու ինչպե՞ս եք պատրաստվում։
- Համարում եմ, որ աշխարհում երկու տոն գոյություն ունի՝ Նոր տարին եւ ծննդյան օրը։ Մինչեւ հիմա երկուսն էլ ակտիվ նշում եմ։ Անպայման բնական տոնածառ եմ առնում, որ հոտը գա, շատ լավ խաղալիքներ ունեմ, լույսերը վառում եմ ու միայնակ շնորհավորում տարվա գալուստը, իսկ հաջորդ օրվանից գալիս են հյուրերս։ Հաճույքով եմ պատրաստում, հատկապես տոլմայի բոլոր տեսակները՝ նախ սկսում եմ պասուցը փաթաթել, թատրոնի ժողովուրդն էլ է սիրում իմ կերակուրները։
- Բայց Դուք հաստատ շատակեր չեք:
- 50 տարուց ավելի է թատրոնում եմ աշխատում, բայց ինձ համար կարված առաջին զգեստները մինչեւ հիմա հանգիստ կարող եմ հագնել:
- Ինչպիսի՞ն են Ձեր թուլությունները։
- Գեղեցիկ հագուստ եմ սիրում, մեծ զգեստապահարան ունեմ եւ բոլոր ֆիլմերում ու գովազդներում իմ հագուստներով եմ նկարվում։ Բայց երբեք նորաձեւ չեմ եղել, փոխարենն իմ ոճն եմ ունեցել:
- Ի՞նչ է տարիքը Ձեզ համար:
- Ախմախ բան է տարիքը: Հանկարծ երբ վատ եմ զգում, մտածում եմ. «Կարո՞ղ է մեռնեմ»։ Այնպիսի խուճապ է սկսվում (ծիծաղում է,-հեղ), կյանքը չափազանց շատ եմ սիրում ու վախենում՝ հանկարծ չմեռնեմ։
- Իսկ ո՞րն է առավելությունը:
- Միայն, որ տեղ են տալիս, մնացածը թերություն է, որովհետեւ երիտասարդությունն ամեն ինչով է գեղեցիկ՝ կյանքն առջեւում է: Իսկ մեծն ասես փտած ծառ լինի, ժամանակին նա էլ է լավը եղել, նույնն էլ մարդու կյանքն է։
Անահիտ Ղուկասյանը
- Որո՞նք են Ձեր կյանքի ամենամեծ սերերը:
- Գիրքն ու ճանապարհորդությունները, բայց հիմա նոր սեր ունեմ՝ վայ, դրանից լավ բան չկա. թոռան երեխաներն են, գժվելու են, արդեն երկու ծոռնիկ ունեմ:
- Բա դասե՞րը:
- Ամբողջ կյանքն ու ամեն օրը դաս են, մեկ էլ զգում ես՝ ինչ սխալ ես արել, բայց առանց դրանց չէր լինի։
- Ափսոսանքը:
- Չունեմ, ինչ-որ կա, իմն է, ուրեմն՝ դա է ինձ Աստված պարգեւել։ Գոհ եմ կյանքից։
- Ի՞նչը կփրկի աշխարհը:
- Ժամանակին ինձնից շատ ավելի խելացի մարդիկ ասել են, որ գեղեցկությունը կփրկի, գուցե, բայց միեւնույն է՝ խելք էլ է պետք։
- Մեկ միտք, որ կուզեք հասնի մարդկանց։
- Սիրեք իրար, բարի եղեք, ոչ ոք իր հետ ոչ մի բան չի տարել, միայն բարությունն է, որ մնայուն է։
- Այսքան Ձեր մասին խոսելուց հետո ի վերջո ո՞վ է Անահիտ Ղուկասյանը։
- Մի կին, որն իրեն երբեք միայնակ չի համարել։ Վերջին հաշվով՝ երջանիկ կին։
Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: