×


«Միսս Տիեզերք 2023» մրցույթում հաղթել է Նիկարագուայի գեղեցկուհին

72-րդ «Միսս Տիեզերք» մրցույթի հաղթողը 23-ամյա Շեյնիս Ալոնդրա Պալասիոս Կորնեհոն է, որի շնորհիվ Նիկարագուան առաջին անգամ հաղթանակ է գրանցում հեղինակավոր մրցույթում:

Շեյնիսը լավագույնի տիտղոսին արժանացել է 84 երկրի միջեւ ծավալված պայքարի արդյունքում: Այս տարի կազմակերպիչները թույլ են տվել մասնակցել նաեւ մայրերին, այդ հնարավորությունից օգտվել են Գվատեմալայի եւ Կոլումբիայի ներկայացուցիչները: Հաղթանակի համար պայքարել է նաեւ տրանսգենդեր կին:


Նեպալից 23-ամյա Ջեյն Դիպիկա Հարեթը տարբերվել է մյուս մասնակիցներից, քանի որ նա գեղեցկության մրցույթներում ընդունված չափանիշներից դուրս է՝ 170 սմ հասակ ունի եւ կշռում է 80 կգ: Նա հայտնել է, որ ներկայացնում է ավելորդ քաշ եւ հորմոնային խնդիրներ ունեցող կանանց: Ինչպես նաեւ այս տարի առաջին անգամ մասնակից է ունեցել Պակիստանը, որը պոդիում է բարձրացել լողազգեստով:


«Միսս Տիեզերք»-ի հաղթող Կորնեհոն մեծացել է Նիկարագուայի մայրաքաղաք Մանագուայում, PR եւ հաղորդակցություն սովորել, խաղացել համալսարանի վոլեյբոլի թիմում, հիմա աշխատում է հեռուստատեսությունում: Նա դարձել է «Միսս Նիկարագուա  2016», «Միսս Նիկարագուա 2020», իսկ 2021 թվականի «Միսս Աշխարհ»-ում լավագույն 40-յակում ընդգրկվել:

CNN-ին տված հարցազրույցում Կորնեհոն պատմել է, որ ցանկանում է նմանվել 18-րդ դարում ապրած բրիտանացի փիլիսոփա եւ ֆեմինիստ Մարի Վոլսթոնքրաֆթին, որն օգնել է կանանց ինքնաարտահայտվել:


«Այսօրվա երեկոն նվիրում եմ իմ ներսի երեխային ու աղջիկներից յուրաքանչյուրին: Մեր երազանքները կհաղթահարեն բոլոր արգելքները, պետք է դրանց հետեւել վճռականությամբ, համառությամբ եւ կրքով»,- մրցույթում հաղթանակից առաջ ասել է Շեյնիսը:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին