×


«Սուպերմոդելների ծնունդը». ինչպես Պիտեր Լինդբերգի լուսանկարները փոխեցին նորաձեւության աշխարհը

Գերմանացի լուսանկարիչ Պիտեր Լինդբերգի շնորհիվ նորաձեւության աշխարհը հարստացել է յուրահատուկ նկարներով, իսկ դրանցում պատկերված մոդելները՝ դարձել համաշխարհային մեծության աստղեր:

Դեռ 1980-ականների կեսերին Լինդբերգը Condé Nast-ի խմբագիր Ալեքսանդր Լիբերմանին խոստովանել է, որ այնքան էլ չի հավանում Vogue-ի լուսանկարները, որոնցում հիմնականում հայտնվում են փետուրներով ու մուշտակներով կանայք, իսկ նա ոչ կատարյալ գեղեցկության կողմնակից էր:

«Տանել չէի կարողանում բոլոր այդ կանանց, որոնք ապրում էին իրենց հարուստ ամուսինների հաշվին»,- մի քանի տարի առաջ The Guardian-ին տված հարցազրույցում պատմել է լուսանկարիչը:


Այդ ժամանակ էլ Լիբերմանը նրան առաջարկել է սեփական մտահղացմամբ ֆոտոշարք իրականացնել եւ ցույց տալ իր նախընտրելի կնոջը: Այդպես 1988-ին ծնվել է Սանտա Մոնիկայի ծովափին արված հայտնի լուսանկարը, որում պատկերված են Լինդա Եվանգելիստան, Քերըն Ալեքսանդրը, Քրիստի Տարլինգտոնը, Էսթել Լեֆեբյուրը, Տատյանա Պատիցն ու Ռեյչել Ուիլյամսը: Մոդելները սպիտակ վերնաշապիկներով են, առանց հատուկ դիմահարդարման ու բնական սանրվածքով: Նկարն այդ տարիներին ամսագրերի առաջարկած լյուքս դասի մոդելների մասնակցությամբ խաղարկային ֆոտոշարքերի հակապատկերն էր:

Հենց այդպիսին Լինդբերդի պատկերացմամբ պիտի լինեին կանայք՝ հասարակ, անմիջական ու առանց լուրջ պատճառի էլ պարզապես երջանիկ:


Լուսանկարը հաջողություն ունեցավ, ու 1990 թվականին բրիտանական Vogue-ի գլխավոր խմբագիր Աննա Վինտուրն առաջարկեց եւս մեկ նման շապիկ նկարել: Այդ անգամ Լինդբերգի ֆոտոխցիկի օբյեկտիվում հայտնվեցին Նաոմի Քեմփբելը, Լինդա Եվանգելիստան, Տատյանա Պատիտցը, Սինդի Քրոուֆորդն ու Քրիստի Տարլինգտոնը:

1989-ի նոյեմբերի տաք առավոտյան 5 մոդելներ հանդիպեցին Նյու Յորքի կենտրոնական փողոցներից մեկում, որպեսզի Լինդբերգը նրանց լուսանկարի ամսագրի շապիկի համար:


Վարսահարդար Քրիստիանը, որը մասնակցել է նկարահանմանը, հիշում է, որ Լինդբերգն օգտագործել է «բարի, բայց վճռական մոտեցում», որպեսզի ստիպի տարբեր բնավորություններով 5 կանանց տեսախցիկի առաջ ընդունել իր նախընտրելի դիրքը: Լուսանկարչի եւ ոճաբան Բրանա Վոլֆի աշխատանքի արդյունքում է ստեղծվել նորաձեւության լուսանկարչության ուղենիշ համարվող նկարը:

Դեռ ամսագիրը չէր հասցրել տպագրվել, սակայն Vogue-ում արդեն համոզված էին, որ այն արտառոց է լինելու: «Femme de Siecle»-ում «Շապիկը ստեղծման փուլում է» անվանումով հոդված հրապարակվեց, ներկայացվեցին բեքսթեյջ կադրեր, որոնցից մեկում մոդելները գրկել են Լինդբերգին: Պարզվում է՝ աշխատելու ընթացքում լուսանկարիչը դրվագներից մեկում կտրուկ է արձագանքել, եւ մոդելները նրա սիրտը շահելու համար որոշել են գրկել նրան:

«Համարվում է, որ հենց այդ կադրի շնորհիվ են ծնվել սուպերմոդելները, սակայն այդքան էլ այդպես չէ: Այդ շարքի առաջին նկարն արել էի 1988-ին՝ ամերիկյան Vogue-ի համար: Սպիտակ վերնաշապիկներով շապիկով ամսագրի համարների մեծ մասը հայտնվեց աղբարկղերում, ու որոշեցի նորից փորձել նման բան ստեղծել: Նկարահանման համար ցանկացա մեկնել քաղաքի կենտրոն, սակայն ինձ խելագար համարեցին, քանի որ ամսագիրն այնտեղ տարածված չէր: Բայց ես Նյու Յորքի հենց այդ դաժան կողմն եմ սիրում, եւ կադրերն արեցինք Ուոլ սթրիթում»,- պատմել է լուսանկարիչը:

Առաջին անգամ նա Նյու Յորքում հայտնվել է 1970-ականներին՝ 30 տարեկանում: Դեռ այդ տարիքից ցանկացել է իմանալ, թե ինչու են ամերիկյան հայտնի ապրանքանիշները հենց իրեն՝ ազգությամբ գերմանացուն, են պատվիրում լուսանկարել գովազդային լուսանկարները: «Ոչ մեկը Նյու Յորքը չի տեսնում այնպիսին, ինչպիսին՝ Դուք: Բնակիչներն այլեւս չեն նկատում քաղաքը, նրանք չունեն ձեր հուզմունքը»,- պատասխանել են նրան:

Լինդբերգը հիշել է, որ նկարահանումները շատ ուրախ են անցել: Դիմահարդարը պետք է ժամաներ Փարիզից, սակայն նրա չվերթի հետ խնդիր է առաջացել, եւ ստիպված են եղել ուրիշին գտնել:


«Մոդելներն իսկական հեղափոխություն արեցին, նրանք այնքան թարմ էին, անկեղծ, ուրախ, կատակներ ու սուր հումորներ էին անում, շփոթվում: Լինդան միշտ այնքան պարզ ու վճռական էր, ոչ մեկին չէր հրում, պարզապես ինքն էր կենտրոնում հայտնվում: Տատյանան հետ քայլ էր անում, իսկ Քրիստին պարզապես կանգնում էր ու հիանալի երեւում: Նաոմին անհավանական էր, մինչ այդ էլ, հետո էլ նրա նման որեւէ մեկին այլեւս չհանդիպեցի: Դիմել են, որ ստեղծեմ նոր սերնդի սուպերմոդելների նման նկար, սակայն այդ գաղափարը երբեք կյանքի չկոչվեց, քանի որ հիմա կանայք բոլորովին ուրիշ են: Ժամանակի ընթացքում գեղեցկության մասին իմ պատկերացումները երբեք էլ չեն փոխվել. խոսքն ինքդ քեզ հավատարիմ լինելու մասին է, կատարյալ գծերը չէ, որ գեղեցկություն են ստեղծում, այլ՝ անհատականությունը»,- խոստովանել էր լուսանկարիչը:

2019 թվականին 74 տարեկանում կյանքից հեռացած լուսանկարչի արած հայտնի կադրով էլ, ինչպես շատերն են համարում, սկսվել է «սուպերմոդելների դարաշրջանը», քանի որ ամսագրի հրապարակումից հետո այդ կանանց կյանքը մեկընդմիշտ փոխվեց:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին