×


Անի Ավդալյան. «Երեւանի նորաձեւության շաբաթվա 3 օրերի ընթացքում իմ թիմի հետ 695 սանրվածք ենք արել»

Ամռանը Երեւանում կայացած նորաձեւության շաբաթը չափազանց կարեւոր ու պատասխանատու էր ոչ միայն կազմակերպիչների եւ դիզայներների, այլ նաեւ գեղեցկության ոլորտի մյուս մասնագետների՝ հատկապես վարսահարդարների ու դիմահարդարների համար:

Ոճաբան, վարսահարդար Անի Ավդալյանը, որի թիմին էլ վստահվել է աշխատել նորաձեւության շաբաթվա շրջանակում, BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է, թե ինչպես են 3 օրերի ընթացքում հասցրել 695 սանրվածք անել եւ որքան հաճելի էր հայտնվել միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում ու բազմաթիվ շնորհակալագրեր ստանալ կատարած աշխատանքի համար:

- Անի, Երեւանում նորաձեւության շաբաթվա անցկացումը մեծ ու կարեւոր իրադարձություն էր, Դուք ու Ձեր թիմն ինչպե՞ս պատրաստվեցիք դրան:

- Նորաձեւության շաբաթն իսկապես շատ կարեւոր էր եւ մասնակցում էին հայ դիզայներներ Հայաստանից ու արտերկրից: Առաջարկը ստանալուց հետո հանդիպեցինք Նորաձեւության եւ դիզայնի պալատի համահիմնադիր Վահան Խաչատրյանի ու նրա թիմի հետ, որպեսզի հասկանանք, թե ինչպես ենք աշխատելու: Նրանք նշեցին, որ մեզ շատ բարդ ստեղծագործական ընթացք է սպասվում, բայց միանգամից համաձայնեցի, քանի որ սիրում եմ նման պատասխանատու եւ պրոֆեսիոնալ վայրերում հայտնվել: Ապա դիզայներների հետ հանդիպումն է, որի ժամանակ էլ նրանցից յուրաքանչյուրը ներկայացրեց, թե հավաքածուներին համապատասխան ինչպիսի սանրվածքներ են ցանկանում ունենալ, հաշվի առան նաեւ իմ առաջարկները: Ամեն մանրուք միասին մանրակրկիտ քննարկել ենք:


- Ինչպե՞ս եք ընտրել սանրվածքներն ու ինչպե՞ս կարողացել ամեն ինչ հասցնել:

- Դիզայներներից ամեն մեկը հստակ պահանջներ ուներ, օրինակ՝ Արեւիկ Սիմոնյանին (Kivera Naynomis) 2 մետրանոց հյուսեր էին պետք, որոնք հագուստից երկար էին: Դրանք տեխնիկապես ու, առհասարակ, ամեն առումով էլ իրականացնելը բարդ էր: «Volta»-ն 30-40-ականների ոճով բավական ժամանակատար ռետրո սանրվածքներ էր ուզել, «Շադոյան» ապրանքանիշը՝ դասական, հավաքած մազեր, կոսերով սանրվածք, որոնք սրահում, սովորաբար, ստանում են 40 րոպեից մինչեւ 1 ժամում, ոմանց անգամ 1,5 ժամ է պետք լինում: Ու այդ ամենը հասցրել ենք նորաձեւության շաբաթվա 2-րդ օրը, որն ամենաբարդն ու հագեցածն էր: Դիզայներներից մեկը ցանկացել էր մետաղական մազակալներով սանրվածք՝ ամեն մոդելի գլխին պետք էր 30-40-ն ամրացրել, ինչի վրա շատ ժամանակ ծախսեցինք: «Ֆաինա»-ի մոդելները թաց մազերով էին, ունեցել ենք նաեւ երեկոյան ու տարբեր կրեատիվ սանրվածքներ:

Դրանք իմ կյանքի բարդագույն 3 օրերն էին, որոնք պատվով հաղթահարել ենք՝ ավարտից հետո պարզապես գոյություն չունեի, այնքան գերհոգնած էի: Ընթացքում շատ լարված էի, քանի որ կազմակերպչական բոլոր հարցերով եւս զբաղվել եմ, որպեսզի մասնագետներին ճիշտ հերթականությամբ բաշխեմ, մեկ օր առաջ բոլորի սանրվածքները ստուգեմ, ու ժամանակի առումով բացթողում չունենանք եւ որեւէ մեկի ելույթը չխափանենք:

- Իսկ քանի՞ ապրանքանիշի հետ աշխատեցիք այդ ընթացքում:

- Նորաձեւության շաբաթվա 3 օրերի ընթացքում իրենց զգեստները ցուցադրեցին 23 դիզայներներ, առաջին օրը 7 դիզայների ու բրենդի 261 մոդել էր ներկայացված: Հաջորդ օրն, ինչպես արդեն նշեցի, ավելի հագեցած էր՝ 11 դիզայներ ու 283 մոդել, ավարտական օրն ունեցանք 5 դիզայների ցուցադրություն ու աշխատեցինք 151 մոդելի հետ: Տարբեր հավաքածուների ցուցադրությունների ընթացքում ամենաշատը 20 րոպե ժամանակ ունեինք, բարդ էր այն առումով, որ գրեթե բոլոր մոդելները համագործակցում էին մյուս դիզայներների հետ ու նրանց սանրվածքները փոխելու համար ընդամենը 2-3 րոպե ունեինք:


- Որո՞նք են նորաձեւության շաբաթվա ընթացքում մազերի խնամքի ու հարդարման հիմնական պահանջները:

- Պահանջները շատ տարբեր են ու բարդությունը հենց դրանում էր: Դիզայներների հետ բոլոր սանրվածքները համաձայնեցնելուց հետո կանգնել էինք մեկ այլ փաստի առաջ՝ որոշ սանրվածքներ թաց մազերի էֆեկտով պետք է լինեին, ու այդ ցուցադրությունից անմիջապես հետո պետք էր չոր մազերով սանրվածքներ անել: Նմանատիպ տարբեր ու անհավանական հերթականությամբ խնդիրներ էին ի հայտ գալիս, որոնք կարողացանք հաղթահարել ու ամեն ինչ հասցնել:


- Քանի՞ մասնագետ էր ընդգրկված Ձեր թիմում, աշխատանքի բաժանումն ինչպե՞ս է արվել:

- Աշխատել են 11 հիմնական ու 3 օգնական մասնագետներ: Թիմը բավական լուրջ է պատրաստվել. ամեն ինչ համակարգված ու համարակալված էր եւ անհրաժեշտ էր գործել առանց բացթողումների: Դրա համար էլ մասնագետների հետ նախապես աշխատանք ենք տարել ու ամեն ինչ ներկայացրել՝ 3 օրերի ընթացքում ընդհանուր առմամբ 695 սանրվածք ենք արել: Թիմս շատ հզոր էր ու պրոֆեսիոնալ մակարդակով իրականացրեց այդ պատասխանատու աշխատանքը:


- Որքա՞ն կարեւոր փորձ էր Ձեզ համար նորաձեւության շաբաթվան մասնակցելն ու ո՞րն եք համարում ամենամեծ ձեռքբերումը:

- Նորաձեւության շաբաթը մեծ կարեւորություն ուներ ինձ համար, քանի որ դեռ 23-24 տարի առաջ, երբ ես 16-18 տարեկան էի, նմանատիպ միջոցառում էլի էինք ունեցել այստեղ՝ «ԱՏԵՔՍ» նորաձեւության կենտրոնի տնօրեն Կարինե Դնոյանն էր կազմակերպել հայ դիզայներների համար առաջին ցուցադրությունը: Այդ ընթացքում աշխատել եմ Արամ Նիկոլյանի, Արեւիկ Սիմոնյանի ու Միկա Դանիելյանի հետ: Միշտ սիրել եմ նման ցուցադրություններն ու դրանք իմ կյանքում կարեւոր դեր են ունեցել, քանի որ նման մասնագիտական փորձ ոչ մի այլ տեղ չես կարող ձեռք բերել: Բացի այդ էլ, անհավանական ադրենալին ես զգում, որը դժվար թե որեւէ այլ միջոցառման ժամանակ զգաս, մասնագիտական այնպիսի աստիճանի ես բարձրանում, որից հետո ամեն ինչ իրականացնելը քեզ համար խաղ ու պար է դառնում: Երբ քեզ վստահված անհնարին գործը հաջողությամբ ես անում, էլ ոչնչից չես վախենում: Իսկ մեր նորաձեւության շաբաթը շատ զանգվածային էր, եւ դիզայներների թիվը մեր նախնական պայմանավորվածությունից նույնիսկ ավելի էր: Ուրախալի է, որ տաղանդավոր մարդիկ շատ էին, բոլորն էլ ինձ համար յուրահատուկ էին ու հետաքրքիր իրենց մտահղացումներով եւ մտահորիզոնով:


- Ինչպիսի՞ արձագանքներ ու գնահատականներ ստացաք, այդ թվում՝ արտերկրից, քանի որ միջազգային լրատվամիջոցներից էլ բավական ներկայացուցիչներ էին ներկա:

- Կազմակերպիչներից շնորհակալության արժանացանք, գովեստի խոսքեր լսեցինք հենց դիզայներներից, նրանք վստահեցրին՝ աշխատել ենք համաշխարհային չափանիշներին համապատասխան ու նույնիսկ՝ ավելի լավ: Ցուցադրություններին ներկա էին նորաձեւության ոլորտի բազմաթիվ դեմքեր ու միջազգային մամուլի ներկայացուցիչներ (FAULT, Le Mile,Vanity Teen, Special Arabia, Osservatorio Balcani e Caucaso Transeuropa, Marie Claire Arabia, Buro247me, L'OFFICIEL Italia, Vogue Italia), որոնք իրենց հրապարակումներում եւս անդրադարձել են մեր կատարած աշխատանքին:


- Որքա՞ն կարեւոր էր, Ձեր կարծիքով, նորաձեւության շաբաթվա անցկացումը Երեւանում ու ի՞նչ կտա ոլորտի զարգացմանը:

- Շատ եմ սիրում այս ասպարեզն ու կարեւորում եմ ոչ միայն այն ամենն, ինչ կապված է վարսահարդարման հետ. նախ պետք է հագուստն ու վերջնական տեսքը տեսնեմ, որպեսզի կարողանամ ստեղծել սանրվածքը: Երեւի, հենց դրանում է իմ հաջողության գաղտնիքը: Երեւանի նորաձեւության շաբաթն իմ կյանքում եւս մեկ փորձություն էր, որը հաղթահարեցի, բայց այս անգամ դա արեցի իմ մեծ թիմի հետ, որին խորին շնորհակալություն եմ հայտնում: Ինձ հետ այն վստահելի կորիզն էր աշխատում, համոզված էի՝ ամեն ինչ կկարողանան հուսալիորեն անել: Վայրկյանների ընթացքում սանրվածք են փոխել՝ թաց մազից չորը ստացել, ու հակառակը, կարճ ժամանակում նոր սանրվածքներ արել, ինչն անհավանական էր:


Թիմի ջանքերով ենք ամեն ինչ հաջողել, բոլորը սովորել են ու հմտացել ինձ մոտ եւ աշխատել բացառապես իմ հեղինակային մեթոդներով, որոնք թույլ են տալիս երբեմն անհավանական աշխատաքներ ստանալ: Բարեբախտաբար, միշտ ամուր թիկունք եմ ունեցել, որն ամեն օր աջակցում է ինձ, ունեմ նաեւ այլ սրահներում աշխատող աշակերտներ, որոնք ցանկացած միջոցառման ժամանակ կողքիս են: Բոլորի շնորհիվ նման մեծ արձագանքների եւ շնորհակալությունների արժանացանք: Վերջում Վահան Խաչատրյանը նույնիսկ խոստովանեց, որ մենք անթերի ենք գործել: Կազմակերպչից նման բարձր գնահատական ստանալը շատ հաճելի էր: Ես էլ ինձնից գոհ եմ, որ պատվով եմ կատարել այդչափ պատասխանատու առաքելությունը:

Լուանկարները՝ Անի Ավդալյանի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին