×


Ատոմ Էգոյանը՝ հայկական ֆիլմարտադրության եւ իր երազանքի մասին

Կանադահայ կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Ատոմ Էգոյանը լիահույս է հայկական կինոյի «նոր ալիքի» եւ նոր սերնդի կինոգործիչների հարցում: Screen Daily կինոամսագրին տված հարցազրույցում նա խրախուսել է միջազգային նախագծեր իրականացնողներին դիտարկել Հայաստանը ֆիլմերի հետարտադրության (post-production) համար:

Էգոյանը Հայաստանը բնութագրել է որպես տոկուն երկիր՝ հարուստ կինոպատմությամբ:

Կինոռեժիսորն այստեղ ֆիլմարտադրության ներուժ է տեսնում, վստահ է՝ Հայաստանն իր տաղանդներին կցուցադրի աշխարհին՝ օրինակ բերելով Մայքլ Գյուրջյանի «Ամերիկացի» ֆիլմը՝ հայկական արտադրության առաջին կինոնկարը, որն այս տարի անցել էր «Օսկար»-ի կարճ ցուցակի երկրորդ փուլ:

Էգոյանը նախատեսում է մասնակցել Երեւանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին՝ իր լավատեսությունը հայտնելով Հայաստանի կինոարտադրության զարգացման հարցում։

Էգոյանը կոչ է արել գլոբալ հակամարտությունների առանցքում ավելի լավ տեղեկացվել Հայաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ. «Ամեն անգամ, երբ ինձ խնդրում են մեկնաբանել, թե ինչ տեղի է ունենում որեւէ այլ երկրում, որպես հայ՝ ես ասում եմ. «Գիտե՞ք, որ 200,000 հայերի էթնիկ զտում է եղել։  Այս ողբերգության մասին շատերը չգիտեն, եւ մեր անելիքը՝ որպես պատմություն ներկայացնողներ, դրանք մարդկանց հասանելի դարձնելն է, այլ ոչ թե կասկածելի օրակարգերի ազդեցության տակ ընկնելը»:

Դոհայում իր վարպետության դասի ժամանակ Էգոյանն անդրադարձել է արհեստական բանականության ազդեցությանը ֆիլմարտադրության վրա. «Ես կարող եմ զվարճանալու համար փորձել դա, բայց գիտեմ, որ այն լիարժեք չի ներկայացնի իմ մտքերի յուրօրինակությունը։ Միեւնույն ժամանակ, ԱԲ-ն շատ է օգնելու վնասված ֆիլմերի վերականգնմանը, ինչը հրաշալի է»։

Ատոմ Էգոյանը, որը օպերաներ բեմադրելու փորձ ունի, երաժշտական ֆիլմ նկարահանելու ցանկություն ունի՝ ոգեշնչված Էնդրյու Լլոյդ Ուեբերի «Հիսուս Քրիստոս գերաստղ» ֆիլմի հանդեպ ունեցած սիրուց։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին