×


Արմինե Օհանյան` Փարիզի նորաձեւության հայկական նոր դեմքը

Փարիզաբնակ դիզայներ Արմինե Օհանյանի ստեղծած հագուստները տարբերվում են իրենց էսթետիկությամբ եւ նորագույն տեխնոլոգիական լուծումներով։ Երեւանի գեղարվեստի ակադեմիայի հագուստի մոդելավորման բաժնի շրջանավարտն արդեն մի քանի տարի է` ապրում ու աշխատում է նորաձեւության աշխարհի կենտրոնում։ Ֆրանսիայում նա իր առաջին քայլերն արել է Լիոնի գեղարվեստի դպրոցում, այնուհետեւ սովորել է Փարիզի նորաձեւության դպրոցներից մեկում։ 

2016 թվականին դիզայների «Métamorphose» հավաքածուն ճանաչվել է «E-Fashion Awards»-ի հաղթող.«Չէի կարծում, որ կարող եմ հաղթել եւ նման արձագանքներ ստանալ, հատկապես նորաձեւության մայրաքաղաք Փարիզում»,-BRAVO.am-ի հետ զրույցում անկեղծացել է Արմինեն։

Արմինե Օհանյանը


Նա արդեն իսկ մասնակցել է հեղինակավոր նորաձեւության շաբաթների եւ չի վրիպել հայտնի «Վոգ» ամսագրի ուշադրությունից։ Բրենդի՝ համաշխարհային շուկայում կայացման ու զարգացման գործում Արմինեին օգնում է ֆրանսիացի ամուսինը, ով հանդիսանում է նաեւ նրա PR մենեջերը։ 

BRAVO.am-ի հետ զրույցում փարիզաբնակ հայ դիզայները պատմել է իր անցած մասնագիտական ուղու, հաջողությունների, ոգեշնչման աղբյուրների ու ապագա ծրագրերի մասին։ 

- Արմինե, վաղ անցյալ վերադառնանք. ինչպե՞ս տարվեցիք նորաձեւությամբ։ Ինչո՞վ գրավեց Ձեզ այդ աշխարհը։ 

- Նորաձեւության հանդեպ սերը ծնվել է մանկուց, երբ վեց տարեկանում սկսեցի հաճախել արվեստի դպրոց։ Սկզբում, իհարկե, ինձ ոչ թե նորաձեւությունն էր ոգեշնչում, այլ արվեստը։ Ես անընդհատ նկարում էի, եւ մանկության ամենավառ հիշողություններս կապված են նկարչության ու արվեստի հետ։ Դեռ փոքրուց գիտեի, որ ուսումս արվեստի ոլորտում եմ շարունակելու։ Ծնողներիս աջակցությամբ, ովքեր լրջորեն հետեւում էին իմ առաջընթացին, ընդունվեցի Գեղարվեստի ակադեմիա։ Այնտեղ էլ իմ հետագա հաջողությունների եւ գեղագիտական ճաշակի ձեւավորման հիմքը դրվեց։

-Վերջերս Փարիզի նորաձեւության շաբաթվա շրջանակում ներկայացրել եք Ձեր «Evolution» հավաքածուն։ Ինչքա՞ն ժամանակում եք այն ստեղծել։ Ինչի՞ց եք ոգեշնչվել։ 

-Հավաքածուն ստեղծել եմ շատ արագ՝ մեկուկես ամսվա ընթացքում: Այն ոգեշնչված է բնությունից. ներկայացնում է խոր եւ ցրտաշունչ ձմռան անցումը դեպի գարուն, երբ բնությունը նոր շունչ ու գույներ է ստանում։ 

-Ինչպիսի՞ արձագանք ունեցավ այդ հավաքածուն։ 

-Արձագանքներն, իհարկե, անսպասելի էին։ Տարբեր ամսագրերի հետ համագործակցելու առաջարկներ ստացա, «Վոգ» ամսագրի կայքում հայտնվեցի, այնուհետեւ Կանադայում մասնակցեցի Վանկուվերի նորաձեւության շաբաթին, իմ անձնական ցուցադրությունը կազմակերպելու առաջարկ ստացա Փարիզի սրտում գտնվող ամենահայտնի գիշերային ակումբներից մեկում՝ VIP ROOM-ում, եւ այլն։ Արձագանքներն իսկապես տպավորիչ էին։

Արմինե Օհանյանի «Evolution» հավաքածուից


-Ավելի մանրամասն խոսենք հավաքածուից: 

-Քանի որ հավաքածուն ոգեշնչված է բնությունից, էվոլյուցիան ներկայացված է բնության տարբեր եղանակների անցման միջոցով։ Յուրաքանչյուր սիլուետ ներկայացնում է բնության որոշակի տարր (սառույց, բյուրեղացում, ձյուն եւ այլն)։ Եղանակային փոփոխություններն ու անցումները ցույց եմ տվել հատուկ էֆեկտների, տեքստիլ դիզայնի, ֆորմաների ու գույների միջոցով։ Կտորների մեծամասնությունը ստեղծել եմ հատուկ տեխնոլոգիաների միջոցով եւ ամբողջովին ձեռքի աշխատանք են։ 

-Բնությունն ու եղանակային փոփոխությունները հետաքրքիր ձեւով եք մեկնաբանում:

-Բնության ուժն անսպառ է։ Այն անընդհատ շարժման մեջ է, որի ընթացքում յուրաքանչյուր էակ վերածվում է բնության մի տարրի։ Այս շրջապտույտն անընդհատ էվոլյուցիայի է ենթարկվում՝ իր հետ կերպարանափոխելով մեզ շրջապատող յուրաքանչյուր շնչող էակ։ Եղանակային փոփոխությունները նոր ուժ ու երանգ են ստանում։ Սառը, խորաշունչ ձմռան սպիտակ շղարշը ձյան տեսքից դանդաղորեն վերածվում է սառույցի, ենթարկվում բյուրեղացման, այնուհետեւ արեւի ուժից հալվելով՝ ազդարարում է գարնան նոր զարթոնքը՝ սկիզբ դնելով տարբեր բույրերին, գույներին ու թեթեւությանը։ Սա է իմ «Էվոլյուցիա» հավաքածուի փիլիսոփայական մոտեցումը։ 

-Դուք միաժամանակ ստեղծում եք եւ կանանց, եւ տղամարդու հագուստի հավաքածուներ։ Ի՞նչ առանձնահատկություններ կան։ Հե՞շտ է միաժամանակ երկու սեռի հագուստ ստեղծել։ 

-Շատերն են ինձ հարցնում` արդյոք դժվար չէ։ Իրականում ես շատ գաղափարներ ունեմ, ամեն անգամ, երբ նոր հավաքածու եմ ստեղծում, երեւակայությունս այնքան մեծ է, որ չեմ կարողանում սահմանափակվել միայն կանացի կամ տղամարդու հագուստ ստեղծելով։ Արդյունքում ինձ համար ավելի հեշտ է երկու սեռի հագուստ ստեղծել։ Կանանց հագուստներն ավելի նուրբ են, փխրուն, մինչդեռ տղամարդու հագուստի դեպքում ավելի ուժեղ եւ ինքնավստահ մարդու կերպար եմ ներկայացնում։

Արմինե Օհանյանի «Evolution» հավաքածուից


-Խոսենք Ձեր հաճախորդների մասին։ Ովքե՞ր են նրանք։ Գները մատչելի՞ են միջին վիճակագրական սպառողի համար։

-Դեռեւս անհատական պատվերներ եմ իրականացնում, բայց սեպտեմբերից բրենդը կներկայացվի համաշխարհային տարբեր շոուռումերում, այդ թվում` Նյու-Յորքում, Տոկիոյում, Միլանում, Փարիզում, եւ արդեն վաճառքի դուրս կգա։ Գները մատչելի չեն, քանի որ ես ստեղծում եմ Haute Couture հագուստներ, հետեւաբար, ձեռքի աշխատանքը գերակայում է եւ ավելի թանկարժեք են, քան Prêt-à- porter որեւէ բրենդի հագուստ։ Հաճախորդներս հիմնականում արվեստի աշխարհի ներկայացուցիչներ են՝ դերասաններ, արվեստագետներ, երգիչներ, բլոգերներ։  

-Ըստ Ձեզ, ինչպիսի՞ն է այն կինն ու տղամարդը, ով կրում է Ձեր բրենդի հագուստը։ 

-Կարող եմ ասել, որ նա ինքնատիպ ու ստեղծագործ մարդ է, ով ունի իր ուրույն ոճն ու ցանկանում է տարբերվել։  

-Դուք անձամբ ինչպիսի՞ հագուստ եք նախընտրում։ Կրո՞ւմ եք ձեր ստեղծած զգեստները։ 

-Ես ավելի շատ մինիմալիստական հագուստ եմ կրում, երբեմն նաեւ իմ ստեղծած հագուստներից՝ հատուկ առիթների դեպքում։ 

-Արտերկրից կա՞ն հայտնի մարդիկ, ում հետ համագործակցում եք։ 

-Համագործակցության առաջարկներ շատ կան։ Վերջերս Լոնդոնում շոուռումի մասնակցեցի եւ շատ առաջարկություններ ստացա։ Դեռեւս չեմ ցանկանում խոսել, շուտով կտեղեկացնեմ վերջին համագործակցություններիս մասին։

Արմինե Օհանյանի «Evolution» հավաքածուից


-Ապրում եւ ստեղծագործում եք նորաձեւության աշխարհի կենտրոնում։ Հե՞շտ է այդտեղ կայանալ։ Ի՞նչ դժվարությունների եք հանդիպում։ 

-Այստեղ մրցակցությունը շատ մեծ է, եւ միայն տաղանդի առկայությունը շատ քիչ է համաշխարհային նորաձեւություն մուտք գործելու համար։ Մարքեթինգի եւ PR մենեջերի դերն ահռելի է եւ նորաձեւության շուկա հասկացողության անբաժան մասն է, քանի որ ամեն դեպքում պետք է հաշվի առնել ու համակերպվել ոլորտի կանոնների հետ։ Նորաձեւության մայրաքաղաքում կայանալու համար մեծ ջանքեր են պահանջվում, իսկ հնարավորության առկայությունը եւս մեծ դեր ունի այս դեպքում։ 

-Ապագայի համար ի՞նչ պլաններ կան։ Հայաստանում ցուցադրություն ունենալու մասին չե՞ք մտածում։ 

-Շատ եմ ցանկանում Հայաստանում իմ անհատական ցուցադրությունն ունենալ։ Կան ծրագրեր, սակայն մինչ այդ սեպտեմբերին Երեւանում կլինեմ եւ կներկայացնեմ իմ նոր հավաքածուն Oriflame Fashion Show-ի շրջանակում։ 

Զրուցեց Գոհար Արամյանը/Bravo.am/
Լուսանկարները` Արմինե Օհանյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին