×


Ինչպես հանգուցալուծվեց գեղեցկուհիների միջեւ ծագած խնդիրը

«Միսս Տիեզերք 2019» մրցույթում Հայաստանի մասնակից Դայանա Դավթյանի՝ տարազով բեմելը վերջին օրերին բուռն քննարկվում էր համացանցում: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում կողմերը պարզաբանեցին իրավիճակն ու մեկնաբանեցին իրենց գրառումները:

Արձագանք քննադատություններին

«Միսս Տիեզերք Արմենիա» եւ «Միսս Աշխարհ Արմենիա» մրցույթների ազգային տնօրեն Գոհար Հարությունյանը նախ եւ առաջ մեկնաբանեց «Միսս Տիեզերք 2019» մրցույթում ներկայացված, դիզայներ Վերա Սմբատի հեղինակությամբ կարված տարազի ընտրությունն՝ արձագանքելով ազգագրագետների եւ սոցցանցային օգտատերերի քննադատություններին:

Գոհար Հարությունյանը


«Այդ փուլում ազգային տարազով ներկայանալը պարտադիր չէ: Հագուստը կարող է պարունակել ազգային դետալներ: Օրինակ՝ Չիլիի մասնակիցը ներկայացել է կեռասի ծառ խորհրդանշող զգեստով, քանի որ այնտեղ կեռասի մեծ արտադրություն կա, իսկ Կանադայի մասնակիցը կանեփի տերեւներով հովհարով է եղել՝ ի նշան մարիխուանայի օրինականացման»,- մանրամասնեց նա:

Գոհար Հարությունյանի խոսքով՝ եթե անգամ քննադատները լավ տիրապետում են ազգային տարազի մասին տեղեկատվությանը, չեն կարող քննադատել ներկայացված հագուստը, քանի որ տեղեկացված չեն մրցույթի պայմաններից եւ չափորոշիչներից: Նա հավելեց, որ ներկայացված հագուստում ազգայինն արտացոլվել է աքսեսուարներում, եւ մանրամասն տրվել է դրանց բացատրությունն ու խորհրդանիշը:

Փոխադարձ մեղադրանքների պարզաբանում

Գոհար Հարությունյանը նշեց, որ տարազը նախապես հավանության են արժանացրել բոլոր կողմերը, իսկ հասարակության բացասական արձագանքը բոլորովին անսպասելի էր: Թերեւս դա է դիզայների, Դայանա Դավթյանի եւ Գոհար Հարությունյանի միջեւ ծագած խոսակցությունների պատճառը, որն էլ դարձավ հանրային:

Գոհար Հարությունյանը եւ Գայանե Մանուկյանը


Դայանա Դավթյանը խոսեց սոցիալական ցանցի իր էջում կատարած գրառման մասին, որում արձագանքել էր զգեստի դիզայներ Վերա Սմբատիի կողմից իր հասցեին հնչած մեղադրանքներին՝ նշելով զգեստի անհարմարության, սանրվածքի, առանց ժպիտի ներկայանալու պայմանավորվածության եւ այլ խնդիրների մասին: Արձագանքելով Գոհար Հարությունյանի այն դիտարկմանը, որ մրցույթներից հետ նման հրապարակային գրառումները մրցույթի պայմանների խախտում են, նա նշեց, որ գրառմամբ ցանկացել է բացատրել տարածված սխալ տեղեկավտությունը՝ առանց մրցույթը վարկաբեկելու միտումի:

«Ինձ համար, իհարկե, տխուր փաստ էր այն, որ տարազի վերաբերյալ խիստ քննադատություններ հնչեցին, սակայն դրանք իմ անձի շուրջ չէին, եւ ես գոհ էի իմ ելույթից: Հետո եղան դիտարկումներ, որոնցով փորձ արվեց մեղքը բարդել ինձ վրա՝ քննադատությունները բացատրելով իմ կողմից տարազի վատ ներկայացմամբ, իսկ դա այդպես չէ»,- նշեց նա:

Գոհար Հարությունյանը պարզաբանեց, որ տեղեկացված չի եղել դիզայների եւ Դայանայի այն պայմանավորվածությունից, թե նա պետք է լուրջ ներկայանա: Նրա խոսքով՝ մասնակիցը իր ելույթով կարող է տեսք հաղորդել հագուստին, եւ ժպիտն ունի կարեւոր նշանակություն:

Դայանա Դավթյանը


Հասարակությունը չի աջակցում

Գահոր Հարությունյանին հատկապես հիասթափեցնում է այն, որ մրցույթներն անդադար վատաբանվում են հասարակության կողմից: Նրա խոսքով՝ երբ տարվում էին մրցույթի նախապատրաստական աշխատանքները, այնպիսի տպավորություն էր, թե մրցույթը ոչ ոքի առհասարակ չի հետաքրքրում:

«Այս մրցույթները երկրների պայքար են: Հաղթում են այն երկները, որտեղ հասարակությունը համախմբած է եւ ամենաշատն է սատարում աղջիկներին: Երբեւիցե տիտղոսի չի արժանանա այն երկիրը, որտեղ ժողովուրդը գեղեցկուհու կողքին չի կանգնում»,- ասաց նա:

Գոհար Հարությունյանը հավելել է, որ Դայանա Դավթյանը թագից չի զրկվի: Կողմերը հաշտվել են եւ չնայած ծավալված բացասական քննարկումներին՝ դրական հետեւանք եւս եղավ.
«Ստացել ենք շատ առաջարկներ ինչպես տարազի եւ այլ հագուստների պատրաստմանն աջակցություն ցուցաբերելու, այնպես էլ աղջիկների վերապատրաստման, լուսանկարահանումների վերաբերյալ: Այն մարդիկ, որ պատրաստ կլինեն մեզ սատարել, կներգրավվեն հաջորդ տարվա աշխատանքներում»:

Ձեռքբերումների մասին

Ասուլիսին ներկա էր նաեւ Լիանա Ոսկերչյանը, որ վերջերս Հայաստանը ներկայացրել է «Միսս աշխարհ 2019» գեղեցկության մրցույթում: Նա խոսեց իր հաջողության՝ «Միսս Աշխարհ տաղանդ»-ի լավագույն հնգյակում լինելու մասին:

Լիանա Ոսկերչյանը


Լիանան նշեց՝ հպարտ է, որ կարողացել է նպաստել ազգային նվագարանի՝ քանոնի նկատմամբ միջազգային հետաքրքրության բարձրացմանը՝ ներկայացնելով այն մրցույթում: Նա նաեւ անդրադարձավ իր մաշկային խնդրին եւ դրա մասին բարձրաձյանելու որոշմանը:

«Սկզբում վախենում էի խոսել հիվանդության մասին, հետո խորհրդակցեցի Գոհար Հարությունյանի հետ: Հասկացա, որ սա լավագույն հարթակն է խնդրի մասին բարձրաձայնելու համար: Արդեն իսկ լինելով տիտղոսակիր գեղեցկուհի՝ կարող եմ շատերի համար օրինակ դառնալ եւ օգնել ձերբազատվել բարդույթներից»,- նշեց նա:

Գեղեցկուհին հավելեց, որ թեեւ սկզբնական շրջանում վախենում էր հասարակության արձագանքից, սակայն դրանք դրական էին եւ ոգեւորիչ:

Տեքստը՝ Գայանե Ենոքյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW