×


«Մարդկանց հայացքներն ու վերաբերմունքը շատ էին ցավեցնում». Լիանա Ոսկերչյանը խոսել է իր հիվանդության մասին

Լիանա Ոսկերչյանն այս օրերին Լոնդոնում է՝ մասնակցելու «Միսս աշխարհ 2019» գեղեցկության մրցույթին: Օրեր առաջ մեզ հետ զրույցում նա ասել էր, որ այնտեղ իր մասին գաղտնիք է բացահայտելու, որի մասին լռել է երեք տարի: Խոսքն իր մաշկի խնդրի` վիտիլիգո կոչվող հիվանդության մասին է: BRAVO.am -ի հետ զրուցում Լինան անկեղծացել է ու պատմել հիվանդության հայտնաբերման, հասարակության վերաբերմունքի ու սկզբնական բարդ շրջանը հաղթահարելու մասին:

Բուժում չկա

Վիտիլիգոն իմ դեպքում ձեռքբերովի է. ծնողներիցս ոչ մեկը չունի: Ամբողջ աշխարհում դեռեւս չեն հայտնաբերել հիվանդության առաջացման պատճառները. կարող է փոխանցվել գենետիկորեն կամ առաջանալ սթրեսից: Չկա նաեւ բուժում: Իհարկե, կան դեղեր, սակայն դեղեր պատրաստող ընկերությունները չեն երաշխավորում դրանց արդյունավետությունը: Դեղերը կարող են ոչ միայն չօգնել, այլեւ՝ վնասել:



Այդ օրը

Երեք տարի առաջ`17 տարեկանում, մաշկիս վրա փոքրիկ, աննշան հետքեր հայտնաբերեցի: Ամառ էր, ու կապեցի արեւի հետ, սակայն անցավ ժամանակ, իսկ հետքերը չանցան: Գիտեի վիտիլիգոյի մասին գրեթե ամեն ինչ, բայց մտքովս էլ չանցավ, որ դա է: Մայրիկիս հետ բժշկի էինք գնացել, բայց ոչ ինձ համար: Խոսքի մեջ մայրս պատմեց բժշկուհուն, որ նշաններ, հետքեր ենք նկատել: Հենց նա էլ առաջարկեց մաշկաբանի դիմել: Վերջինս ասաց՝ վիտիլիգո է: Հազիվ էի զսպում արցունքներս, որովհետեւ գիտեի՝ բուժում չկա: Այդ օրը փոխեց ինձ:

Մարդկանց վերաբերմունքը

Շատ բարդ էր հաղթահարել առաջին մեկ տարին: Երբ քնում էի, չգիտեի՝ առավոտյան ինչ տեսքով կարթնանամ: Հետքերը կարող էին մեկ գիշերվա մեջ զգալիորեն շատանալ: Մարդկանց հայացքներն ու վերաբերմունքը շատ ցավոտ էր: Ավտոբուսում իմ կողքին չէին նստում, խանութում վաճառողը փորձում էր չկպնել ձեռքիս, վարսահարդարը խորհուրդներ էր տալիս՝ ինչպես բուժել: Բոլորը մտածում էին՝ վարակիչ է: Ես չէի սիրում իմ տեսքն ու վիտիլինգոն, որի պատճառով հասարակությունն ինձ հետ այդպես էր վարվում:

Լիանա Ոսկերչյանը՝ Լոնդոնում


Համակերպման փուլը

Քիչ-քիչ սկսեցի համակերպվել: Շատ էի դիտում վիտիլիգոյով մարդկանց պատմություններ: Ոչ ոք առանց արցունքների չի կարողանում խոսել իր խնդրի մասին, որովհետեւ բոլորին էլ ծաղրել են, բոլորն էլ զգացել են հասարակական ճնշումը:  Հոլովակներում շատերն են ասում, որ չեն ուզում ամուսնանալ, քանի որ իրենք գեղեցիկ չեն: Հիմա այդ տենդենցը կոտրելու համար շատ քայլեր են ձեռնարկվում: Ես էլ իմ այս քայլով փորձեցի ինչ-որ չափով ընդառաջ գնալ այն մարդկանց, ովքեր իմ իրավիճակում են:

Մասնակցություն գեղեցկության մրցույթին

Մասնակցեցի՝ ինքս ինձ ապացուցելու համար, որ կարող եմ: Ստացա տիտղոսն ու որոշեցի՝ հիմա հենց այն պահն է, որ պետք է խոսեմ այս խնդրի մասին: Նույնիսկ իմ բարեկամներից ու ընկերներից շատերը չգիտեին մաշկիս խնդրի մասին: Չէի ուզում՝ շատ մարդիկ իմանան, որովհետեւ բոլորի հարցերն ինձ նեղացնում են: Ինձ համար հեշտ չէր այս մասին խոսելը: Երբ հոլովակը ցուցադրում էին, արցունքերս հազիվ էի զսպում:

«Սիրեք ինքներդ ձեզ»

Եթե իմ քայլը թեկուզ մեկ մարդու օգտակար լինի, շատ երջանիկ կլինեմ: Վիտիլիգոյով մարդկանց խորհուրդ կտամ սիրել իրենց: Եթե տարբերվում ես, չի նշանակում՝ տգեղ ես: Դու կարող ես ունենալ վիտիլիգո, լինել ցածրահասակ, ունենալ մաշկի մուգ կամ բաց գույն եւ լինել գեղեցիկ: Եթե սիրեք ինքներդ ձեզ, բոլորն էլ կընդունեն ու կսիրեն: Մարդկանց արձագանքները հոլովակից հետո շատ են ոգեւորում: Ծանոթ-անծանոթները տասնյակ նամակներ են գրում, որոնք կարդալիս հուզվում եմ: Շնորհակալ եմ, որ կողքիս եք. ես ձեզնով եմ ուժեղ:

Զրուցեց Մարիամ Խաչատրյանը/Bravo.am/
Լուսանկարները` Լիանա Ոսկերչյանի արխիվից եւ M.G. Studio-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport