×


Պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանը

Ինչպիսին կլինի «Ծիծեռնակ 2018»-ի շուոն, ովքեր են ժյուրիի կազմում եւ ինչու քննարկվեց արձանիկը

Օրեր անց՝ մարտի 31-ին, Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա տարվա ամենասպասված երաժշտական իրադարձություներից մեկը: Հայ երգարվեստի բազմաթիվ ներկայացուցիչներ, անհատ կատարողներ, խմբեր, երաժիշտներ հանդես կգան «Ծիծեռնակ» ազգային երաժշտական մրցանակաբաշխությանը, որն ացկացվելու է երկրորդ տարին անընդմեջ: Թե ինչ է սպասվում միջոցառման ծրագրում, ինչ ժանրերում են հանձնվելու մրցանակները եւ ովքեր են ժյուրիի կազմում, BRAVO.am-ը պարզել է «Ծիծեռնակ 2018»-ի պրոդյուսեր, Գյումրու դրամատիկական թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանի հետ զրույցում:

Նրա խոսքով՝ համերգային ծրագիրն արդեն իսկ ամբողջությամբ պատրաստ է, հստակ են նաեւ նրանց անունները, ովքեր լույթ են ունենալու.«Բեմում կտեսնենք Հանրապետության լավագույն կատարողներին տարբեր ժանրերում՝ դասական, ժողովրդական, փոփ եւ այլն, կլինեն նաեւ ժողովրդականի եւ փոփի, դասականի եւ փոփի համադրություններ: Մի խոսքով՝ հետաքրքիր երեկո է սպասվում: Հանդես կգան այն արտիստները, որոնք նորությամբ են ներկայացել 2017թ.-ի ընթացքում, կլինեն նաեւ արտիստներ, որոնք չունեն նոր աշխատանքներ, բայց որպես հյուր մասնակցելու են համերգին»:


Ինչպես նշեց Տիգրանը, մրցանակները հանձնվելու են 20 անվանակարգերում, կլինի նաեւ 5 հատուկ մրցանակ՝ երաժշտարվեստի անվանի ներկայացուցիչների համար.«Ընդհանուր առմամբ ստացել ենք 100 հայտ, ինչը թեժ մրցակցություն է ապահովել արտիստների միջեւ, եւ ժյուրին բավական երկար մտորելու առիթ է ունեցել: Սա նշանակում է՝ մենք ընտրություն ենք կատարում լավագույնների մեջ: Եղել են դեպքեր, երբ ժյուրին շատ հեշտությամբ է ընտրություն կատարել, քանի որ ակներեւ էր լավագույն աշխատանքը, բայց եղել են նաեւ դեպքեր, երբ ընտրությունն իսկապես շատ բարդ էր»:

Ի դեպ, կանոնակարգի համաձայն՝ մրցանակաբաշխության ժյուրիի կազմը փակ է, նրանց անունները չեն հայտարարվելու: Բայց պրոդյուսերը նշեց յուրաքանչյուր ժանրում մեկական անուն՝ ցույց տալու համար, թե որքան լուրջ մասնագետներ են կատարելու լավագույնների ընտրությունը: Այսպես, դասական ժանրում 7 հոգանոց ժյուրիի կազմում հանդես է գալիս Էդուարդ Թոփչյանը, ժողովրդական ժանրում՝ Նորայր Դավթյանը, փոփ ժանրում՝ Արթուր Գրիգորյանը.«Ես մեկական անուն եմ առանձնացնում յուրաքանչյուր կազմից, որպեսզի պատկերացում կազմեք՝ ովքեր են որոշելու տարվա լավագույններին: Վստահեցնում եմ՝ ժյուրիի մյուս անդամները որեւէ կերպ չեն զիջում նշված մասնագետներին»:

Պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանը


Նշենք, որ մասնակցության հայտեր եղել են ոչ միայն Երեւանից, այլեւ Հայաստանի մարզերից, Արցախից եւ Սփյուռքից: Ի սկզբանե մշակույթի նախարարի հստակ պահանջն է եղել, որ մրցանակաբաշխությունը չլինի երեւանյան.«Մեր ադմինիստրատիվ խումբը կապ հաստատեց մարզերում գործող մշակույթի բաժինների, քաղաքապետարանների հետ, փորձեցինք հասկանալ՝ որ կատարողին որ անվանակարգում հնարավոր է ներկայացնել: Ունենք մասնակիցներ Գյումրիից, Վանաձորից, Արցախից, եւ այս առումով կարող եմ վստահաբար ասել՝ մարզերում կան խմբեր, որոնք շատ հանգիստ կարող են մրցակցել երեւանյան խմբերի հետ՝ չունենալով որեւէ բարդույթ մարզում ապրելու եւ ստեղծագործելու»,- ընդգծեց Վիրաբյանը:

Ինչպես հայտնի է, «Ծիծեռնակ» մրցանակի հեղինակը դիզայներ Արման Նուռն է: Նրա այս աշխատանքը նախորդ տարի էլ ներկայացված էր մրցանակաբաշխությանը: Միջոցառման պրոդյուսերը հայտնեց, որ այս տարի պատրաստվում է նաեւ արձանիկի շատ ավելի մեծ տարբերակը՝ 4-5 մետր բարձրությամբ, որը տեղադրված է լինելու բեմահարթակում՝ որպես մրցանակաբաշխության խորհրդանիշ: Նուռի այս աշխատանքի վերաբերյալ որոշ քննադատություններ հնչեցին սոցիալական ցանցերում, բայց Տիգրան Վիրաբյանը նշեց՝ որեւէ մրցանակաբաշխություն չի կարող չուղեկցվել ինչպես դրական արձագանքներով, այնպես էլ քննադատություններով,  իսկ Նուռի պատրաստած արձանիկը նրա ամենանուրբ ու գեղեցիկ աշխատանքներից մեկն է:

«Ծիծեռնակ» մրցանակը


«Սովորաբար մենք սկսում ենք կարծիքներ հայտնել մի բանի մասին, որն իրականում չենք էլ տեսել: Գուցե տպագրական կամ հեռուստատեսային տարբերակով արձանիկը որոշ մարդկանց համար ընդունելի չէ, բայց եթե ցանկացած մարդ մեկ անգամ տեսնի այդ արձանիկը մոտիկից, վերցնի իր ձեռքը, կհասկանա, թե որքան նուրբ եւ գեղեցիկ աշխատանք է արված: Հիմա մենք ամեն օր հետեւում ենք, թե ինչպես է քանդակվում մեծ արձանիկը, եւ հասկանում ենք, որ նույնիսկ այդքան մեծ տարբերակով այն շատ գեղեցիկ է ստացվում»,- ասաց նա:

Տիգրան Վիրաբյանը նշեց նաեւ՝ շատ կարեւոր էր ազգային երաժշտական մրցանակաբաշխության վերականգնումը տարիներ անց: Այն կնպաստի հայ երագարվեստի կայացմանն ու զարգացմանը, կոգեւորի երիտասարդ ստեղծագործողներին ամեն տարի մրցանակաբաշխությանը ներկայացնել արժանի աշխատանքներ: Ի դեպ, այս տարի միջոցառմանը կարող են ներկա գտնվել բոլոր ցանկացողները եւ հենց դահլիճից հետեւել ու իմանալ, թե ովքեր են տարվա լավագույնները.«Մրցանակաբաշխությունները սովորաբար կազմակերպվել են հրավիրատոմսային սկզբունքով, բայց եթե դուք չունեք ազգակից կամ ծանոթ արտիստներ, ովքեր ձեզ հրավիրատոմսեր կտրամադրեն, ապա կարող եք մոտենալ դրամարկղին, գնել ձեր տոմսը եւ ականատես լինել շքեղ շոու-ծրագրին»,- եզրափակեց նա:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Տիգրան Վիրաբյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին