×


Հղիություն 40-ից հետո. միֆեր եւ իրական ռիսկեր

«Երբեմն գիշերներն արթնանում եմ, ոտքերիս թաթերին վազում մորս սենյակ, մոտենում անկողնուն՝ ստուգելու՝ շնչո՞ւմ է, ամեն ինչ կարգի՞ն է։ Երբեմն մեղադրում եմ՝ ինձ 52 տարեկանում ունենալու համար, երբեմն ուզում 7 վանք գնալ, 7 մոմ վառել, որ այդ որոշումը կայացրել է, ինձ կյանք տվել, բայց ես ինչպես հաշտվեմ, ապրեմ մշտական դարձած կորցնելու վախի հետ։ Ախր, իրենք էլ գիտեին՝ «поздние дети - ранние сироты»։ Դասարանցիներով գնացել էինք մեր ընկերներից մեկի պապիկի թաղմանը, հիշում եմ՝ բոլորը «հումորիկներ» էին անում, ծիծաղում, ես սարսափած մտածում էի, որ հայրիկիս տարիքին է»:

Հայկ , 21 տարեկան
ուսանող

Այս խոստովանությունն ապտակի պես ստացա 40-ից հետո ծննդաբերող կանանց մասին նյութ պատրաստելիս, որը ենթադրվում էր, որ պիտի լիներ դրական ու մոտիվացնող։ Որոշեցի՝ ճիշտ կանեմ վերեւից եկած հրահանգի համաձայն «հանգիստ նստեմ տեղս» ու այս թեմային առհասարակ չանդրադառնամ, բայց մի կողմից էլ թեման հանգիստ չէր տալիս ու սկսեցի հարցախույզը։

ԵՍ ՎԱԽԵՆՈւՄ ԵՄ

Ուշ մայրության հոգեբանական կողմերը, ըստ հարցախույզի արդյունքների, սրանք են՝

1. Մեղքի զգացում
Երեխաները շատ էներգիա են պահանջում. վազել, գրկել, բռնել, օրվա մեջ 100 անգամ կքանստել, բարձրանալ, կռանալ, թռնել ու չքնել, չքնել, չքնել... Հետո, երբ մի քիչ մեծանան, վազել հեծանվի հետեւից, գնդակ խաղալ... 50-ին մոտ կնոջ համար մի քիչ դժվար է, չէ՞... Այստեղից էլ մեղքի զգացում, որ լավ մայր չես։

2. Հեգնանքի վախ
Հեգնական, երբեմն էլ բացահայտ վատ վերաբերմունք շրջապատից, մոտավորապես այսպես՝ «Եթե կարող եք, դեռ չի նշանակում, որ պիտի անեիք...»: Ուշ ծնող դարձածներին հիմնականում մեղադրում են էգոիզմի մեջ՝ ակնարկելով, որ չեն հասցնի «մեծացնել» իրենց երեխաներին:

3. «Մենք կմահանանք, նրանք կմնան»
Ինչն իրոք հանգիստ չի թողնում ծնողներին, դա երեխաններին որբ թողնելու վախն է։ Համաձայն Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի տվյալների՝ երկու 50 տարեկան ծնողների երեխան մեծ հավանականությամբ կկորցնի հորը 25 տարեկանում, իսկ մորը՝ 30։

4. Տագնապած երեխաներ
Երեխաները նույնպես հասկանում են, որ վաղ որբեր են լինելու... Շատերը նշում են, որ դեռ մանկուց մի քանի անգամ վեր են կացել ու ոտքերի թաթերին հասել նրանց անկողնուն գիշերները, որ ստուգեն՝ շնչում են, թե չէ, բացի այդ, ինձ հետ զրույցում շատերը նշում են, որ համալսարան ընդունվելիս, օրինակ, երբ իրենց հասակակիցները ծնողների հոգածության տակ էին, իրենք ստիպված էին նաեւ խնամել իրենց տարեց ծնողներին... Դա նաեւ ազդում է սեփական ընտանիք ձեւավորելու որոշման վրա։

5. Հիպերխնամք
Ուշ երեխան հիմնականում ծնողների համար դառնում է ծայրահեղ ուշադրության առարկա ու մեծանում դյուրագրգիռ, քմահաճ, կախյալ, ոչ ինքնուրույն։

Իրականում ժամանակակից աշխարհում օր օրի աճում է 40-ից հետո ծննդաբերող կանանց թիվը։ Կանայք հիմա նախեւառաջ սովորում են, կարիերա անում, կայուն ֆինանսական կարգավիճակ ձեռք բերում, ապա որոշում մայրանալ. կարելի է ասել՝ մի կյանք է անցնում մինչեւ այդ որոշման կայացումը։

Կան կարծրատիպային մոտեցումներ ուշ ծնող դառնալուն, բայց դրանք հաճախ անհիմն են ու հեշտ հերքելի։ Դրանցից մի քանիսը՝ ստորեւ.

ՄԻՖԵՐ

«Ինչքան մեծ է մայրիկը, այնքան երես առած է երեխան»
Իրականում հասուն մայրը երեխայի հանդեպ ավելի պատասխանատու վերաբերմունք ունի։ Նա մտովի ողջ կյանքում իրեն պատրաստել է այդ դերին, հանկարծակի չի մայրացել, ավելի շատ ժամանակ է ունեցել մտածելու, մասնագիտական գրականություն կարդալու, մանկաբույժներ ընտրելու, անհրաժեշտ պատվաստումների մասին տեղեկանալու, դաստիարակչական մեթոդներ ուսումնասիրելու համար։ Իսկ եթե զուտ երեխայի արտաքին տեսքից դատելով են ասում երես առած, կարելի է հակադարձել, որ այդ երեխան ավելի շատ ու ավելի լավ հագուստներ ու խաղալիքներ ունի, որովհետեւ ծնողները ֆինանսապես կայացած մարդիկ են։

«Արդեն թոշակի գնալու տարիքն է, իսկ ինքը երեխա է ունեցել։ Բեռ է դառնալու»
«Ուշացած» երեխայի ծննդով մայրիկը երկրորդ երիտասարդությունն է ապրում։ Ինքներդ մտածեք, երբ իր հասակակիցները պատրաստվում են տատիկ դառնալ, նա մամայություն է անելու ու ավելի հանգիստ ու հասկանալով է վայելու բերկրանքը։

«Երբ նա դեռահաս դառնա, դու փնթփնթան պառավ ես լինելու»
Վեճերն ընտանիքներում անխուսափելի են այսպես թե այնպես, ու առաջինը հենց սերունդների տարբերության պատճառով։ Անկախ նրանից՝ մայրիկը կլինի 20, 30, 40, թե 50 տարեկան, նա մայր է ու իր երեխայի համար անհանգստանալու ու մտահոգվելու է նույնկերպ։ Ոչ թե սերը, այլ մամայությունը տարիք չի հարցնում։

Զրուցել ենք 100-ից ավելի մարդու հետ, ով խնդրի կողմ է՝ կամ ծնող է դարձել 40-ից հետո, կամ այդ ծնողների երեխան է: Թե որքանով է տարիքը խանգարել կամ օգնել նրանց, տեսնենք օրինակներով։

ԱՆՁՆԱԿԱՆ ՕՐԻՆԱԿՈՎ

Աստղիկ
Երբ ծնվեցի, եղբայրս բանակում էր, քույրս՝ ուսանող, մայրս մոտ 50 տարեկան։ Այնքան սեր, ինչքան ես եմ ստացել իմ ամբողջ կյանքում, կբավականացներ սիրային հեղաշրջում անելու համար։ Հիպերխնամք, սուպերհոգատարություն, ծնողական սեր, ներողամտություն ոչ միայն ծնողներիս, այլեւ՝ քրոջս ու եղբորս կողմից. սա այն է, ինչով ես ապրում եմ մինչ օրս։ Իսկ բոլորն էլ ասում էին, որ ծնողներս իմ ծննդով երկրորդ երիտասարդությունն են ապրել, վայելել ծնող լինելը։

Լուսինե
39 տարեկան եմ, 8 տարի շարունակ փորձել եմ երեխա ունենալ։ Բազմաթիվ անգամներ վիժել եմ։ Ամուսնալուծվեցինք։ Հիմա առաջնեկիս եմ սպասում ու շատ երջանիկ եմ։ Հուսով եմ՝ երեխաս մեծանա, կհասկանա ինձ։

Լիլիթը` երեխաների հետ


Լիլիթ
Միշտ վստահ եմ եղել, որ հասուն տարիքում ամուսնանալը ճիշտ է։ Ամուսնացել եմ 36-ում։ Հղիության պլանավորումը եղել է մտածված, կշռադատված, հաշվի ենք առել երկուսիս տարիքները, անցել բժշկական հետազոտություններ, որ իմանանք բալիկի առողջությանը վնասող խնդիր հո չունենք։ Հղիության ժամանակ էլ բոլոր անալիզները հանձնել ենք՝ գենետիկայի եւ այլն։ Ծնվել են կեսարյան հատմամբ։ Փառք Աստծո, հետծննդաբերական խնդիրներ չեմ ունեցել, վերականգնվել եմ շատ արագ։ Ամուսնուս հետ հավասար կիսել ենք խնամքը։ Կհավատա՞ք, հիմա որ հիշում եմ, կարոտում եմ գրկելու շրջանը։ Մեծ սիրով երրորդ բալիկն էլ կունենամ։ Թող լինեմ 40-ից հետո ծննդաբերող կին. ո՞ւմ ինչ գործն է։ Ես երջանիկ եմ, երեխաներս ապահովված ու բավարարված, ծնողավարության հմտություններին տիրապետում եմ ու, հավանաբար, դեկրետիս ժամկետը լրանալուց հետո աշխատանքից դուրս գամ։ Ես էլ եմ զգում, որ մի քիչ «շեղված» ծնող եմ խնամքի ու հոգատարության առումով, բայց դա իմ գիտակցված որոշումն է։

Ուզում եմ, որ անպայման բոլորն իմանան՝ մեծ տարիքում ավելի մեծ սիրով ես բալիկներիդ մեծացնում։ Ավելի գնահատում ես նրանց հետ անցկացրած ամեն վայրկյանդ։ Մեծ տարիքում ծնող դառնալով՝ արդեն սկսում ես քո կյանքն էլ ավելի արժեւորել, որ երեխաներիդ հասցնես իրենց նպատակներին։ Ամեն տարիքում էլ մայրանալը հրաշք է... Աստված բոլոր կանանց տա հնարավորություն՝ զգալու այդ կարեւոր ու մեծ բերկրանքը։

Արմինե
Մայրս ինձ ունեցել է 40-ից հետո, հղիությունից հետո տրոմբ է ունեցել, ինձնով ու քույրիկովս հիմնականում զբաղվել են մորաքույրս ու տատիկս։ Միշտ նախանձել եմ դասընկերուհիներիս երիտասարդ մայրիկներին։

Լիլիթ
Մայրս ուշ է ամուսնացել, ես ու եղբայրս, այսպես ասած, ուշացած երեխաներ ենք. եղբորս համար չգիտեմ՝ ինչպես, բայց ինձ խանգարել է մամայիս ու իմ տարիքային տարբերությունը։
Մայրս բնավորությամբ մի քիչ «անհավես» է, մենք երբեք միասին չենք զբոսնել կամ ինչ-որ տեղ գնացել։ Մայրս ընդհանրապես չի շպարվում. առաջ էլ, հիմա էլ դեպքեր են եղել, որ կարծել են՝ տատիկս է։ Բայց ես ընդհանրապես չեմ նեղվում, իմ հրաշք մամաս է։ Կապ չունի՝ երբ է ինձ ունեցել։ Ես հիմա էլ մամայիս միայն մեղադրում եմ այն հարցում, որ երրորդ բալիկին չի ունեցել. երկու երեխան շատ քիչ է։

Արուս
Մայրս 40 տարեկանում է ամուսնացել ու ինձ ունեցել: Երբեք չի ասել, որ կուզեր ավելի շուտ ամուսնանալ ու երեխա ունենալ։ Ընկերուհիներս դպրոցական տարիներին շատ էին ասում, որ նախանձում են, որ մորս հետ շատ ընկերական հարաբերությունների մեջ եմ, բայց կարծում եմ՝ դա ոչ թե տարիքի հարց է եղել, այլ մարդու աշխարհայացքի ու բնավորության, որ ինձ համար ընկերուհի է եղել, ոչ թե միայն խիստ ծնող։ Անգամ սիրում էի, որ ասում էի մամայիս տարիքն, ու զարմանում էին, որովհետեւ շատ երիտասարդ էր երեւում, բոլորի մամաների տարիքին էր երեւում։

Իմ եւ իմ հասակակիցների ծնողները մի հարթության վրա չեն եղել, բայց դա ինձ չի խանգարել: Ես այդպիսի կաշկանդվածություն չեմ զգացել, որ նրանց չկարողանամ թողնել ու գնալ հեռու. կյանքիս մի շրջանում արդեն օտար երկրում ապրել եմ:

Երեխաները շատ էներգիա են պահանջում. վազել, գրկել, բռնել, օրվա մեջ 100 անգամ կքանստել, բարձրանալ, կռանալ, թռնել ու չքնել, չքնել, չքնել... Հետո, երբ մի քիչ մեծանան, վազել հեծանվի հետեւից, գնդակ խաղալ. նրանք երբեք բաց չեն թողել այդ ամենը: Այդ բացերը ոչ միայն ինձ համար են լրացրել, այլեւ հիմա իմ երեխայի հետ են այդ ամենն անում՝ էլ վազում, էլ կռանում, էլ կքանստում: Հեգնական վերաբերմունք չեմ զգացել: Մայրս միշտ շատ երիտասարդ տեսք է ունեցել, եթե իր տարիքը չասեր, չէր հասկացվի, որ այդքան մեծ է: Բայց արդեն մեծ տարիքում լինում էր, որ տատիկիս տեղն էին դնում, թեպետ արդեն ես էլ էի մեծ ու տարիքիցս փոքր էի երեւում, դրա համար առանձնապես չէի նեղվում կամ ֆիքսվում դրա վրա։ Սուպերհոգատարություն եղել է, իմ մեջ սերմանել են, որ նպատակասլաց լինեմ, միշտ ասել են, որ կարող եմ հասնել ինչի ցանկանամ, հայրս սովորեցրել է, որ պետք չէ շուտ ամուսնանալ, այլ պետք է կայանալ, սովորել ու երբեք թույլ չտալ, որ կողքի տղամարդը քեզ ստորացնի: Դրդել են անկախ ու կայացած կին դառնալ, ոչ թե ամուսնանալ երեխա ունենալու եւ ճաշ եփելու համար։

Ես կուզեմ 40-ում էլ երեխա ունենալ, երբ երեխաներս արդեն մեծ լինեն: Երկուսով կմեծանան մի քիչ, ես երրորդը կունենամ ու նորից կերիտասարդանամ:

Անանուն
Մայրս կայացած կին է եղել, մանկավարժ, աշխատել է ծանրաբեռնված ու իմ ժամանակը չի ունեցել, բայց մի օր 40-ին մոտ հիշել է, որ կարելի է մայրանալ, որ մենակ չմնա կյանքում, իր ասած՝ ջուր տվող լինի: Այո, փոքր ժամանակ դպրոցում նեղվում էի մամայիս տարիքից, կարծես տատիկս լիներ, երբ դպրոց էր գալիս մյուս ջահել-ջուհուլիկների հետ: Հետո անցավ դա. մեծանալով փոխվեցի ու չէի նկատում: Բայց ինքը հիպերխնամք տվող կամ սուպեր մամա չի եղել, խիստ դասատու էր ու իմ նկատմամբ էլ էր խիստ, կապ չուներ, որ միակն էի: Այո, շատ բաներ կան, որ հիմա պահում են իր կողքին. հայր չունեմ, ստիպված երկու տղաներիս հետ միշտ կմնամ իր տանն ու երբեք չեմ թողի մենակ, քանի որ ապրում է թոռներով, ես ինչքան էլ փորձեցի առանձնանալ, չկարողացա մենակ թողնել։

Մարատ
Մայրս 42 տարեկան է եղել իմ ծնվելու ժամանակ, հայրս՝ 49։ Ուղիղ 9 տարի բուժվել են։ Հազար ու մի մեթոդների դիմել, վերջապես ստացվել է, ու ծնվել եմ ես։ Բնականաբար, փոքր տարիքում չէի հասկանում, որ տարիքով մեծ են. ինձ համար ամենալավ մաման ու պապան էին։ Դպրոցական տարիքում եղել է, որ ամաչել եմ, որ պապաս էր գալիս հետեւիցս, նույնիսկ դեպք է եղել՝ ասել եմ պապիկս է։ Հիմար տարիքս անցավ, արդեն ամեն տեղ ուզում էի գոռալ, որ հայրս է, գլուխս բարձր էի քայլում կողքով։ Մայրս մինչեւ հիմա էլ երիտասարդ, թարմ տեսք ունի. գեներն են այդպիսին։ Հիմա էլ թոռների հետ է վազվզում. 3 բալիկ ունեմ։ Միակ սխալս այն է, որ բավական շուտ ամուսնացա՝ մտածելով մերոնք մեծ են, գոնե հասցնեն թոռ տեսնել։ Ցավոք, պապաս չհասցրեց։ Ուղղակի, թող բոլորիս ծնողներն առողջ լինեն ու երկար մնան մեր կողքին։

Քրիստինե
Ես հատուկ չեմ պլանավորել ուշ ամուսնանալ, բայց շատ գոհ եմ, որ այսպես է ստացվել եւ հենց 40-ից հետո եմ հղիացել։ Ասեմ, որ ամուսինս ավելի մեծ էր՝ 54 տարեկան։ Տարիքը հղիանալու խնդիր չի եղել, պատկերացրեք՝ արդեն երկու ամսական հղի էի, որ գնացի բժշկի եւ պարզվեց՝ բալիկի ենք սպասում։ Պետք է ավելի զգույշ լինեի, հատուկ վերաբերմունք ու խնամք է պահանջում ուշ հղիությունը, բայց բարեբախտաբար բոլոր բժշկական զննումներից հետո թույլ տվեցին՝ իրենց հսկողության տակ շարունակվի հղիությունը։ Ամեն օր Աստծուն խնդրում էի, որ ուժ տա, հեշտ ծննդաբերեմ, որ առողջ բալիկ լինի։ Շնորհակալ եմ, որ աղոթքներս տեղ են հասել։ Ուշ ծնող դառնալուց ավելի ուշադիր ես լինում երեխայի հանդեպ, երեխան քեզ ուժ է տալիս ապրելու, երիտասարդանալու ու գիտես՝ ուզես, թե չուզես պիտի երկար ապրես։ Երկարակեցության մոտիվացիա է։

Մարիամ
Ծնողներս առաջնահերթությունը տրվել էին ուսմանը, աշխատանքին, կայանալուն, հետո՝ ամուսնությանը... Ու ես եղա այն սպասված ու ուշացաշ երեխան 40-ն անց ծնողների։ Երկար տարիների աղոթքների, սպասման եւ սիրո ծնունդ եմ, առաջինն եմ եւ միակը… Իսկ ինչը կարող է ավելի երջանկացնել, քան այն գիտակցումը, որ սպասված երեխա ես: Բոլոր կանանց մաղթում եմ զգալ մայրանալու բերկրանքը, թեկուզ եւ մեծ տարիքում:


ԲԺԻՇԿՆԵՐՆ ԱՍՈՒՄ ԵՆ

Իսկ այն մասին, թե ֆիզիկական ու առողջական ինչ ռիսկեր է պարունակում 40-ից հետո հղիությունը, զրուցել ենք մանկաբարձ-գինեկոլոգ, գինեկոլոգ-էնդոկրինոլոգ, ռեպրոդուկտոլոգ Հռիփսիմե Գրիգորյանի եւ մանկաբարձ-գինեկոլոգ Պավել Սոցկիի հետ։

40-ից հետո հղիանալը բարդ է

Ըստ ուսումնասիրությունների՝ 40 տարեկանում ինքնուրույն հղիանալու հնարավորություն ունի կանանց 25 տոկոսը, 43-ում՝ 10, 44-ում՝ 1.6 տոկոսը։ Ինչո՞վ է սա պայմանավորված, ի՞նչ անեն կանայք, որոնք այդ տարիքում ինքնուրույն չեն կարողանում հղիանալ, ի՞նչ միջոցների դիմել։ Բժիշկներից հետաքրքրվել ենք՝ կան նրանց պրակտիկայում բացառիկ դեպքեր, որոնց մասին կարող են պատմել։

Հռիփսիմե Գրիգորյանն ասում է. «Հղիանալու շանսերի նման անկումը, ցավոք, օրինաչափ է. կանանց վերարտադրողական ֆունկցիան տարեց տարի նվազում է, քանի որ նվազում է մեր ձվարանների պաշարը, այսինքն՝ ձվաբջիջների քանակը: Այդ պատճառով վերարտադրողական բժշկությունը խորհուրդ է տալիս 35-ից բարձր կանանց 6 ամիս չհղիանալու դեպքում դիմել ռեպրոդուկտոլոգի` անպտղության հարցերով զբաղվող մասնագետին, 40-ից բարձր կանանց` ի սկզբանե պլանավորել հղիությունը բժշկի հետ: Բուժման մեթոդները տարբեր են` կախված հայտնաբերված խնդրից»:

Պավել Սոցկին ասում է.«35-ից հետո հղիանալու հավանականությունը նվազում է՝ տարիքի հետ սպառվող ձվաբջիջներով պայմանավորված։ Մեկի դեպքում շուտ, մյուսի դեպքում՝ մի քիչ ուշ։ 40 տարեկանից հետո մեծանում է նաեւ ռիսկը, որ արատ կառաջանա։ Դա պարտադիր պայման չէ, բայց կա հավանականություն։ Այդ պատճառով, եթե կինը 40 տարեկանում ցանկանում է երեխա ունենալ, անպայման պետք է լիարժեք անցնի բոլոր անհրաժեշտ հետազոտությունները, հղիության ընթացքում անի բոլոր սկրինինգները։ Եթե անտիմյուլերային հորմոնի քանակը սպառված է կամ նվազած, կարելի է անել էկո՝ արտամարմնային բեղմնավորում՝ սեփական կամ դոնորական ձվաբջջով»։

Երեխայի առողջությունն ու հոր տարիքը

 Թեպետ գիտենք, որ տղամարդը 70-ում էլ կարող է հայրանալ, բայց ինչպիսի՞ երեխա կծնվի։ Դաունի սինդրոմով երեխա ունենալու հավանականությունն ինչքա՞ն է, ի՞նչ միջոցներ կան տարիքով հայրիկից առողջ երեխա ունենալու համար։

Հռիփսիմե Գրիգորյանն ասում է. «Վերջին տարիներին շատ է քննարկվում նաեւ հոր տարիքի ազդեցությունը հենց օրինակ ԱՄԲ-ի (արտամարմնային բեղմնավորում) ժամանակ ստացվող սաղմիկների որակի վրա. ինչքան տարիքը մեծ է, այնքան ավելի մեծ է ոչ լավ որակի սաղմիկների ստացումը»։

Պավել Սոցկին ասում է.«Տղամարդը, ի տարբերություն կնոջ, տարիքային սահմանափակում չունի, բայց տղամարդու տարիքն էլ 40-ից հետո դառնում է ռիսկային սաղմիկի որակի համար։ 50, 60, 70 տարեկանում տղամարդը կարող է հղիացնել, բայց կա հավանականություն՝ խնդրով երեխա լույս աշխարհ բերելու։ Պարտադիր պայման չէ, բայց մեծ տարիքում հայրացած ծնողն ավելի հավանական է, որ կունենա Դաունի համախտանիշով երեխա, քան ավելի երիտասարդը՝ ասենք մինչեւ 35։ Թե ինչքան է այդ ռիսկը, մի քիչ անհատական է տոկոսային առումով։ Այս պարագայում նույնպես մեծ դեր է խաղում հղիության պլանավորումը ճիշտ կազմակերպելը, գենետիկ անալիզներ հանձնելը։ Հետագայում էլ սկրինինգները պարզ ցույց են տալիս՝ երեխան խնդիր ունի, թե չէ։ Հետեւելը կարեւոր է»։

Բարդ հղիություն

Վիժումների հավանականություն, մեռելածնություն, գեստացիոն դիաբետ. ի՞նչ կանխարգելիչ միջոցառումներ կան։

Հռիփսիմե Գրիգորյանն ասում է.«Շատ մասշտաբային հարց է. ամենաառաջնային կարեւոր կանխարգելիչ միջոցառումներից է առողջ ապրելակերպին հետեւելը` պայքար ավելորդ քաշի դեմ, չծխելը, ալկոհոլի չչարաշահումը: Ինչպես նաեւ մինչեւ հղիությունը պլանավորելը հետազոտվելը եւ հայտնաբերած խնդիրների բուժումը»:

Պավել Սոցկին ասում է.«Կանխարգելիչ միջոցառումները միմիայն հետազոտություններն են։ Երբ կինը կամ տղամարդը հետազոտվում են, եթե խնդիր է նկատվում, բուժվում են, խնդիրը վերացնում, նոր արդեն պլանավորում հղիությունը»։


Ծննդաբերություն

Ի՞նչ բարդություններ կան, ի՞նչ անել հղիության ընթացքում, որպեսզի ծննդաբերությունը համեմատաբար թեթեւ լինի։

Հռիփսիմե Գրիգորյանն ասում է. «Ծննդաբերության բարդություններն էլ բազմաթիվ են, որոնց մի մասը հնարավոր չէ կանխատեսել»:

Պավել Սոցկին ասում է.«Եթե 40-ից բարձր է կինը, ծննդաբերության թեթեւ լինելու մասին խոսք չի կարող լինել, որովհետեւ միայն կեսարյան հատում է արվում, բայց հղիության ընթացքում կինը պետք է շատ ուշադիր լինի, այցերը բժշկին ավելի հաճախակի լինեն, որպեսզի ցանկացած փոքր թվացող խնդիր հայտնաբերվի, կանխարգելվի, վերացվի, որ չվերածվի բարդության»։

Վտանգներ ծննդաբերությունից հետո

40-ից հետո ծննդաբերած կնոջ օրգանիզմը ինչպե՞ս է փոխվում, ի՞նչն է ավելի շատ ազդում, ո՞ր օրգաններն են թուլանում։ Արդյոք ճիշտ է, որ այս կանանց մոտ հեմոռագիկ կաթված ստանալու շանսերը 5 անգամ ավելի շատ են, քան երիտասարդ տարիքում ծննդաբերածների դեպքում։

Հռիփսիմե Գրիգորյանն ասում է.«40-ից բարձր տարիքը հղիի համար արդեն համարվում է ուշադրության արժանի, պահանջում է հղիության վարման ավելի մանրազնին մոտեցում: Հիմնականում ավելի հաճախ ծննդալուծում են կեսարյան հատման ճանապարհով (հատկապես եթե հղիությունն առաջինն է, եւ մինչ այդ առկա է եղել անպտղություն)»:

Պավել Սոցկին ասում է.«Բնականաբար, կնոջ օրգանիզմը թուլանում է։ Տարիքով պայմանավորված՝ տարբեր հիվանդությունների, տարբեր ռիսկերի աճ կա։ Ոչ թե բուժման փուլի պետք է հասցնել, այլ կանխարգելել։ Բայց անապայման ցանկանում եմ շեշետել ուշ ծնող դառնալու դրական կողմերը` նրանք սպասված երեխաներ են հիմնականում կայացած ծնողների, ու այդ երեխաների մտավոր ու ֆիզիկական առողջությանն ու դաստիարակմանն ավելի ճիշտ մոտեցում են ցուցաբերում ծնողները»։

Մի քիչ պատասխանատվությունից խուսափելու պես մի բան է այս հոդվածն առանց ամփոփելու փակելը, բայց ի՞նչ ասես, սա բացառապես յուրաքանչյուրի խիստ անձնական որոշելիքն է` ինչպես, որ տարիքում ունենալ երեխա, կամ չունենալ։ Մենք ներկայացրինք վտանգները, դրանց կանխարգելմանն ուղղված քայլերը, բայց ունենք մի լավ նորություն բոլոր նրանց համար, որ 40-ի մոտ են եւ կասկածում են մայրանալ, թե` ոչ։ Լոնդոնի համալսարանի Մանկան առողջության ինստիտուտի եւ Բիրբեք քոլեջի մի խումբ հետազոտողներ ուշագրավ բացահայտում են արել. պարզվում է` 40 տարեկանում կամ դրանից բարձր տարիքում կնոջ լույս աշխարհ բերած երեխաներն ավելի առողջ եւ անհամեմատ բարձր մտավոր ունակություններով են ծնվում, քան երիտասարդ մայրերինը։


Ուսումնասիրություններից հայտնի է դարձել, որ տարիքով մայրերի 4-5 տարեկան երեխաներն ավելի բարձր միավորներ են հավաքում IQ թեստեր լուծելիս, բացի այդ, նրանք ավելի քիչ են հակված դժբախտ պատահարներից տուժելուն եւ հիվանդանոցներում հայտնվելուն, քան երիտասարդ մայրերի երեխաները, ժամանակին ստանում են բոլոր անհրաժեշտ պատվաստումները, քաշի խնդիր չեն ունենում հիմնականում։ Թեեւ տարիքով կանայք շատ ավելի բարդ են անցկացնում հղիության ու ծննդաբերության ընթացքը, այնուամենայնիվ, նրանք ավելի հաջող են «հանդես գալիս» մոր դերում, քան երիտասարդները: Նախագծի հեղինակները կարծում են, որ իր դերն է այստեղ խաղում կանանց կրթվածության աստիճանն ու սոցիալական կարգավիճակը: Գիտնականներն այս փաստը բացատրում են նրանով, որ ուշ տարիքում մայրացած կանայք ավելի շատ կյանքի փորձ եւ իմաստություն ունեն: Հավանաբար, ուշ մայրանալը որոշակի առավելություններ ունի: Այնպես որ, պատահական չէ, որ «հասուն» մայրերից ծնվածները դպրոցում ավելի բարձր առաջադիմությամբ են աչքի ընկնում:

Սերինե Միքայելյան

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին