×


Մարինա Ադուլյանը, Մելքոնյան քույրերը եւ Սոնա Ազարյանը

Մելքոնյան քույրերի երեւանյան առաջին համերգը՝ «Բարի տնակ»-ի կառուցման համար

Մոսկվաբնակ պատանի դաշնակահարներ 14-ամյա Եվա եւ 12-ամյա Դիանա Մելքոնյանները Հայաստանում առաջին անգամ ելույթ են ունեցել բարի ու կարեւոր նպատակով։ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի դահլիճում նոյեմբերի 4-ին նրանք միավորեցին դասական երաժշտության սիրահարներին, նաեւ իրենց հասակակից երեխաներին, իսկ համերգի ողջ հասույթն ուղղել են «Բարի տնակ»-ի շինարարությանը։

«Բարի մամա» բարեգործական կազմակերպությունը ստեղծման օրվանից աջակցում է հաշմանդամություն ունեցող երեխաների ընտանիքներին ու մանկատան փոքրիկներին։ Ուղիղ երեք տարի առաջ կազմավորված «Բարի մամա»-ն նախաձեռնել է բացառիկ ներառական, վերականգնողական կենտրոնի՝ «Բարի տնակ»-ի կառուցումը, որի շինարարության համար անհրաժեշտ գումարը հավաքվում է բարեգործական տարբեր միջոցառումների ընթացքում։

Մելքոնյան քույրերի երեւանյան համերգին


Բարեգործական համերգի մուտքն ազատ էր, փոխարենը ներկաները թափանցիկ արկղի մեջ հանգանակություն են արել, որի արդյունքում հավաքվել է շուրջ 87.000 դրամ։ Քույրերի ընտանիքի կողմից էլ փոխանցվել է 1000 դոլար՝ «Բարի տնակ»-ի կառուցման համար։

Համերգը վարող երաժիշտ, «Մենք ենք» բարեգործական նախաձեռնության համահիմնադիր Սոնա Ազարյանը ներկայացրել է դաշնակահար քույրերին, որոնք Մոսկվայի Գլինկայի անվան արվեստի մանկական դպրոցի դաշնամուրի դասարանի աշակերտներ են։ Աղջիկները մենակատարումներով ու միասին նվագել են Բախի, Բեթհովենի, Մոցարտի, Շոպենի, Չայկովսկու, Արամ Խաչատրյանի, Պիացոլայի, Առնո Բաբաջանյանի հայտնի ու ոչ այնքան հաճախ կատարված ստեղծագործությունները։
 

Եվա Մելքոնյանը եւ Դավիթ Ալավերդյանը


Բարեգործական համերգը նախաձեռնել էին «Մեդիամաքս»-ի գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը, Սոնա Ազարյանն ու Մելքոնյան քույրերի մայրը։ «Բարի մամա»-ի հիմնադիր Մարինա Ադուլյանը նրանց հանձնել է շնորհակալագրեր՝ շարունակական աջակցության համար.«Մեր նոր «Ձմեռ պապը»՝ Դավիթ Ալավերդյանը, մեր պահապան հրեշտակ Սոնան եւ մյուս բարի մարդիկ այս համերգով օգնում են կառուցման բարդ ընթացքին։ Հաշմանդամություն ունեցող երեխաները մեզ մոտ կստանան մայրական հոգատարություն, կստանան թերապիաներ ու բուժումներ»։

Դավիթ Ալավերդյանը մեծ հույս ունի, որ հաջորդ տարի քույրերի համերգը տեղի կունենա նորակառույց «Բարի տնակ»-ում.««Բարի մամա»-ի արած աշխատանքը հսկայական է՝ համեմատ այսօրվա մեր արածի։ Հուսով ենք՝ մեր օգնությունը մի փոքր կօժանդակի կառուցմանը»։

Մելքոնյան քույրերի երեւանյան համերգին


Եվան եւ Դիանան համերգային, փառատոնային բավականին մեծ փորձ ունեն։ Նրանք «Ave Bohemia» միջազգային մրցույթի եւ արվեստի փառատոնի 1-ին աստիճանի դափնեկիրներ եւ ոսկե մեդալակիրներ են «Գործիքային կլասիկա» անվանակարգում (Պրահա, 22.03.2015), ինչպես նաեւ ՌԴ Բաց տարածաշրջանային մրցույթի 1-ին աստիճանի դափնեկիրներ (2014 թվական)  եւ «Երկու անգամ երկու՝ չորս» դաշնամուրային անսամբլների բաց շրջանային մրցույթի 3-դ աստիճանի դափնեկիրներ (2015, Մոսկվա եւ Տրոյիցկ քաղաքներ): Համերգային, անհատական եւ անսամբլային ծրագրերով հանդես են եկել  Ֆրանսիայում եւ Լատվիայում:

Քույրերի առաջին համերգն էր հայրենիքում: Չնայած փոքր տարիքին՝ նրանք գիտակցում են բարի գործ անելու կարեւորությունը.«Երեխաներին պետք է օգնել, որ առողջ լինեն, մեծանան իրենց երազանքներին հասնեն։ Օրինակ՝ կուզեինք իրենց դաշնամուր նվագել սովորեցնել, միգուցե նրանցից մեկը երազում է դաշնակահար դառնալ»,-ասաց Եվան, իսկ Դիանան հավելեց.«Մեր պապիկը երաժիշտ է, փոքր ժամանակվանից լսում էինք, թե ոնց է ջազ նվագում, մեր մայրիկը եւս նվագում է, նրա նախաձեռնությամբ եկանք Երեւան։ Լսել էինք, որ հայ հանդիսատեսը տարբերվում է, դժվար է այնպես անել, որ ծափահարեն։ Համերգից առաջ մի քիչ վախեցած ու հուզված էինք, բայց պարզվում է՝ ջերմ են, եւ վախենալու չէր:)»:

Եվա Մելքոնյանը


2016-ին «Բարի մամա» բարեգործական ՀԿ-ն նախաձեռնել է բացառիկ ներառական կենտրոնի՝ «Բարի տնակ»-ի կառուցումը։ Կենտրոնի նպատակներն են.
- մանկատանը բնակվող հաշմանդամություն ունեցող երեխաների համար կազմակերպել թերապիաներ եւ այլ բուժումներ,
- ստեղծել ապաստարան մանկատան 18 տարեկանը լրացած հաշմանդամություն ունեցող սաների համար,
- կազմակերպել դասընթացներ մայրերի համար, թե ինչպես խնամել հաշմանդամություն ունեցող իրենց երեխային,
- տրամադրել ապաստարան մայրերին, որոնք չեն ցանկանում հրաժարվել իրենց երեխաներից եւ հանձնել նրանց մանկատուն,
- կազմակերպել տեղեկատվական և կանխարգելիչ միջոցառումներ ռիսկային խմբի հղիների համար,
- ապահովել աշխատանքով հաշմանդամ երեխաներ ունեցող այն կանանց, որոնք չեն հրաժարվել իրենց երեխաներից,
- իրականացնել Հայաստանում առաջին հոսթելը հաշմանդամություն ունեցող երեխաների համար:
 
Դուք եւս կարող եք աջակցել կենտրոնի շինարարությանը՝ տրամադրելով շինանյութ կամ գումար փոխանցել հետեւյալ հաշվեհամարին․
Արարատբանկ, 1510027478070100 (ՀՀ դրամ)
Ստացող` «Բարի մամա» բարեգործական ՀԿ։

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին