×


Միշան

Միշայի ծաղիկները Գոհար Գասպարյանին եւ բացահայտումը եվրատեսիլյան շոուից

«Մանկական Եվրատեսիլ 2017»-ի հայաստանյան պատվիրակ Միշան ոգեւորված ու անհամբեր սպասում է մրցույթին։ 9-ամյա տղան «Արցախի ձայներ» նախագծից է: Իր «Փոքրիկ ղարաբաղցի» երգով հայ հանդիսատեսին գրաված երգիչը «Եվրատեսիլ»-ի բեմից կկատարի «Բումերանգ» երգը։

Այսօր կայացած ասուլիսին փոքրիկ ղարաբաղցին, նրա պրոդյուսեր Լիրա Քոչարյանը եւ «Եվրատեսիլ»-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը խոսել են նախամրցութային անցուդարձի եւ քվեարկության փոփոխության կարգի մասին։

Գոհար Գասպարյանը, Միշան եւ Լիրա Քոչարյանը


Ասուլիսի սկզբում Միշան ծաղկեփնջով շնորհավորել է Գոհար Գասպարյանին վերջերս մայրանալու առիթով, այնուհետեւ պատմել, որ ոչ միայն լսում է, այլեւ անգիր գիտի իր մրցակիցների երգերը։ Խոստովանում է, որ իր երգը սկզբում այնքան էլ չի համապատասխանել իր սպասելիքներին, բայց փորձերի ընթացքում սկսել է սիրել. «Այնտեղ փորձելու եմ բարություն տարածել, որ բումերանգի պես մեզ վերադառնա։ Ես ուզում եմ, որ Արցախում միշտ խաղաղություն լինի, ուրիշ բան չեմ ուզում։ Մրցութային երգերից հավանում են Վրաստանի, Ռուսաստանիի, Բելառուսի, Լեհաստանի երգերը»,- ասել է նա՝ կատարելով Բելառուսի, Ավստրալիայի երգերից հատվածներ։

Պրոդյուսեր Լիրա Քոչարյանը մեծ հույսեր է կապում իր սանի հետ.«Մենք տրամադրված ենք հաղթանակի, Միշան այսօր էլ պատրաստ է իր ելույթին։ Վերջին տարիներին Հայաստանն այս մրցույթում ծեծում է հաղթանակի դուռը, հույս ունենք՝ այդ դուռը երկրորդ անգամ բացողը Միշան կլինի։ Բայց եթե Միշան հաղթի, հաջորդ տարի մրցույթը նորից կկայանա Մինսկում, քանի որ կազմակերպիչներն արդեն հայտարարել են մրցույթը հյուրընկալող երկրի անունը։ Ես Միշային ամեն օր նյութեր եմ ուղարկում, որ նայի մինչեւ փորձի գալը։ Երբ մտնում է մրցութային մյուս երգերի մեջ, ավելի լավ է հասկանում մրցակիցների թույլ եւ ուժեղ կողմերը, հիմա ավելի է հավատում իր ուժերին եւ իր երգին»։

2016-ին Հայաստանը «Մանկական Նոր ալիք» երգի մրցույթում ներկայացրած եւ 2-րդ տեղը զբաղեցրած Միշան ասում է` նպատակ ունի բարություն քարոզել աշխարհին. «Մեզ հետ բումերանգներ ենք տանելու, որ բեմից նետի։ Ես հավատում եմ, որ նրա ուղարկած հաղորդագրությունը կվերադառնա բարության մեծ ուժով։ Առ այսօր բոլոր արձագանքները բարի են։ Շոուի մասին չեմ կարող բացել բոլոր փակագծերը, բայց բեմին միայնակ կլինի, հագուստն էլ պարզ ու իր տարիքին համապատասխան»,-նշել է Լիրա Քոչարյանը։

Միշան այժմ սովորում է Ստեփանակերտի Գրիբոյեդովի անվան թիվ 3 դպրոցում: Առաջին անգամ բեմ է բարձրացել 4 տարեկանում՝ Արցախի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը: Հենց այդ ընթացքում Միշան հանդիպել է իր ապագա պրոդյուսեր Լիրա Քոչարյանին, ով «Արցախի ձայներ» խմբի հիմնադիրն է եւ գեղարվեստական ղեկավարը: Պրոդյուսերը նշել է, որ «Արցախի ձայներ»-ի ողջ թիմը սատարում է փոքրիկին.«Մենք շատ ենք, Միշան ներկայացուցիչն է մեր մեծ թիմի»։

Միշան


Գոհար Գասպարյանի կարծիքով՝ Միշայի աշխատասիրությունն ու շնորհքը բարձր կգնահատվի։ Նրա խոսքով՝ Հանրայինում սպասում էին, թե երբ է Միշան դառնալու ինը տարեկան, որ նրան ուղարկեն այս մրցույթին։ Գոհարը նաեւ տեղեկացրել է, որ այս տարի մրցույթի քվեարկության կարգում փոփոխություններ կան։ Ըստ նոր կարգի՝ մասնակից երկիրը օնլայն քվեարկության միջոցով կկարողանա քվեարկել նաեւ իր պատվիրակի օգտին.«Կարող եք քվեարկել նոյեմբերի 24-ից junioreurovision.tv կայքում, որտեղ հնարավոր կլինի դիտել 16 մասնակիցների ելույթների նախնական տարբերակները եւ միաժամանակ քվեարկել 3, 4 կամ 5 մասնակցի օգտին: Հեռուստադիտողի քվեները կվերածվեն միավորների եւ կդառնան մրցույթի արդյունքի մի մասը, իսկ մյուս մասը կձեւավորվի ժյուրիի գնահատականի հիման վրա: Հաղթող կճանաչվի ամենաշատ միավոր հավաքած մասնակիցը»։

Հավելենք, որ «Մանկական Եվրատեսիլ»-ն այս տարի կանցկացվի 15-րդ անգամ՝ «Շողա պայծառ» նշանաբանի ներքո՝ նոյեմբերի 26-ին` Թբիլիսիում: Հայաստանից բացի կմասնակցեն եւս 15 երկրի ներկայացուցիչներ՝ Ալբանիա, Ավստրալիա, Բելառուս, Կիպրոս, Իռլանդիա, Իտալիա, Մակեդոնիա, Մալթա, Նիդերլանդներ, Ուկրաինա, Ռուսաստան, Լեհաստան, Սերբիա, Պորտուգալիա եւ մրցույթը հյուրընկալող երկիրը՝ Վրաստան: Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին մասնակցում է 2007 թ.-ից: 2010 թ-ին Վլադիմիր Արզումանյանի գրանցած հաղթանակի շնորհիվ 2011 թվականին մրցույթը հյուրընկալվեց Հայաստանում:

BRAVO.am
Լուսանկարները`Առաջին ալիքի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին