×


Ովքեր են Հումորի լիգայի ժյուրիի կազմում, եւ ռիսկային ինչ քայլի են դիմել կազմակերպիչները

«Շանթ» հեռուստաընկերության եթերում շուտով կմեկնարկի «Հումորի լիգա» նոր նախագիծը, որը մարդկանց հնարավորություն կտա հայտնի դառնալ իրենց հումորային տաղանդով: Առանց տարիքային ու ժանրային սահմանափակման կարող են մասնակցել բոլորը` թիմով կամ միայնակ: Հայտերի ընդունման վերջնաժամկետին դեռ 10 օր կա, իսկ մինչ այդ BRAVO.am-ը զրուցել է նախագծի գլխավոր պրոդյուսեր Արմեն Սուքիասյանի հետ եւ պարզել, թե ովքեր են լինելու ժյուրիի կազմում, ինչ է սպասվում մասնակիցներին հաջողության հասնելու դեպքում, եւ ոչ միայն:

Արմենը պատմեց, որ նախագծի գաղափարն առաջացել է գործընկերների հետ քննարկումների արդյունքում, թեեւ սկզբում բոլորի համար մշուշոտ է եղել իրենց անելիքն ու այն ուղղությունը, որով պիտի առաջ շարժվեին.«Մոտ կես տարի անց հասկացանք մեր գործունեության երկու հիմնական ուղղությունները: Նախ` հարթակ ստեղծել «NoName» մասնակիցների համար եւ Հայաստանում զարգացնել հումորի այս ուղղությունը, ապա՝ գրավել ուկրաինական «Лига Смеха» նախագիծը եւ ներկայացնել մեր հավաքականը»:

Պրոդյուսերի խոսքով` նախագծին կարող են մասնակցել բոլոր այն մարդիկ, ովքեր ստեղծագործում եմ այս ոլորտում, կարողանում են ծիծաղելի ներկայացնել իրենց խոսքը եւ սիրում են այն, ինչ կապ ունի հումորի հետ: Իսկ ինչ վերաբերում է ձեւաչափին, ապա այստեղ եւս սահմանափակումներ չկան.«Կարեւորը` ելույթը լինի հեղինակային, ոչ թե այստեղից-այնտեղից վերցրած սցենարի հիման վրա»:


Արմենից հետաքրքրվեցինք` ինչպիսի ակնկալիքներ ունեն նախագծից, կհաջողվի՞ արդյոք բացահայտել հումորի զգացում ունեցող տաղանդավոր մարդկանց: Նա խոստովանեց, որ բավական ռիսկային քայլի են դիմել, բայց նաեւ վստահ են, որ ամեն ինչ լավ է ստացվելու.«Այս հարցում մեզ ֆենոմենալ ուժ է տալիս «Շանթ»-ի ղեկավարության ու անձնակազմի աջակցությունը եւ մեր հանդեպ ունեցած հավատն ու վստահությունը: Ի դեպ, նախագծի ռեժիսորը Հրաչ Ղուկասյանն է, ով մեզ միացել եւ աջակցում էր նախագծի մեկնարկից դեռ 4 ամիս առաջ: Նա շատ պրոֆեսիոնալ ու լուրջ թիմ է հավաքել, եւ ուրեմն բոլոր ձեռքերով ուժեղ ենք` թե՛ սցենարական, թե՛ գեղարվեստական, եւ թե՛ տեխնիկական առումով»:

Պրոդյուսերը տեղեկացրեց, որ արդեն ստացել են մասնակցության մոտ հարյուր հայտ, բայց հայտագրման ավարտին դեռ տասը օր կա, եւ ակնկալում են մեծաքանակ թվով մասնակիցների տեսնել նախագծում, թեեւ քասթինգի փուլն անցնելու է մոտ 24 թիմ: Ինչ վերաբերում է ժյուրիի կազմին, ապա այն ընտրվել է «FunnyMen Production»-ի եւ «Շանթ»-ի ղեկավարության քննարկման արդյունքում: Այսպիսով, ժյուրիի կազմում հանդես են գալու ինքը՝ Արմեն Սուքիասյանը, Նարեկ Մեծ Հայքը, Արման Գեւորգյանը (32 ատամ), Թամարա Պետրոսյանը, Անահիտ Կիրակոսյանը, Լուիզա Ներսիսյանը եւ Արամ Մելիքյանը («FunnyMen Production»-ի տնօրեն).«Նրանք շատ վստահելի մարդիկ են, հումորի մեծ զգացում ունեն եւ սիրված են հանրության կողմից»:

Ի դեպ, հաղթող մասնակցին կամ թիմին սպասվում է 1 միլիոն դրամ` որպես մրցանակ, ինչպես նաեւ պայմանագիր «Շանթ»-ի հետ, իսկ լավագույն մասնակիցների ընտրանին Հայաստանը կներկայացնի ուկրաինական «Лига Смеха» փառատոնին, գալա համերգին եւ առաջնությանը: Մասնակիցների քասթինգը կանցկացվի հոկտեմբերի 13-ին եւ 14-ին՝ Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում, իսկ նախագիծը եթերում կլինի հոկտեմբերի 20-ից: Ավանդույթի համաձայն՝ շաբաթ օրերին կներկայացվեն օրագրերը, իսկ կիրակի օրերին՝ մրցութային ելույթները: Այնպես որ, եթե կարծում եք՝ կատակելու տաղանդ ունեք, որը պիտի հայտնի դառնա բոլորին, ապա «Հումորի լիգան» հենց ձեզ համար է:):

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Արմեն Սուքիասյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին