×


Ագաթա Իրակեմայի բրազիլական ջազի երեւանյան դրսեւորումները

«Yerevan Jazz Fest» ամենամյա միջազգային փառատոնի շրջանակում արդեն ավանդույթ է դարձել 5-րդ տարին անընդմեջ անցկացնել «ARARAT ջազ երեկո» միջոցառումը, որին հյուրընկալվում են արտասահմանցի հայտնի ջազ կատարողներ: Այս տարին էլ բացառություն չէր, երեկոյի հատուկ հյուրն էլ բրազիլացի ջազ երգչուհի Ագաթա Իրակեման էր, որը Հայաստանի պետական ջազ նվագախմբի հետ ներկայացրեց բրազիլական «բոսա նովա» ոճի սիրված ու հայտնի կատարումներ: Համերգին ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը, լուսանկարել է երեկոյի ընթացքը, ինչպես նաեւ զրուցել Ագաթա Իրակեմայի հետ:

Ագաթա Իրակեմայի երեւանյան համերգին


Մինչ ներկաները սպասում էին համերգի մեկնարկին եւ վայելում էին «Արարատ» կոնյակներն ու կոկտեյլները, մենք հասցրինք ետնաբեմում հանդիպել բրազիլացի երգչուհուն եւ մի քանի հարց ուղղել փառատոնային օրերի եւ իր համերգներից ստացած տպավորությունների մասին: Հիշեցնենք, որ Ագաթա Իրակեման նախորդ օրը եւս ելույթ էր ունեցել Հայաստանի պետական ջազ նվագախմբի հետ՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում ներկայանալով իր հայտնի մի քանի կատարումներով: Իսկ հոկտեմբերի 31-ին արդեն սպասվում էր նրա մենահամերգը «Մեցցո» ակումբում՝ մեծ երգացանկով:

«Երեկվա համերգից ստացած տպավորություններս հիանալի են: Իմ կյանքում երկրորդ անգամ էր, որ ելույթ էի ունենում մեծ նվագախմբի հետ. հրաշալի փորձ էր ինձ համար: Դահլիճն էլ շատ գեղեցիկ էր, մարդիկ շատ ջերմ էին ու հյուրընկալ: Այնպես որ, մեծ հաճույք ստացա, իսկապես հիանալի էր Երեւանում լինելն ու ելույթ ունենալը»,- մեր զրույցում խոստովանեց Ագաթա Իրակեման:

Ագաթա Իրակեմայի երեւանյան համերգին


Նրանից հետաքրքրվեցինք, թե հայ երաժիշտների հետ համագործակցությունից հետո ինչպիսի տարբերություններ է տեսնում հայկական եւ բրազիլական ջազի միջեւ, ինչպիսի առանձնահատկություններով են դրանք աչքի ընկնում: Ագաթան նկատեց, որ անկախ ազգային պատկանելությունից՝ երաժիշտները միշտ մի ընդհանուր բան ունեն՝ կիրքը երաժշտության նկատմամբ.«Կարծես մի մեծ ընտանիք լինի, որն այդ սերն ու կիրքը տարածում է ամբողջ աշխարհում՝ ջազային հնչյունների շնորհիվ: Իհարկե, տարբերություններ եւ առանձնահատկություններ կան: Օրինակ` հայկական ջազը հենց ավանդական ազդեցությունների համադրություն է կարծես: Նույն ազդեցությունը կա նաեւ բրազիլականի դեպքում. մեր երաժշտությունն էլ կարծես սամբայի կամ բոսա նովայի համադրության արդյունք է: Այսինքն՝ խոսքը մշակութային տարբերությունների մասին է»:

Ագաթա Իրակեմայի երեւանյան համերգին


Նա իր ելույթը հայերեն ողջույնով սկսեց՝ «Բարի երեկո» ասելով հյուրերին: Ինչ վերաբերում է հանդիսատեսին, ապա «Mezzo Production»-ի տնօրեն Անի Սաղոյանն իր խոսքում ճշտորեն նկատեց, որ հայ երաժշտասերները տարեցտարի կրթվում են ու ավելի գրագիտորեն են մոտենում ջազին.«Այս տարվա փառատոնի շրջանակում ինձ համար ամենայուրահատուկ համերգը եղել է շվեդ ջազ բասիստ Լարս Դանիելսոնի եւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համատեղ ելույթը, որտեղ ջազը ներկայացվում էր դասական հնչյուններով: Նման փորձ մենք նախկինում չէինք ունեցել, եւ եթե մի քանի տարի առաջ նման համերգ լիներ, ապա դահլիճը կիսադատարկ կլիներ, իսկ այս տարի մենք ունեինք հավաքված դահլիճ եւ այդ երաժշտությունն իսկապես գնահատող հանդիսատես»:

Ագաթա Իրակեմայի երեւանյան համերգին


Անին նաեւ նշեց, որ իրենք ամեն տարի Ջազի հայկական ասոցիացիայի հետ համատեղ փորձում են մատուցել նոր, տարբերվող համերգային ծրագրեր, որպեսզի փառատոնային օրերը հիշվող լինեն ինչպես հայ հանդիսատեսի, այնպես էլ արտասահմանից ժամանած անվանի երաժիշտների համար:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport