×


Եթե Լուիզա Ղամբարյանը, Արթուր Ութմազյանն ու Վահագն Գալստյանը անկեղծ խոսեն

Երբեւէ մտածե՞լ եք, թե ինչպիսի իրավիճակում կհայտնվեք, եթե բոլորի հետ անկեղծ խոսեք ու ասեք այն, ինչ մտածում եք: Այսպիսի մի իրավիճակ է նկարագրված դերասան եւ ռեժիսոր Ժան Նշանյանի բեմադրած «Եթե անկեղծ խոսենք» ներկայացման մեջ, որի առաջնախաղը երեկ էր` Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում: Գլխավոր դերերում հանդես են գալիս Արթուր Ութմազյանը, Լուիզա Ղամբարյանը եւ Վահագն Գալստյանը: Նոր ներկայացման ընթացքին հետեւել է BRAVO.am-ը, լուսանկարել եւ զրուցել է ռեժիսորի ու դերասանների հետ:

Ժան Նշանյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ ամեն տարի, երբ մեկնում է Միացյալ Նահանգներ, իր առաջին խնդիրը լինում է Հայաստան վերադառնալիս լավ պիեսներ բերելը: Այդ 4-5 ամսվա ընթացքում նա կարդում եւ ուսումնասիրում է բազմաթիվ նյութեր, որոնցից մի քանիսն ընտրում է` թարգմանելու, իսկ այնուհետեւ թատրոնում բեմադրելու համար.«Լավագույն պիեսներից շատերը, որոնք այսօր ԱՄՆ-ում մրցանակների են արժանանում, հիմնականում քաղաքական բնույթի են կամ քարոզում են որոշ երեւույթներ եւ հարմար չեն մեր թատրոնի խաղացանկին: Դրանց մեջ կան շատ կոմերցիոն պիեսներ եւ կան շատ լավ պիեսներ, այսինքն՝ խորիմաստ: Այդպիսի մի գործ էր Սեմ Բոբրիկի «Եթե անկեղծ խոսենք» պիեսը, որը շատ հավանեցի, թարգմանեցի, եւ այսօր մենք խաղալու ենք թատրոնում»:

Լուիզա Ղամբարյանը եւ Արթուր Ութմազյանը


Նա նշեց, որ պիեսը կարդալու առաջին իսկ օրվանից գլխավոր հերոսի դերում պատկերացրել է Արթուր Ութմազյանին: Այդ պատճառով էլ առանց վարանելու թարգմանել է պիեսը եւ Հայաստան վերադառնալուն պես ներկայացրել Արմեն Խանդիկյանին` թատրոնի գեղարվեստական ղեկավարին.«Միանգամից սկսեցինք աշխատանքները եւ արդեն մի քանի ամիս է`տանջվում էինք այս պիեսի վրա, քանի որ շատ բարդ կառուցվածք ունի: Մեզ օգնության հասավ հենց Արմեն Խանդիկյանը, ով էլ  դարձավ ներկայացման գեղարվեստական ղեկավարը: Նրա օգնությամբ ստացանք մի ներկայացում, որը, կարծում եմ, արժանի է դրամատիկական թատրոնին եւ ընդհանրապես պատիվ է բերում մեր հանրապետությանը»:

Ժան Նշանյանն ընդգծեց` վաղուց է դուրս եկել այն տարիքից, որ պետք է թատրոնում իր ռեժիսորական կարիերայով զբաղվի: Ասաց` այդ «ես»-ն իրեն վաղուց է հանգիստ թողել, թեեւ շատ ռեժիսորներ «ես»-ից այն կողմ չեն գնում.«Ինձ համար առաջին խնդիրն այն է, որ թատրոնում լավ ներկայացում լինի, որպեսզի մեր հանդիսատեսը գա, նայի եւ բավականություն ստանա: Աշխատելով այնպիսի դերասանների հետ, ինչպիսիք են Արթուր Ութմազյանը, Լուիզա Ղամբարյանը եւ Վահագն Գալստյանը, մենք կարողացանք ստեղծել մի հրաշալի ներկայացում: Կարծում եմ՝ հետաքրքիր է ստացվել: Բացի այդ, սա հատուկ տեղ ունի իմ հոգում, քանի որ այդքան փնտրտուքից հետո գտել եմ ու ինքս էլ թարգմանել»:

Արթուր Ութմազյանը


Ինչ վերաբերում է ներկայացման սյուժեին, ապա գլխավոր հերոսը` Էթհանը, մարդկանց հետ շփվելու խնդիր ունի: Նա նյարդայնացնում է բոլորին եւ որոշում է դիմել հոգեբույժի: Նյարդայնացնելու պատճառը նրա էությունն է. նա մարդկանց երեսին անկեղծ ասում է այն, ինչ մտածում է: Էթհանը հանճարեղ իմպրովիզատոր է: Այցելելով հոգեբույժ ամուսիններին՝ սկզբում բժշկուհի Անիտային, իսկ հետո բժիշկ Սիդնիին՝ նրանց հասցնում է «խելագարության»: Նրանք որոշում են վրեժ լուծել Էթհանից, բայց այդ փորձը պսակվում է անհաջողությամբ: Արդյունքում հոգեբույժ ամուսինները բացահայտում են իրենց հարաբերություններում եղած խնդիրները, որոնց մասին տարիներ շարունակ իմացել են, բայց չեն բարձրաձայնել: Եվ այս պատմությունն ընթանում է կատակերգական հետաքրքիր իրավիճակներով:

Լուիզա Ղամբարյանը, ով մարմնավորում է բժշկուհի Անիտային, մեր զրույցում նկատեց, որ այսօր շատ են այն մարդիկ, ովքեր չհասկացվածության բարդույթով են տառապում եւ օգնության կարիք ունեն: Բայց արի ու տես, որ հաճախ հենց այդպիսի խնդիրներով զբաղվող մասնագետներն են լինում նյարդային, անառողջ ու ջղաձգված. «Իմ հերոսուհին, լինելով հոգեբույժ, ենթադրաբար պիտի օգներ Էթհանին, բայց ինքն ավելի շուտ է մատնում իրեն ու իր խնդիրները: Իհարկե, մեր հերոսը նյարդայնացնող է, բայց նա դա չի անում դիտավորյալ, նա պարզապես այդպիսին է: Գիտեք, երեկ` մեր գլխավոր փորձից հետո, իմ շատ ծանոթներ խոստովանեցին, որ իրենք նման են գլխավոր հերոսին: Սա շատ հետաքրքիր դիտարկում է. ես երբեք չէի մտածի, որ շատերն իրենց են տեսնում այդ կերպարում»:

Ժան Նշանյանը


Նա նշեց` այդպիսի մարդկանց հաճախ կարող են համարել գիժ, տարօրինակ, բայց այդ մարդիկ ընդամենն անկեղծ խոսում են եւ արտահայտում իրենց մտքերը.«Նրանք բնավ չեն ուզում վիրավորել դիմացինին, պարզապես այդպես են մտածում, այսինքն` միմյանց հետ անկեղծ խոսելու խնդիր կա»:

Եթե ուզում եք դիտել նորաոճ ու տարբերվող ներկայացում, որը ձեզ ծիծաղելու, տխրելու եւ ամենակարեւորը` մտածելու տեղիք կտա, որն աչքի կընկնի դերասանների պրոֆեսիոնալ խաղով եւ բեմական հետաքրքիր լուծումներով, ապա այս ներկայացման հանդիսատեսը հենց դուք եք: Եթե անկեղծ խոսենք, նման ներկայացումներն այսօր այնքան էլ շատ չեն...

Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW