×


Լիլիանա Բելլան

Լիլիանա Բելլա.«Ինձնից լավ ոչ ոք չի կարող ասել՝ ինչ եմ ես զգում»

21-ամյա երգչուհի Լիլիանա Բելլայի «Ya» երգի տեսահոլովակն աչքի է ընկնում իր վառ կերպարներով, ուրույն ոճով եւ հետաքրքիր լուծումներով: BRAVO.am-ը զրուցել է Լիլիանայի հետ, ով, ի դեպ, մասնագիտությամբ տնտեսագետ է եւ մի քանի տարի առաջ է տեղափոխվել Հայաստան: Հետաքրքրվել ենք, թե երբվանից է զբաղվում երաժշտությամբ, ինչ ժանրեր է նախընտրում եւ ինչ պլաններ ունի հայկական շոու-բիզնեսի հետ կապված:

«Ya» երգի տեսահոլովակի մասին

Սա իմ առաջին պրոֆեսիոնալ տեսահոլովակն է. նախորդներն ինքս եմ հավաքել տարբեր կադրերի հիման վրա: Երգի խոսքերի հեղինակը ես եմ, իսկ երաժշտության հեղինակը՝ ԳԱԳՍՈ-ն (Գարեգին Ներսիսյան): Առհասարակ, իմ երգերի բառերը միշտ ինքս եմ գրում, որովհետեւ երաժշտությունն ինձ համար արտահայտվելու միջոց է, եւ ինձնից լավ ոչ ոք չի կարող ասել՝ ինչ եմ ես զգում: Իսկ ինչ վերաբերում է հոլովակին, ապա ամեն ինչ մտածել, նախագծել ու իրականացրել է ռեժիսոր Մերի Մովսեսյանը, նկարահանել է օպերատոր Արտյոմ Սարիբեկյանը: Երգը սիրո մասին է, երգում եմ՝ «Իմ անսահման խենթ աշխարհում ես քեզ համար տեղ եմ գտնում ու թույլ եմ տալիս, որ մտնես իմ կյանք:)»:

Լիլիանա Բելլան


«Ջազի մեծ սիրահար եմ»

Ինչպես ինքներդ էլ նկատեցիք, փոքր-ինչ ալտերնատիվ ժանրում եմ ստեղծագործում: Ես հատկապես ջազի մեծ սիրահար եմ, ֆանկի եւ ընդհանրապես 90-ականների երաժշտական ոճերի: Բոլոր այն երգերս, որոնք տեղադրված են «Youtube»-ում, իմ առաջին քայլերն են, փորձել եմ գտնել ինձ ոճային առումով: Հիմա իմ առաջին ալբոմի վրա ենք աշխատում, որը երգերի փոքր հավաքածու է լինելու: Այնտեղ արդեն հստակ ընդգծված կլինի իմ ձեռագիրը, կզգաք, թե որ ոճում եմ նախընտրում ստեղծագործել:

Մասնագիտությամբ՝ տնտեսագետ, կոչումով՝ երգչուհի

Ճիշտն ասած՝ ես մասնագիտությամբ երգչուհի չեմ, տնտեսագետ եմ եւ սովորում եմ Հայաստանի ամերիկյան համալսարանում, մի քանի շաբաթից կավարտեմ արդեն: Ինչ վերաբերում է երաժշտությանը, մոտ 12 տարեկանում, երբ գնացի երաժշտական դպրոց, սովորեցի կիթառ նվագել ու սկսեցի ինչ-որ երգեր գրել ինքս ինձ համար, ձայնագրել ու տեղադրել «YouTube»-ում: Հետո դաշնամուրով էլ էի նվագում-երգում, ու ինձ մի տղա նկատեց, ասաց՝ արի մեր ստուդիա, զրուցենք, կարող է՝ ինչ-որ նախագծի շուրջ համագործակցենք: Գնացի, խոսեցինք ու այդպես սկսեցինք աշխատել միասին: Խոսքը հենց Գագսոյի մասին է, ում հետ արդեն երկու տարի է՝ աշխատում ենք «Yellin' Records»-ում, երգեր ենք գրում միասին: Հիմա էլ, ինչպես նշեցի, ալբոմիս վրա ենք աշխատում, որը հավանաբար կթողարկվի ամառվա վերջին:

Լիլիանա Բելլան


Տեղափոխությունը Հայաստան եւ սպասվող ճանապարհորդությունը

Ես ծնվել, մեծացել եմ Մոսկվայում, բայց 13 տարեկանում տեղափոխվել եմ Հայաստան, եւ արդեն ութ տարի է՝ այստեղ եմ: Անկեղծ ասած՝ Հայաստանն ավելի շատ եմ սիրում, քան Ռուսաստանը, թեեւ որոշ չափով նաեւ ռուս եմ: Կարելի է ասել՝ Հայաստան տեղափոխվելուց հետո եմ հայերեն սովորել: Նպատակ ունեմ նորից ընդունվել համալսարան եւ այս անգամ մասնագիտանալ երաժշտության ասպարեզում, քանի որ չեմ կարծում՝ երբեւէ որպես տնտեսագետ կաշխատեմ (ժպտում է,- հեղ.): Ցանկանում եմ կրթությունս շարունակել ԱՄՆ-ում, որից հետո կմեկնեմ ճանապարհորդության, կուսումնասիրեմ աշխարհն ու կշարունակեմ ստեղծագործել:

Լիլիանա Բելլան


Սկսնակ եմ ու շատ քիչ բաների եմ հասել, բայց նպատակներս մեծ են: Պարզապես երբ նպատակ եմ դնում իմ առջեւ, ամեն կերպ փորձում եմ հասնել, ուրիշ ելք չկա: Ու չնայած նրան, որ ալտերնատիվ ժանրերում ստեղծագործողների համար իրոք դժվար է Հայաստանում, որովհետեւ շատ քիչ է լսվում, բայց տեսնենք՝ ինչպես կլինի: Հիմա իմ առաջին նպատակն է ալբոմի թողարկումն ու համալսարան ընդունվելը, մնացածը քիչ-քիչ կստացվի, հուսով եմ:):

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Լիլիանա Բելլան

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին