×


Նարինե Աբգարյանը

Կէկրանավորվի Նարինե Աբգարյանի «Զուլալի» պատմվածքը

Այս տարվա հոկտեմբերին կսկսվի արձակագիր Նարինե Աբգարյանի «Զուլալի» պատմվածքի էկրանավորումը։ Երեք գլխավոր կերպարների` Նազարոսի, Մամիդայի եւ Զուլալիի պատմությունը նկարահանելու է ռեժիսոր Հայկ Օրդյանը։

Ոչ ստանդարտ ընտանիքի պատմությունն ամբողջովին հորինված է, բայց կերպարները մարդիկ են, որոնք մանկությունից սկսած միշտ շրջապատել են արձակագրին։ Նարինե Աբգարյանը պատմում է, որ երբեք չի երազել գրող դառնալու մասին, երբեք չի պատկերացրել, որ իր գրածները երբեւիցե նկարահանելու են, եւ երբ ռեժիսորը հայտնել է ֆիլմ նկարելու ցանկության մասին, ինքը բոլորովին չի պատկերացրել, թե նման պատմությունն ինչպես կարելի է էկրանավորել.

«Ռեժիսորը շատ հետաքրքիր ձեւ է գտել՝ ինչպես անի, որ պատմություններն իրար հետ կապված լինեն. գրքում հեշտ է կարդալ յուրաքանչյուր հերոսի պատմածը, իսկ ֆիլմում դժվար է դա ցույց տալը։ Հայկը հեշտ ճանապարհներ չի ընտրում իր համար, հետեւապես ես համոզված եմ, որ ամեն ինչ լավ կստացվի։ Ինձ համար կարեւոր էր, որ այդ պատմությունը նկարեին մարդիկ, որոնք ծնվել են Հայաստանում, գիտեն մեր տեղի նիստ ու կացը, մեր ադաթները, ուտեստները։ Պատմությունն իմ հայրենի Տավուշի մասին է, որտեղ ես ծնվել եմ, եւ ռեժիսորը եւս այնտեղից է, հետեւապես տեղի համն ու հոտը շատ ճիշտ իրենք կհաղորդեն»։ 

Հայկ Օրդյանը


Ռեժիսոր Հայկ Օրդյանի խոսքով` պատմվածքի ընտրությունը պայմանավորված էր նրանով, որ ե՛ւ պատմությունը, ե՛ւ հերոսներն իրեն շատ հոգեհարազատ էին.

«Շատ վաղուց ճանաչում էի այս կերպարներին, ուղղակի Նարինեն շատ լավ, տաղանդավոր ձեւով իրենց համախմբել է մի պատմվածքի մեջ, որը կարդալիս միանգամից տեսա կինոն, տեսա այն պատկերները, որոնց մասին հետագայում արդեն երկար մտածեցի եւ հասկացա` պիտի ֆիլմ դառնա։ Ֆիլմը պատմվածքի դրամատուրգիական լուծումներով ենք անելու, այդ շղթան չենք խախտելու։ Սակայն, բնականաբար, ավելացրել ենք շատ էպիզոդներ, որոնք պատմվածքի մեջ հասկանալի պատճառներով բացակայել են. պատմվածքը կարճ է, իսկ մենք պետք է լիամետրաժ ֆիլմ նկարահանենք։ Կարծում եմ` էպիզոդները, որոնք մենք ավելացրել ենք, շատ համահունչ ներգրավվել են ընդհանուր պատմության մեջ»։

Հերմինե Ստեփանյանը


Զուլալիի կերպարը մարմնավորում է դերասանուհի, հաղորդավարուհի Հերմինե Ստեփանյանը։ Նա նշում է, որ մեծ ուրախությամբ է առաջարկն ընդունել, քանի որ նախ Նարինե Աբգարյանի գրականության մեծ սիրահարներից է, բացի այդ, խոսքը Տավուշի մասին էր, որտեղ ապրել է յոթ տարի.

«Զուլալին իմ մարմնավորած կերպարներից պետք է որ ամենալուսավորը լինի, ճիշտ այնպես, ինչպես «Զուլալի» ստեղծագործության մեջ է։ Առհասարակ, այնտեղ բոլոր կերպարները լուսավոր են, եւ այդ լույսի շողը, հուսամ, կկարողանամ փոխանցել։ Միշտ ասում եմ, որ հեռուստատեսությունն իմ աշխատանքն է, իսկ կինոն իմ սերը, կյանքը, եւ վերջապես ես հնարավորություն կունենամ ապրելու, որովհետեւ արդեն նկարահանված դերերս համեմատաբար ավելի փոքր են եղել։ Հիմա այստեղ ապրելու, սիրելու, ստեղծագործելու բավական մեծ հնարավորություն ու հարթակ կա, եւ հուսամ` ամբողջ թիմով կկարողանանք այդ կյանքն ապրել»։

Նարինե Աբգարյանը եւ Արտավազդ Փելեշյանը


«Զուլալի» ֆիլմի նկարահանումներն անցկացվելու են Տավուշի մարզի Նավուր եւ Այգեձոր գյուղերում։ Ֆիլմը նկարահանվելու է հայերենով, իսկ հետագայում թարգմանվելու է նաեւ ռուսերեն։ Ֆիլմի պրոդյուսերն Արսեն Իսկանդարյանն է, իսկ սցենարի հեղինակը` Աստղիկ Սիմոնյանը։

Տեքստը` Նանե Պետրոսյանի/Bravo.am/
Լուսանկարները` Հրանտ Մարինոսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport