Զույգի հայկական նշանադրության ֆրանսիական մասնիկը:) Փոփ-ռոք ոճում հանդես եկող Արեւիկ Ալավերդյանն օրերս նշանվել է: Երգչուհին ու իր սիրելին՝ Ֆրանսիայում բնակվող Հայկ Շահբազյանը, դեռ ինն ամիս առաջ էին որոշել իրենց նշանադրության օրը:): Զույգը միմյանց ճանաչում է 2005 թվականից, ծանոթացել են ընդհանուր ընկերների միջոցով, հետո Հայկի արտերկրում ապրելու պատճառով շփվել են ինտերնետով ու հեռախոսով: Երգչուհին դեռ այս տարեսկզբին BRAVO.am-ին պատմել էր իր սիրո մասին: “Առաջին հայացքից ուղղակի համակրել ենք, բայց չէի մտածում, որ Հայկը լինելու է ընտրյալս: Շփվելուց ու ավելի լավ ճանաչելուց հետո հասկացա, որ համապատասխանում է այն կերպարին, որ կցանկանայի տեսնել կողքիս: Աստիճանաբար ավելի ու ավելի համոզվում էի դրանում”,- նշել է երգչուհին: 25-ամյա Արեւիկ Ալավերդյանի ու 27-ամյա Հայկ Շահբազյանի նշանադրությունն եղել է հայկական մթնոլորտով, երաժշտությամբ ու ավանդույթներով, միայն տարոսիկներն են հիշեցրել Ֆրանսիան. “Հայկն իր հետ բերել էր Էյֆելյան աշտարակի փոքր հուշանվերներ, որոնցից պատրաստեցինք մեր տարոսիկները:)”: Երգչուհին նշել է՝ իր զգեստով ու ոճով ինքն է զբաղվել, ամիսներ շարունակ տարբեր զգեստներ է փորձել, վերջում էլ որոշել երկու զգեստ կրել. “Դերձակիս՝ Գայանե Անտոնյանի հետ մտածում էինք, թե ինչ հետաքրքրիր շոր կարելի է կարել: Այնքան ձեւափոխեցինք, որ նշանդրեքից երկու օր առաջ եմ վերցրել զգեստը: Փորձել եմ հունական ոճն ու ժամանակակից էլեմենտները միախառնել, սանրվածքս նույնպես հունական ոճի էր. վարսերս հարդարել էր Անի Ավդալյանը”: Նշանադրությունը տեղի է ունեցել ռեստորանային համալիրներից մեկում՝ մտերիմ բարեկամներով եւ ընկերներով: Զույգին շնորհավորել ու իր երաժշտական կատարումներն են նվիրել դիջեյ Vakcina-ն, “GiGaBeat” խմբի Բագրատը, նաեւ ներկա են եղել երգչուհի Մարիաննա Հովհաննիսյանը, երգահան Կարեն Գրիգորյանը. “Ընկերներս մեր ուրախ երեկոն ապահովեցին: Քույրս՝ Անուշիկը, ժողովրդական պոպուրի երգեց, որը Ֆրանսիայի մեր հյուրերին շատ դուր եկավ: Հայկական շախով երաժշտությամբ, վերջում էլ էլեկտրո ռիթմերով լավ ուրախացանք:)”, - BRAVO.am-ին պատմել է երգչուհին: Զույգը նշանադրությունից առաջ առանձին ֆոտոսեսիա է ունեցել, լուսանկարել է Արթուր Lumen Գեւորգյանը, եւ այդ ֆոտոշարքի լուսանկարները քարտերի տեսքով բաժանվել են հյուրերին. “Նկարները տարբեր էին, բոլորին մեկ հատ նվիրում էինք, բայց երգահան Կարեն Գրիգորյանը վերջում մոտ 20 հատ վերցրեց ու գնաց` ասելով, որ մեզ բոլորից շատ է սիրում:)”: Ինչպես BRAVO.am-ի հետ զրույցում նշել է Արեւիկը, հարսանիք այս տարի չի լինի, գուցե հաջորդ տարի Երեւանում մեծ հարսանիք կազմակերպեն, իսկ արդեն ամուսնությունից հետո երգչուհին կմեկնի Փարիզ՝ սիրելիի ընտանիքի մոտ: “Հայկը սիրում է Երեւանը, ազատ ու առանց ակցենտի խոսում է հայերեն, իրեն այստեղ լավ է զգում, բայց իր հիմնական բիզնեսը Ֆրանսիայում է: Այնտեղ ռեստորան ունեն, բացի դա, կազմակերպում են տարբեր միջոցառումներ, ֆուրշետներ, երեկույթներ: Միգուցե ես էլ միանամ ընտանեկան բիզնեսին, ինքս էլ սիրում եմ կազմակերպչական հարցերով զբաղվել”, - նշեց Արեւիկն ու ավելացրեց, որ նշանադրությունը հենց ինքն է կազմակերպել: Ալավերդյան քույրերը կատակով նշում են, թե պարզ չէ՝ ով ում հարսնաքույրը կլինի:). “Այսպես շարունակվի, կարող է Անուշիկն իմ հարսնաքույրը լինի, որովհետեւ ամեն ինչ պլանավորածից շուտ է ստացվում: Ես եմ մեծ քույրը, բայց Անուշիկը վաղուց է նշանված, բայց դեռ չգիտեն՝ հաջորդ տարի կամուսնանան, թե՝ ոչ”: Արեւիկի խոսքով՝ նշանվածի կարգավիճակում պարտավորվածություն ու կապվածություն է զգում, նույնիսկ իրեն մայրիկի դերում է պատկերացնում:). “Նշանդրեքից հետո միայն մատանին է ավելացել, որը պատրաստել է Հայկի հորեղբորը պատկանող “SimonG.Jewelry” ընկերությունը: Ի դեպ, հորեղբայրն էլ կլինի մեր կնքահայրը: Այնպիսի զգացողություն ունեմ, որ շատ մոտ է ամուսնությունը, որին արդեն հոգեպես պատրաստ ենք”: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի / Bravo.am/ Լուսանկարները` Արեւիկ Ալավերդյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: