×


Կասկադը նոր բնակիչներ ունի :)

Գաֆեսճյան արվեստի կենտրոնում նոր արվեստանմուշների հաճելի տեղատարափ է:): Ցամաքով, ծովով եւ օդով, աշխարհի տարբեր կետերից՝ Լոնդոն, Փարիզ, Ամստերդամ, Նյու Յորք, Մայամի եւ Հոնկոնգ, Հայաստան են ժամանում նոր քանդակներ, որոնցից շատերն արդեն իսկ զբաղեցրել են իրենց տեղերը:

Ջիմ Անսուորթի “Կրկես” մոնումենտալ քանդակը


Եվ այսպես, Ջիմ Անսուորթի “Կրկես” մոնումենտալ քանդակը, որը ներկայացնում է կրկեսում գտնվող երեք փղի, տեղադրվել է 50-ամյակի հուշարձանի հարեւանությամբ: Նույն հարթակում է գտնվում նաեւ Պիտեր Հիլ Ջոնսի “Փոքրիկ տնակը”: Իրական շինանյութերից պատրաստված տնակը ճարտարապետական մտքի փոքրիկ մոդել է՝ շրջապատված կանաչ տարածքով, որն էլ ինքնին դարձել է արվեստանմուշի մի մասը: Էկզոտիկ թռչնաքանդակների խումբը շուտով նոր գեղեցկություն կհաղորդի տեղանքի կանաչ հատվածին:):

Պիտեր Հիլ Ջոնսի “Փոքրիկ տնակը”


Կորեացի արվեստագետ Ջի Յոնգ Հոյի “Առյուծ 2”-ին է միացել չինացի արվեստագետ Ժաոհուի Լիուի սպիտակ մարմարյա “Բեւեռային արջը” : Կենդանին եկել է հիշեցնելու, որ արվեստը բացի գեղագիտական արժեք լինելուց, կարող է նաեւ անդրադառնալ բնության եւ շրջակա միջավայրի պահպանման խնդիրներին:
 

Ժաոհուի Լիուի “Բեւեռային արջը”


Կասկադի ներսում՝ Շարժասանդուղքների սրահում, նույնպես տեղադրվում են նոր աշխատանքներ: Դրանցից են կալիֆոռնիացի արվեստագետ Լեդդի Ջոն Դիլի եւ Արիզոնայից Օտտո Ռիգանի քանդակները: Արտասովոր դիզայնով ստեղծված աթոռների եւ բազմոցների հավաքածուն կգրավի այցելուներին իր յուրահատուկ նորարարությամբ, մինչ նրանք կտեղափոխվեն այս ցուցասրահի շարժասանդուղքներով:

Գաֆեսճյան քանդակների պարտեզում տեղադրվելու է նաեւ կոլումբիացի արվեստագետ Ֆերնանդո Բոտերոյի ամենակարեւոր աշխատանքներից մեկը՝ “Ծխող կինը”: Բրիտանացի արվեստագետ Բարրի Ֆլանագանի երկու աշխատանք՝ “Գենդրդ 1/Գենդրդ 2”-ը կհամալրեն պարտեզում առկա Ֆլանագանի մյուս քանդակների հավաքածուն. երկու փղի վրա կանգնած են արվեստագետի կողմից սիրված նապաստակները:

Օտտո Ռիգանի հեղինակած քանդակներից


Ամերիկացի արվեստագետ Պիտեր Վոյտուկի  կապույտ “Կիվին”, որը երկար ժամանակ գտնվել է Նյու Յորք քաղաքում՝ Բրոդվեյի Վերդի հրապարակում, կհանգրվանի Գաֆեսճյան քանդակների պարտեզում՝ Բոտերոյի հանրահայտ “Կատվի” հարեւանությամբ:

Նշենք, որ բոլոր քանդակները համալրում են “Ջերարդ Լ. Գաֆէսճեան” հավաքածուն: 

Տեղեկատվությունը եւ լուսանկարները տրամադրել է Գաֆեսճյան արվեստի կենտրոնը
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին