«Համոզված եմ, որ շատ երջանիկ եմ լինելու:)»
Պատրիսիա Կասի ու Մադոննայի երգերի ներքո երգչուհի, դերասանուհի Հասմիկ Ղարիբյանը սկսել է իր առաջին քայլերը: Փոքրիկ Հասմիկը փորձել է նմանակել նրանց, երգի ուղեկցությամբ պարել ու երգել`ասելով, որ երբ մեծանա երգչուհի, պարուհի ու դերասանուհի է դառնալու: Իսկ մասնագիտական առաջին լուրջ քայլերի սկզբը եղել է «Կարգին հաղորդման» մեջ հանդես գալը, ինչից էլ դերասանուհին ստացել է Կարգին Հասո անվանումը: Bravo.am-ի հետ զրույցում Հասմիկը խոսեց իր, երգի ու դերասանական արվեստի հանդեպ ունեցած մեծ սիրո եւ հեռուստատեսության մասին:
- Մանկուց ես սիրել երգն ու դերասանական արվեստը: Ի՞նչ արեցիր, որ այդ սերը մասնագիտության վերածվեց:
-Օրերով, ժամերով չեմ պարապել: Երգչուհիներ կան, ովքեր փոքր տարիքից գերմանական ռեժիմով վոկալ, դերասանի վարպետություն ու աֆերիստություն են պարապել, ամեն ինչ սովորել, բայց ես տաղանդիս մի աչքով եմ նայել, չեմ զարգացրել. բախտս բերել է, որ Աստված չի վերցրել այն: Ինքս ինձ, հավեսի համար եմ աշխատել: Կյանքում նպատակ չեմ ունեցել ինչ-որ միջազգային մրցույթի մասնակցել կամ մրցանակ ստանալ:
-Իսկ «Կարգին հաղորդման» մեջ մուտքդ ո՞ն ց եղավ:
-«Կարգին հաղորդման» մեջ եւս հավեսի համար եմ նկարվել: Տղաներին ճանաչում էի, ընկերներ էինք, մի օր հարցրին` կուզե՞մ նկարվել, համաձայնեցի: Առաջին նկարահանումը մեր տանը եղավ:
-Տարբեր դերերում ես հանդես եկել: Կա՞ կերպար, որը քեզ հարազատ է կամ հակառակը:
-«Կարգին հաղորդման» մեջ բոլոր դերերն էլ ինձանից կիլոմետրերով հեռու, աննորմալ դերեր են:): Կան դերեր, որ կոմպլեքս են առաջացնում: Սիրուհու կամ թեթեւաբարո կանանց դերի մեջ մի քիչ դժվարությամբ եմ մտնում, բայց ինքս ինձ դաստիարակում եմ` բա ո՞ւր մնաց այն դերասանը: Իմ ամենամեծ քննադատը ես եմ, այնքան եմ ինձ քննադատում, որ կողքիններս արդեն ինչ-որ չեղած բաներ են տեսնում: Ես իմ արածը գովելու կամ իմ գործով բավարարված լինելու բնավորություն չունեմ: Որ օրը արտիստն ինքն իրենով բավարարված լինի կամ վստահ, թե ինքը կայացած է, այդ օրը նրա կործանման օրն է:
-Իսկ ի՞նչն է այդ կոմպլեքսի պատճառը: Հասարակության կարծիքն ես կարեւորո՞ւմ:
-Սիրուհի հասկացությունը հասարակության մեջ վատ է ընդունվում: Կան մարդիկ, ովքեր կարծում են, թե այդ դերերից հետո շարունակություն է լինում, որը հեռուստատեսությամբ չեն տեսնում: Նմաններին ո՞նց մարդ ասես: Նրանք ինձ համար չկան, կարծիք էլ չկա: Ես իմ արվեստը ներկայացնում եմ այն մարդկանց, ովքեր մարդ են, ովքեր ընդունում են այն: Աշխատում եմ մարդկանց լավ շերտի համար, իսկ այդ վատին, կարծում եմ, որ կլինեն արտիստներ, ովքեր կբավարարեն: Շատ ուրախ եմ, որ հասարակության լավ շերտն ինձ գնահատում է:
-Բացի վերոնշյալ կերպարները, շատ ազատ ես երեւում: Իրական կյանքում էլ ե՞ս այդքան ազատ:
-Իմ դերերի ազատությունն իրական կյանքում ես չունեմ. շատ ամաչկոտ եմ, շատ կոմպլեքսներ ունեմ: Բայց բեմում ազատ եմ. չգիտեմ` ինչ ուժ է գալիս ինձ, ես բեմում լիովին արտիստ եմ, իսկ երբ բեմից ոտքս դուրս եմ դնում, շատ կոմպլեքսներ ունեմ: Քեֆերի ժամանակ էլ մինչեւ վեր եմ կենում, որ պարեմ, բոլորի հոգին հանում եմ: Իսկ բեմում դա չկա: Բեմը մի տեսակ ուրիշ է ինձ համար, այնտեղ ես վայելում եմ հանդիսատեսի շունչը, էներգիան:
Յուրաքանչյուր բեմ դուրս գալուց ձեռքերս դողում է, կարծում եմ, յուրաքանչյուր արտիստն էլ բեմ դուրս գալուց հուզվում է. էլ ի՞նչ արտիստ, որ չհուզվի...ուրեմն նա պատասխանատվություն չունի:
-«Կարգին սերիալ»-ի Սոֆայի մասին ի՞նչ կասես:
-Վայ, Սոֆային ես այնքան եմ սիրում: Անգամ խղճում եմ նրան. ինքն այնքան բարի է, լավը...Սոֆայի կերպար շատ դժվարությամբ եմ մտել: Մի քիչ գժի, մի քիչ սիրահարվածի, մի քիչ տարօրինակի ու մի քիչ էլ անճաշակի միասնություն պետք է մարմնավորեի: Սկզբնական շրջանում դեռ չէի գտել, հիմա բավական հեշտ է, քանի որ արդեն մտել եմ կերպարի մեջ: Հենց սկզբից, երբ տղաներն ինձ ներկայացրին կերպարը, հավանել եմ: Մի խոսքով` շատ եմ սիրում Սոֆային:
-Թատրոնում խաղալու ցանկություն կամ առաջարկ ունեցե՞լ ես:
-Թատրոնում լինելու մեծ ցանկություն կա, առաջարկներ էլ են եղել, բայց մեզ մոտ մի քիչ ամոթալի վիճակ է. դերի համար իրար մազ են պոկում...զարմանում եմ:
-Իսկ դու երբեւէ նման իրավիճակի բախվե՞լ ես:
-Մի անգամ առաջարկ ստացա «Դոն Ժուան Ավիա» ներկայացմանը մասնակցելու համար, պարոն Դուրյանը հրավիրեց, երեք աղջիկներից մեկը պետք է լինեի, դերս հաստատված էր, մնում էր զանգեին ինձ, գումարի համար պայմանավորվեինք: Չզանգեցին: Որոշ ժամանակ անց ես զանգեցի, ասաց, որ իրենք «մի քիչ էլ են քասթինգ անում, մի երկու օրից կզանգի»: Որոշ ժամանակ անց հանդիպեցի իմ ծանոթ դերասանուհիներից մեկին, ասաց, որ այդ ներկայացման փորձերին է գնում, ես, բնականաբար, նրան հաջողություն մաղթեցի, բայց էլի ինչ-որ ժամանակ անց պարզվեց, որ այդ դերասանուհին եւս չի լինելու...շատ խառը պատմություն է: Փաստն այն է, որ ոչ պրոֆեսիոնալ բաներ են անում, նախապես պետք էր զգուշացնել: Նամանավանդ այն մարդու կողմից, ով ունի սպիտակ մազեր եւ անուն, ճիշտ չէ: Պետք է քո խոսքն արժեք ունենա...Ես չեմ զարմանում ոչնչի վրա:
-Մոտ 9 տարի է` հեռուստատեսությունում ես, հանդես ես գալիս ճանաչված հումորային հաղորդման շրջանակներում, ի՞նչ կասես դաշտում տիրող իրավիճակի, հեռուստաեթերի մասին:
-Օ, 9 տարի է`այս խառնաշփոթի մեջ եմ: ): Լավն էլ կա, վատն էլ, բայց վատն այնքան շատ է, որ լավին սպանում է: Ինձ համար հատկապես շատ ցավոտ թեմա է սերիալը: Օր օրի սնկի նման աճում են շատ վատ տեքստերով ու դերասանական խաղով սերիալները: Ինչո՞ւ են բերում մարդկանց, որ կապ չունեն թատրոնի հետ: Պարտադիր չէ թատերականն ավարտել. մարդիկ կան, որ թատերականն են ավարտել, 5 տարի էլ թատրոնում են, բայց էլի զրո են: Ո՞նց կարելի է քասթինգ անել դեմքի սիրունությամբ կամ բոյով...չեմ հասկանում: Ո՞նց կարելի է բերել մի սառը դոլմա աղջկա, ով սիրուն դեմք ունի, կյաժ մազեր, բայց փայտից ոչնչով չի տարբերվում, չի խաղում ու կողքի պրոֆեսիոնալ դերասաններին քոռ դանակով մորթում է: Կամ երիտասարդների այն խումը, որ սերիալում որպես դերասան է հանդես գալիս: Եթե մի քանի տարի առաջ ասում էինք, որ երգարվեստում է վատ վիճակ, ապա հիմա դա սերիալների համար պետք է ասենք: Ոչ մի բան հաշվի չի առնվում...Եթե մարդն ունի լեզվի արատ, ապա նա իրավունք չունի եթերում լինել: Ես ժողովրդի վրա եմ զարմանում, որ նայում են այդ սերիալները: Հեռուստաընկերության տերերն էլ մեղք չունեն. եթե ռեյտինգ կա, փող է բերում, իրենք էլ պետք է շարունակեն այդ գործը: Իսկ հումորը, սերիալների համեմատ, շատ ավելի լավ վիճակում է: Հումորը շատ հետաքրքիր բան է: Կա ինտելեկտուալ եւ ոչ ինտելեկտուալ հումոր: Լավ հումորի վրա ես ծիծաղում եմ, վատի վրա`ոչ: Կարող է մի հումորի վրա ես ծիծաղեմ, իսկ կողքինիս դա ոչինչ չասի, իսկ երբ դու անես այնպիսի գործ, որը եւ ինձ կծիծաղեցնի, եւ իմ կողքինին, ապա քեզ այն հաջողվել է: Անհամեստ չթվամ, բայց մեր «Կարգին հաղորդումն» այդպիսի հումոր էր բոլորի համար:
-Իսկ երգչուհի Հասմիկ Ղարիբյանը նորություններ ունի՞:
-Նոր երգեր ունեմ, իսկ տեսահոլովակին զբաղվածության պատճառով չեմ կարողանում ժամանակ տրամադրել: Չեմ կարող գնալ անտառ, մի հատ տեսախցիկ դնել ու ասել`դե, նկարեք: Իմ տեսահոլովակները բոլորն էլ մանրամասն աշխատված են: Էժան ու հեշտ տեսահոլովակ չունեմ:): Պիտի անես լավ, որակով գործ, որ նայես ու առաջինը դու հաճույք ստանաս, ոչ թե տարվա մեջ մի քանիսն ունենալու համար անորակ գործ անես: Երբեք գումարի համար իմ սկզբունքներին դեմ չեմ գնացել: Ժողովրդական էլ չեմ երգի... Փոփ, հիփ-հոփ, սոուլ, ռոք, R&B. այսքանի մեջ եմ տատանվում:
-Ռոք ոճում հանդես կգա՞ս:
-Հա, շատ եմ սիրում ռոքը:), կուզեմ մի հատ ռոք գործ անել, դեռ մտածում եմ: Շատ լավը պետք է լինի, ուզում եմ այնպիսի գործ անել, որ ծափեր ստանամ, եթե ռոք գործ անեմ, պրոֆեսիոնալների հետ կաշխատեմ: Ամեն գործ, որ անում եմ, անում եմ լավ գնահատական ստանալու, ոչ թե ուղղակի անելու համար: Իմ երգած երգերի 90 տոկոսի հեղինակը ես եմ, բայց ռոքի դեպքում ես չեմ լինի: Հուսամ, որ լավ գործ կունենամ:
-Երկրպագուներից ի՞նչ կասես:
-Սիրում եմ իմ երկրպագուներին: Ինձ համար մինչեւ հիմա ոչ ոք չի կախվել, մեր դռան առաջ ծաղիկներ չեն թողել:), նման բաներ հիմա չեմ հորինելու: Վերջերս ես եմ մի խենթ արարք արել: Երկրպագուհիներիցս մեկը, ով “Համադասարանցիներ” կայքում ինձ գրում էր, կասկածում էր`ես եմ, թե` ոչ, ես էլ իր հեռախոսի համարն ուզեցի ու զանգեցի:), շատ ուրախացավ, շատ լավ աղջիկ է, Անի է անունը, մենք մինչեւ հիմա շփվում ենք: Չեմ ընդունում, թե մենք հայտնի մարդիկ ենք եւ պետք է այդ կայքում չլինենք: Հայտնի մարդը Ջեքսոնն է, Մադոննան, մենք այն մարդիկ չենք, որ ամաչենք դրանից: Եթե կա մեկը, ով իրեն աստղ է համարում, թող մի վայրկյան նայի Ջեքսոնին ու մանթո մնա, թե ինք ով է, նայի Սթիվի Ուանդերին, Մադոննային, Պավարոտիին, Չայկովսկի լսի, իր եւ նրանց մեջ զուգահեռներ անցկացնի: Ի՞ նչ աստղ...ուղղակի կարելի է ասել Հայաստանում հայտնի ու սիրված մարդ:
-Հորոսկոպով երկվորյակ ես: Գտե՞լ ես քո կեսին:
-Եղել է իմ կյանքում նման մեկը, ում հետ հանդիպել եմ, բայց որոշ ժամանակ անց, հասկացա, որ նա իմ կեսը չէ: Հավատում եմ հորոսկոպին, այնտեղ գրված է, որ երկվորյակը երջանիկ չի լինի միչեւ իր ճիշտ կեսին չհանդիպի: Ես սրտով զգում եմ, որ նա ինձ շատ մոտ է, ամուսնությանս օրը հեռու չէ: Ասել եմ ու կասեմ, որ կամուսնանամ միայն իմ երկրորդ կեսի հետ, քանի որ ամուսնությունը շատ լուրջ քայլ է: Ես շատ շուտ հիասթափվող եմ, շատ բծախնդիր, որը տարիքիս հետ կապ չունի: Իմ տղամարդը պետք է եւ խելացի լինի, եւ կրթված, եւ լավ ընտանիքից, եւ ճաշակով, եւ..., եւ..., եւ... Կա՞ նման մարդ: Բայց իմ կյանքում պետք է լինի, ինչն իմ կյանքում լինում է, պատահական չի լինում: Համոզված եմ, որ պետք է շատ երջանիկ լինեմ, գտնելու եմ իմ կեսին, եթե դեռ չեմ գտել:): Այնպես չի, թե դերասանություն եմ անում, ասում, որ չեմ ուզում անձնականից խոսել, ուղղակի այն, ինչը դեռ չի եղել, չեմ սիրում դրա մասին խոսել: Թող լինի, նոր կասեմ:):
-Ընտանիքիցդ ի՞ նչ կասես: Որքանո՞վ ես կարեւորում ընտանիքի դերը երեխայի կյանքում:
-Նախ ասեմ, որ տան փոքրն եմ եղել, փոքր ժամանակ ինձ շատ են երես տվել, տղա երեխային հավասար չարաճճի եմ եղել, շատ եմ սիրել բակում խաղալ ու առավոտից մինչ երեկո բակում եմ եղել: Հիմա էլ հավեսով ռեզին ու պարան կխաղայի, մեզանից հետո սերունդն ասես ինտերնետի մեջ է մտել: Քույրիկ ունեմ, ով ինձանից 15 տարի մեծ է, իր կյանքը կերել եմ, անգամ, երբ ես 9 տարեկան եմ եղել, նա ինձանից հրաժարվելու նամակ է գրել:): Մեր ընտանիքը շատ լավն է, միշտ ջերմ մթնոլորտ է եղել մեր տանը, երբեք ծնողներիս բարձր ձայնը չեմ լսել: Ընտանիքի դերը շատ մեծ է երեխայի դաստիարակման հարցում:
-Հայ աղջիկներին ասելիք ունե՞ս:
-Շատ:): Ուզում եմ, որ իրենց հարգեն, ինքնագնահատականից շատ բան է կախված: Այն աղջիկները, ովքեր ուզում են ամուսնանալ զուտ ամուսնանալու համար, մի ամուսնացեք. էդ դհոլ-զուռնան ու հարսի շորը մի օր է տեւելու, մի ակնթարթ: Մինչեւ չզգաք, որ ձեր տղամարդը ձեզ պաշտում է, մի ամուսնացեք, չէ՞ որ դուք մի ողջ կյանք ապրելու եք նրա հետ: Պետք չի հարեւանների կամ շրջապատի համար ապրել. ուրեմն դու այնքան չկաս, որ ուշի համար ես ապրում: Չեմ հարգում այն կանանց, ովքեր լռում են, լուռ տանում դավաճանությունը, ծեծն ու գոռոցը, հանուն նրա, որ իրենց շրջապատում չասեն բաժանված, իսկ արդյունքում տուժում է երեխան, ով հոգեկան ծանր վիճակի մեջ է ընկնում:
-Իսկ միամսյակի առթիվ ո՞ւմ կշնորհավորես:
-Մայրիկիս, շատ եմ սիրում մայրիկիս, անչափ: ), քույրիկիս, ում էլի շատ եմ սիրում, հայ կանանց ու աղջիկներին, ուզում եմ, որ ամեն մեկը մի ծաղիկ լինի, ծաղկի պես բուրի եւ չփորձի նմանվել մյուսին, քանի որ յուրաքանչյուր ծաղիկ գեղեցիկ է յուրովի:
Զրուցեց Սիրանուշ Եղիազարյանը/Bravo.am/
Լուսանկարները` Հասմիկ Ղարիբյանի անձնական արխիվից եւ Bravo.am-ի


×
40,671






