×


“100 դուռ”. Ինչպես սկիզբ առավ “Մեր վերքերը դեռ բաց են” շապիկներով ֆլեշմոբը

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ռեժիսոր-պրոդյուսեր Խաչիկ Եղոյանը նախաձեռնել է “100 դուռ” լուսանկարչական նախագիծը, որի շրջանակում նախատեսված է ներկայացնել խորհրդանշական 100 հայկական եկեղեցու եւ վանքի դուռ: Նախագծի հեղինակը BRAVO.am-ին պատմել է այս գաղափարի մանրամասների մասին, նաեւ տեղեկացրել, թե ինչպես է սկիզբ առել “Մեր վերքերը դեռ բաց են” գրությամբ շապիկներով լուսանկարվող մարդկանց ֆլեշմոբը:

"100 դուռ" նախագծի մասնակիցները


- “100 դուռ` 100 աղոթք” ֆոտոնախագծի գաղափարը ծագել է 2012 թվականին, երբ բջջային հեռախոսով ֆոտոխցիկով լուսանկարել եք Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու դուռը: Ո՞րն է նախագծի նպատակը, ովքե՞ր են ընդգրկվել ձեր թիմում:

- Նախագծի նպատակն ազգովի աղոթք բարձրացնելն է: Ցուցահանդեսի ժամանակ 100 եկեղեցու դռների առջեւ պտտվելիս կարող ենք մտքում, ինչո՞ւ ոչ, նաեւ բարձրաձայն աղոթք բարձրացնել առ Աստված հանուն մեր արդարության: Մեր թիմը փոքրիկ է` հիմնական կազմում ես եմ եւ լուսանկարիչ Ռուբեն Մարտիրոսյանը, բայց մեզ միացողները շատ են, իսկ միանալ ցանկացողներն` ավելի շատ:

- Որտե՞ղ եք նկարահանումներ իրականացրել առ այսօր եւ առաջիկայում ո՞ր եկեղեցներն ու վանքերն եք պատրաստվում լուսանկարել:


-Նկարահանել ենք շուրջ 70 եկեղեցու դուռ Հայաստանի մարզերում, շուտով արդեն կայցելենք Արցախ, Ջավախք եւ Արեւմտյան Հայաստան:

"Ֆուլ Հաուս" սիթքոմի դերասանական կազմը


- Ո՞ր քաղաքներում եւ ե՞րբ եք նախատեսում իրականացնել ցուցահանդեսը:

- Ցուցահանդեսն ի սկզբանե նախատեսված է կազմակերպել Երեւանում` ապրիլին, այնուհետեւ Թուրքիայի Ստամբուլ քաղաքում:  Դրանից հետո հնարավոր է` Հայաստանի տարբեր քաղաքներում եւ արտասահմանյան այլ երկրներում լուսանկարները ցուցադրվեն:

- Ստամբուլում ցուցահանդեսի համար արդեն ձեռք բերե՞լ եք պայմանավորվածություն:

- Նախնական պայմանավորվածություններ, իհարկե, կան, սակայն շուտով պիտի մեկնենք այդ ամենը հստակեցնելու, քանի որ առջեւում լուծելի շատ բարդ խնդիրներ կան:

Ալեքսանդր Խաչատրյանը


-Եկեղեցիների դռները լուսանկարելուց բացի, այժմ  իրականացնում եք ֆլեշմոբ, որի շրջանակում մարդիկ լուսանկարվում են “Մեր վերքերը դեռ բաց են” գրվածքով շապիկներով: Ինչպե՞ս առաջացավ այս միտքը եւ ինչպե՞ս եք որոշում՝ ում լուսանկարել:

- Միտքն առաջացավ ձմռանը, երբ ցրտի եւ անանցանելի ճանապարհների պատճառով դադարեցրինք մեր ուղեւորությունները դեպի եկեղեցիներ: Մտածեցի՝ ինչու ձմռանն անգործ մնանք, եւ աշխատանքի ընթացքում մեր կրած շապիկներով լուսանկարեցի մտերիմներիցս մի քանիսին, իսկ արդյունքում եղավ այսպիսի ֆոտոշարք:

-Շապիկների վրա գրված կարգախոսը որտեղի՞ց եք վերցրել:


- Երբ հասա ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքների այն փուլին, որ հարկավոր էր կարգախոս ստեղծել, երկար չմտածեցի, քանի որ այդ ժամանակ Երեւանում էր մեր սիրելի երգիչ Հարություն Փամբուկչյանը` Ձախ Հարութը, որն ինձ նվեր էր բերել այդ գրությամբ մի շապիկ: Երբ հարցրի թարգմանությունը, իմաստն ինձ դուր եկավ ու մտածեցի, որ կարելի է օգտագործել: Նախորդ տարի ապրիլի 24-ին մենք հենց այդ շապիկներով բարձրացանք Ծիծեռնակաբերդ: Իսկ հեղինակն Ամերիկայում ապրող հայ ռեփեր է` շատ հայրենասեր R-Mean-ը: Առիթից օգտվելով ցանկանում եմ նրան շնորհակալություն հայտնել:

Արսեն Գրիգորյանի դուստրը` Իննեսան


- Ֆլեշմոբին նաեւ մասնակցել է Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր, Ֆրանսիա-Արցախ բարեկամական շրջանակի ղեկավար Ֆրանսուա Ռոշբլուանը: Որտե՞ղ եք նրան հանդիպել եւ լուսանկարել:

- Նա Ֆրանսիայում ակտիվ մասնակցություն ունի Հայոց ցեղասպանության ճանաչման գործում: Հանդիպեցինք Արարատի մարզի Սուրբ Հակոբ եկեղեցու մոտ, նրան շատ հետաքրքրեց մեր նախագիծը, ողջունեց գաղափարը, ցանկացավ շապիկից ունենալ, մենք էլ սիրով նվիրեցինք: Ի դեպ, այդ ժամանակ մեր շապիկի վերջնական տեսքը դեռ որոշված չէր, ու հատուկ իրեն հանդիպելու համար արագ մի դիզայն որոշեցինք, որ հասցնենք նվիրել, քանի որ այդ մարդու հայանպաստ քաղաքականությունը գնահատում ենք:

Հարցազրույցը` Լիանա Մեյթարջյանի/BRAVO.am/
Լուսանկարները տրամադրել է Խաչիկ Եղոյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW