Ռուսական «Սուպեր» հեռուստաալիքի եթերում հունվարի 25-ից կցուցադրվի նոր՝ «Գոշա» կատակերգական սերիալը, որում գլխավոր հերոսին մարմնավորում է դերասան Մկրտիչ Արզումանյանը: Նախագծի հեղինակներն այն ներկայացնում են իբրեւ ռուսական Միսթր Բինի արկածները ժամանակակից Ռուսաստանում. նա, ինչպես հայտնի հերոսը, անընդհատ հայտնվում է անհարմար եւ զվարճալի իրավիճակներում, միայն թե ի տարբերություն միջահասակ Բինի, Գոշան մոտ երկու մետր հասակ ունի եւ ակնոց է կրում:
«Ճակատագիրն ինչ փորձություն էլ պատրաստի Գոշայի համար, դրանք հաղթահարելու հարցում 30-ամյա տղամարդուն օգնում են կողմնորոշվելու հատկությունն ու մաշված պայուսակը, որում կարելի է գտնել ամեն ինչ՝ երշիկով բրդուճներից մինչեւ ոսկե ձկնիկ»,- գրում է kino.rambler.ru-ն:
Մկրտիչ Արզումանյանը՝ Գոշայի կերպարում
Սերիալը լուսավոր, բարի ու զվարճալի մեծ երեխայի կյանքի պատմություն է, քանի որ Գոշան այն կերպարներից է, ովքեր իրենց տարիքին համապատասխան չեն երեւում: Չնայած սրան՝ տղամարդն ունի երազանք. ընտանիք կազմել Յուլյայի հետ: Նա աշխատում է բանկում եւ ոչ մի կերպ չի նկատում Գոշային, սակայն վերջինս չի դադարում հավատալ, որ կամուսնանա իր երազանքների կնոջ հետ եւ նրա հետ ավտոմեքենայով կշրջի ամբողջ աշխարհում:
«Գոշա» կատակերգական սերիալի համապրոդյուսերներից է Ռեզո Գիգինեիշվիլին, ով եղել է նաեւ «Վերջին Մահիկյանը» սերիալի ստեղծողներից, որի գլխավոր դերակատարը Հրանտ Թոխատյանն էր:
Սերիալի թրեյլերն արդեն հասանելի է, եւ հայ հանդիսատեսը կարող է նկատել, որ Գոշայի կերպարը նմանություններ ունի Մկրտիչ Արզումանյանի կերտած մեկ այլ՝ Արկադիի կերպարին «Կարգին սերիալ»-ում: Ադիկի ժեստերը, պահվածքն ու ծիծաղը վերադառնում են Գոշայի հետ:
Տեքստը՝ Էլեն Աղաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Մկրտիչ Արզումանյանի ֆեյսբուքյան էջից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: