×


«Այդ քննությունն անցել եմ ու շատ երջանիկ եմ». Լազարոն եւ Արաքսյան խնջույք են կազմակերպել առաջնեկի պատվին

Լոսանջելեսաբնակ ամուսիններ Լազարոյի եւ Արաքսյա Ամիրխանյանի որդին՝ Դավիթը, 40 օրական է: Ծնողները նրա պատվին խնջույք են կազմակերպել՝ հրավիրելով բարեկամներին ու ընկերներին: Ժողովրդական-գուսանական երգեր կատարող երգչուհին BRAVO.am-ի հետ զրուցել է որդու եւ ամերիկյան առօրյայի մասին:

«Նրա ծնունդը փոխեց մեր կյանքը»

Չեմ կարող նկարագրել, թե ամեն օր ես ու ամուսինս ինչ երջանիկ զգացողություններ ենք ունենում: Ուրախ հայացքով նայում ենք նրան ու շնորհակալություն հայտնում, որ հենց մեզ է ընտրել: Նա մեր երջանկությունը կատարյալ է դարձնում: Այն զգացումը, որ բալիկ եմ լույս աշխարհ բերել, ով ինձնից սնվելով շարունակում է մեծանալ, հրաշք է: Հղիությունը կնոջ կյանքում բնության կողմից տրված քննություն է, որը ես անցել ու շատ երջանիկ եմ:

Լազարոն՝ կնոջ՝ Արաքսյա Ամիրխանյանի, որդու եւ մայրիկի հետ


«Նրա խորհուրդները շատ եմ գնահատում»

Դավիթը շատ հանգիստ բալիկ է, կաթիկի ճիշտ քանակն ապահովելու դեպքում անհանգիստ լաց չենք լսում: Ամուսնուս մայրը մոտ մեկ ամիս առաջ Հայաստանից եկավ մեզ մոտ, ու ինձ շատ է օգնում: Շնորհակալ եմ նրան հոգատարության համար: Կարծում եմ՝ առաջնածին մոր համար շատ կարեւոր է օգնող ունենալը. կան խորհուրդներ, որոնք միայն փորձառու կանայք կարող են տալ: Նրա հմտությունն ու փորձառությունն ինձ այս պահին շատ պետք է: Լազարոն էլ, որպես հոգատար հայր եւ ամուսին, միշտ մեր կողքին է: Նրանց հարցում իմ բախտը բերել է:

«Նման շրջան չեմ ունեցել»

Ունեմ օրակարգ, որին հետեւելով հասցնում եմ ե՛ւ տնային գործերով զբաղվել, ե՛ւ աշխատանքով: Հղիության ընթացքում բազմաթիվ նյութեր եմ կարդացել հետծննդաբերական դեպրեսիվ շրջանի մասին: Փառք Աստծո, նման շրջան ինքս չեմ ունեցել: Նախկին տեսքիս վերադառնալու համար առողջ եմ սնվում, վարժություններ անում: Ինչպես հղիությունից առաջ եւ ընթացքում, այժմ էլ գնում եմ մարզասրահ: Ավելորդ քաշ՝ որպես այդպիսին, չունեմ, որ մտածեմ հատուկ սննդակարգեր պահելու մասին:

Արաքսյա Ամիրխանյանը՝ որդու հետ


Նորություններն՝ առաջիկայում

Տվյալ պահին անցկացնում եմ վոկալի անհատական դասընթացներ, երաժշտական դպրոցներից մի քանիսի հետ եմ համագործակցում, մի շարք միջոցառումների եմ մասնակցում՝ ներկայացնելով մեր երգն ու երաժշտությունը, տարբեր բենդերի հետ եմ աշխատում: Նշեմ՝ հետաքրքրությունն ու սերը մեր ազգային երգերի հանդեպ մեծ է, ինչը շատ ուրախացնում է ինձ: Լազարոն էլ աշխատանքային բուռն փուլում է: Համագործակցություններ շատ կան ե՛ւ հայազգի սիրված երգիչների հետ, ե՛ւ այլազգի արտիստների: Շատ մանրամասներ դեռ չենք բարձրաձայնի, առաջիկայում կտեսնեք:

Կարոտել է

Կարոտել եմ ընտանիքիս, մտերիմներիս, ընկերներիս, քաղաքի ամեն մի հատվածը, Երեւանում զբոսնելը, երեւանյան ձմեռը, ամեն ինչ: Ծրագրում եմ այս տարի Հայաստան գալ:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Արաքսյա Ամիրխանյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW