×


Նելլի Մելիքյանը՝ «Երկուսով» սերիալում իր դերի, տղայի արձագանքի եւ ամուսնու հետ որոշման մասին

Նելլի Մելիքյանը, թեեւ երկար տարիներ է, ինչ ծանոթ է հեռուստադիտողին տարբեր սերիալներից, գլխավոր կերպարով երբեք հանդես չի եկել: Լսարանի սերը ձեռք բերելու հարցում այս փաստը դերասանուհուն չի խանգարել: Նելլիի հետ BRAVO.am-ի նոր զրույցը գլխավոր դերերում հանդես չգալու պատճառների, մարմնավորած կերպարների նմանության, երեխաների հետ հարաբերությունների մասին է:

Առանց գլխավոր կերպարի

Գլխավոր դերում հանդես գալու առաջարկ երբեք չեմ ստացել: Չգիտեմ՝ ինչու է այդպես, բայց ինձ մշտապես երկրորդական դերերում են տեսնում: Իհարկե, այս «երկրորդական դեր» հասկացությունն էլ միայն մեզ մոտ է այլ կերպ ընկալվում: Կարծում եմ՝ դերասանը պետք է խաղա ցանկացած դեր, կապ չունի՝ գլխավոր է, թե երկրորդական: Բրեդ Փիթն օրեր առաջ «Օսկար» ստացավ երկրորդական կերպար մարմնավորելու համար: Կարելի է թեկուզ երկրորդական դերն այնպես խաղալ, որ դաջվես հեռուստադիտողի հիշողության մեջ, մտնես մարդկանց սրտերը, իսկ դա ինձ, կարծում եմ, հաջողվել է:

Նելլի Մելիքյանը


«Հեռուստադիտողը նույնացնում էր»

Քանի որ Հայաստանում ենք ապրում, ես էլ ամուսնացած եմ եւ ունեմ երկու բալիկ, հրաժարվել եմ բաց տեսարաններում հանդես գալուց: Երբ նոր էի այս ասպարեզում, նկարահանվել եմ այդպիսի մի քանի տեսարանում, սակայն հեռուստադիտողը սկսեց նույնացնել ինձ կերպարներիս հետ: Այդ պատճառով ամուսնուս հետ որոշեցինք, որ այլեւս չեմ նկարահանվի այսպես կոչված «բաց տեսարաններում»: Սկզբում կարծում էի՝ դա է պատճառը, որ գլխավոր դերեր չեն առաջարկում, հետո հասկացա, որ՝ ոչ:

Մայրիկի դերից չես փախչի

Չգիտեմ՝ ինչու, ինձ հիմնականում մայրիկի դեր են առաջարկում: Գուցե տարիքս է պատճառը, որ ինձ մոր կերպարում են տեսնում: Շատերը, տեսնելով ինձ, ասում են, որ իմ երեխաների դերերում հանդես եկեղ դերասաններից մեծ մասի հետ ասես հասակակիցներ լինենք, բայց ես վաղուց հատել եմ երիտասարդության շեմը:

Նելլի Մելիքյանը՝ դստեր հետ


Նորությունների մասին

Հիմա նկարահանվում եմ «Երկուսով» սերիալում, նաեւ «Ընտանեկան գաղտնիքներ»-ում: «Երկուսով» սերիալում դերի համար քասթինգի չեմ մասնակցել, միանգամից գնացել եմ նկարահանման: Անձնակազմին վաղուց ճանաչում էի, աշխատել էի իրենց հետ, որեւէ խնդիր չառաջացավ: 25 մասանոց հեռուստադրամաներում նկարահանվելու առաջարկներ ունեմ, որոնք քննարկումների փուլում են:

Երեխաների մասին

Տղաս 16 տարեկան է, աղջիկս՝ 10: Աղջիկս դիտում է իմ մասնակցությամբ բոլոր նախագծերը, տղաս մի քիչ բարդույթավորվում է, ինչպես բոլոր երիտասարդներն այս տարիքում: Կարծում եմ՝ հասարակությունն է պատճառը, հեռուստադիտողների մեկնաբանությունները: Երկու բալիկներս էլ հեռու են իմ մասնագիտությունից: Տղաս ուզում է, ավելի ճիշտ՝ ես եւ ամուսինս ուզում ենք, որ իրավաբան դառնա: Աղջիկս նկարահանվել է ինձ հետ, բայց չի ուզում շարունակել ուղին այս ասպարեզում:

Զրուցեց`Մարիամ Խաչատրյանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Նելլի Մելիքյանի ֆեյսբուքյան էջից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին