×


«Ուժերս ու ժամանակս չի բավականացնի եւս մեկ երեխա ունենալու եւ խնամելու համար». Նարինե Գրիգորյան

Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի դերասաններ Նարինե Գրիգորյանը, Տաթեւիկ Ղազարյանը, Արման Նավասարդյանը, Գագիկ Մադոյանը, Նարեկ Բաղդասարյանն ու Սերգեյ Թովմասյանը նոր են վերադարձել Կիպրոսից, որտեղ մասնակցել են «Հինգ երեկո Կիպրոսում» ամենամյա փառատոնին՝ խաղալով Դանիել Խարմսի «Լյու-բոֆ» պիեսի հիման վրա բեմադրված ներկայացումը:

«Նախորդ տարի Մոսկվայում տեղի ունեցած մեր հյուրախաղերի ժամանակ այս փառատոնին մասնակցելու հրավերը ստացանք: Կիպրոսում մեզ հիանալի ընդունեցին: Հայ համայնքի հետ հանդիպում ունեցանք, նրանց շնորհիվ դահլիճը լեփ-լեցուն էր: Օտարախոս հանդիսատեսին նույնպես գրավել էր մեր խաղը, մի շարք դրական կարծիքներ ենք լսել: Ասում էին՝ խոսքերը չեն հասկանում, բայց խաղն այնքան խոսուն էր, որ ընկալել են ասելիքը: Դահլիճում ներկա էր նաեւ Եվգենի Վախթանգովի անվան ռուսական թատրոնի լավագույն դերասաններից Եվգենի Կնյազովը՝ թատերագետ տիկնոջ՝ Ելենա Դունիաեւայի հետ: Նա նույնպես գովեստի խոսքեր է շռայլել: Ըստ նրա՝ այս գործը բավական բարդ է, եւ մենք կարողացել ենք խորը ներկայացնել ու հանդիսատեսին հասցնել հեղինակի ասելիքը»,- BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է Նարինե Գրիգորյանը, ով նաեւ պիեսի բեմադրության հեղինակն է:

Համազգայինի թատերախումբը՝ Կիպրոսում


Հայաստանում այս ներկայացման մեջ Նարինեի մարմնավորած հերոսուհու դերում հանդես է գալիս Անի Ղազարյանը.«Անին փոքրիկ բալիկ ունի եւ չէր կարող երկար բացակայել, ստիպված փոխարինեցի նրան: Իհարկե, դժվար է մեկ այլ դերասանուհու խաղը տեսնելուց հետո նույն դերը մարմնավորել, բայց այժմ պահը դա է թելադրում: Դերասանները պետք է ճկուն լինեն, որ խնդրի դեպքում կարողանան արագ փոխարինել մեկը մյուսին, դա էլ մեր մասնագիտության մի կողմն է»,- նշել է նա:

Կիպրոսից նրանք վերադարձել են նոր մի շարք հրավերներով.«Ուկրաինայում եւ Բելառուսում կայանալիք հեղինակավոր երկու փառատոնների մասնակցելու հրավերներ ենք ստացել, որոնց անպայման կմասնակցենք: Հայաստանում էլ մի շարք կարեւոր գործեր ունենք անելու. պատրաստվում ենք «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությանը, որի շրջանակներում փետրվարի 16-ին մեր թատրոնում «Փամփլիկը» ներկայացումն ենք խաղացել: Անցած տարի գերակտիվ աշխատանքի շնորհիվ յոթ նոր ներկայացման պրեմիերաներ ենք ունեցել, նոր ձեւաչափ ենք մտցրել՝ թատերականացված ընթերցանություն՝ ներկայացնելով ութ նոր պիես: Այս տարի էլ կունենանք նոր ձեւաչափեր, նոր ասելիքներ ու պրեմիերաներ»:

Համազգայինի թատերախումբը՝ Կիպրոսում


Դերասանուհին գեղարվեստական ֆիլմում ընդգրկվելու առաջարկ էլ ունի.«Մարտին կսկսվեն նկարահանումները: Հայ-ամերիկյան արտադրանք է, գլխավոր դերակատարն ամերիկացի է, սցենարի հեղինակը Մայքլ Գուրջյանն է: Ես առաջարկը Արման Նշանյանից եմ ստացել: Անսահման գեղեցիկ սցենար է: Ֆիլմի երկու հիմնական կանանցից մեկին եմ մարմնավորում, ով քիչ խոսք ունի, բայց շատ ասելիք: Սիրում եմ քիչ խոսել, բայց շատ խաղալ»,-նշել է Նարինեն:

Ամեն ինչ անում է ընտանիքն ուշադրության կենտրոնում պահելու համար. «Ամուսինս էլ ինձ հետ միահամուռ ներքաշված է աշխատանքի մեջ: Իր ամեն ինչը թողել ու կենտրոնացել է միայն թատրոնի վրա: Այս տարի Թատերական իստիտուտի իմ աշխատանքից եմ հրաժարվել, որ ավելի ազատ լինեմ ընտանիքիս համար: Հնարավոր բոլոր շրջագայություններին մեր երեխային էլ ենք մեզ հետ տանում, փորձում ենք ամեն մի ազատ պահ նրա հետ լինել: Կրկին ծնողներ դառնալու մասին չենք էլ մտածում. գիտակցում եմ, որ ուժերս ու ժամանակս չի բավականացնի եւս մեկ երեխա ունենալու եւ խնամելու համար»,- եզրափակել է վաստակավոր արտիստուհին:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Նարինե Գրիգորյանի եւ Համազգային թատրոնի արխիվից
Թոփ լուսանկարը՝ Գագիկ Գասպարյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW