×


Մահացել է դիրիժոր Յուրի Դավթյանը

Երեւանում 90 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, դիրիժոր Յուրի Դավթյանը: Այս մասին հայտնել են Հայաստանի թատերական գործիչների միությունից. Յուրի Դավթյանը Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի նվագախմբի ղեկավարն էր:

Լուրն անարձագանք չի թողել Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը.«Յուրի Դավթյանը նվիրական անուն է հայ օպերային թատրոնի մեծանուն դիրիժորների փաղանգում: Երկար տարիներ եղել է Երեւանի օպերայի եւ բալետի թատրոնի գլխավոր դիրիժորը: Ղեկավարել է հեղինակավոր մի շարք նվագախմբեր։ Հայաստանի օպերայի եւ բալետի թատրոնում մեծանուն դիրիժորն իրականացրել է ավելի քան 30 մեծածավալ օպերաներ եւ բալետներ»,-նշված է հաղորդագրությունում:

Յուրի Դավթյանը ծնվել է Կիրովականում (այժմ՝ Վանաձոր): 1938թ. ընդունվել է Երեւանի Պ. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի ջութակի դասարան: Սովորել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նվագախմբային դիրիժորության եւ թեորիայի բաժիններում: 1953թ.-ից աշխատել է Երեւանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնում` որպես դիրիժոր, 1980-2000թթ. եղել է գլխավոր դիրիժորը:

Ղեկավարել է Ա. Բաբաեւի «Արծվաբերդ», Ա. Տիգրանյանի «Դավիթ Բեկ», Ա. Սպենդիարյանի «Ալմաստ», Տ. Չուխաջյանի «Արշակ Երկրորդ», Ջ. Վերդիի «Տրավիատա», Գ. Եղիազարյանի «Սեւան» (բալետ), Ս. Բալասանյանի «Լեյլի եւ Մեջնուն» (բալետ) ներկայացումները:

1964-66թթ. եղել է Սարատովի օպերային թատրոնի գլխավոր դիրիժորը: 1966-70թթ. եւ 1992-94թթ. ղեկավարել է Հայաստանի ռադիոյի եւ հեռուստատեսության պետական կոմիտեի սիմֆոնիկ նվագախումբը: Ղեկավարել է նաեւ Մոսկվայի Մեծ, Մարիինյան թատրոնների եւ այլ նվագախմբեր:

1969թ.-ից դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվտորիայում (1979թ.-ից՝ պրոֆեսոր): 1984թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման, 2014թ.՝ ՀՀ սփյուռքի նախարարության եւ Երաժշտական ընկերության «Կոմիտաս», ՀՀ վարչապետի հուշամեդալներին, Երեւանի քաղաքապետարանի եւ ՀԹԳՄ ոսկե մեդալներին:

BRAVO.am
Լուսանկարը՝ Լուսի Սարգսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին