Սոֆի Դեւոյան կրտսերը, որին հեռուստադիտողը ճանաչում է սերիալներից, այս շրջանում սովորում է Մոսկվայի թատերական ինստիտուտում: Նա BRAVO.am-ին է տրամադրել իր եւ երգչուհի Զարուհի Բաբայանի նոր ֆոտոշարքը՝ խոսելով տատիկի եւ մայրիկի հետ մտերմության, արտերկրում առօրյայի մասին, եւ ոչ միայն:
Սոֆին նշել է, որ դիմանկարների հեղինակն Արգինե Մինասյանն է.«Կյանքի տարբեր շրջաններում ես ու մայրս մեր ընտանեկան արխիվի համար լուսանկարվում ենք: Վաղուց նոր ֆոտոշարք չունեինք, վերջերս Հայաստանում էի, որոշեցինք առիթից օգտվել: Համեստ, առանց ավելորդ հագուստների, զարդերի կերպարներ ենք ստեղծել: Դեռ որ միայն դրական կարծիքներ ենք լսել, մենք էլ ենք գոհ արդյունքից: Ընթացքն էլ շատ հեշտ ու հաճելի էր, գեղեցիկ երաժշտություն էր հնչում, եւ մեկ ժամում ավարտվեցինք»:
Սոֆի Դեւոյանը
Նոր նկարահանումների մասնակցել ոչ միշտ է ստացվում.«Պետք է ամեն բան մտածված, քննարկված լինի: Ես մինիմալիզմի կողմնակից եմ, ոչ մի ավելորդություն չեմ սիրում: Մեջս տպավորված է իմ, մայրիկիս եւ եղբորս համատեղ առաջին լուսանկարահանումը. ամսագրերից մեկի համար էինք նկարվում: Այնքան պատկերավոր էր ամեն բան, որ նույնիսկ հիշում եմ՝ ինչ էի հագել»,-նշել է նա:
Պարուհու, մայրիկի եւ տատիկի հարաբերություններն ընկերական են.«Մոսկվա տեղափոխվելուցս հետո մեր մտերմությունն ավելի է խորացել: Նոր եմ գիտակցում, որ գերզբաղված առօրյայի պատճառով շատ քիչ ժամանակ էինք անցկացնում իրար հետ, մի տան մեջ էինք ապրում, բայց չէինք հասցնում նախաճաշել կամ ընթրել միասին, լինում էին դեպքեր, երբ շաբաթվա մեջ միայն մեկ անգամ էինք տանը հանդիպում: Այստեղ տեղափոխվելուց հետո ավելի զգացի նրանց կարիքը: Երկուսի խոսքն էլ ինձ համար մեծ արժեք ունի: Հաճախ եմ նրանցից կարծիք եւ խորհուրդ հարցնում: Նրանց ապրած տարիներն իմ կյանքի փորձն են»:
Զարուհի Բաբայանը՝ դստեր հետ
Հպարտորեն է կրում տատիկի՝ Սոֆի Դեւոյանի անունը.«Մեծ պատիվ եւ պատասխանատվություն է նրան անունն ունենալը: Պարտավոր եմ իր գործն ու պատիվը բարձր պահել»:
Սոֆին, ով այժմ բնակվում եւ սովորում է Մոսկվայում, նշել է՝ այնտեղի թատերական ինստիտուտ ընդունվելը շատ պատահական է ստացվել. «Քննություններից երկու ամիս առաջ էի դիմել եւ ընդունվելու հույս չունեի: Օրս, ինչպես որ այդտեղ, շատ բազմազբաղ է. այժմ մեր դպրոցի մասնաճյուղերն ենք բացում Մոսկվայում, այդ գործերով շատ խառն եմ: Դասերս նույնպես մեծ զբաղվածություն են պահանջում: Ապագայի մասին դեռ չեմ մտածել: Միգուցե ցանկություն ունենամ այստեղ մնալ եւ աշխատել, բայց կապն իմ հայրենիքի հետ հաստատ չեմ կտրի. Երեւանում իմ ընտանիքն է ապրում, հարազատներս եւ ընկերներս, որոնց շատ եմ կարոտում»,- եզրափակել է դերասանուհին:
Տեքստը՝ Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Արգինե Մինասյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: