2006 թվականի փետրվարի 25-ին Նարեկ Հայկազյանը եւ Ծովինար Մարտիրոսյանը Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցում միմյանց հավերժ սիրելու եւ հավատարիմ լինելու խոստում են տվել: Դերասանը BRAVO.am-ի հետ զրույցում հիշել է իրենց հարսանիքի օրն ու խոստովանել, որ միասին սիրով լի տարիներ են անցկացրել:
«Ուսանողական տարիների ջերմ ու ընկերական հարաբերություններն աստիճանաբար վերածվեցին սիրո, մենք էլ չզգացինք՝ ինչպես ընկեր-ընկերուհի դարձանք, հետո էլ՝ ամուսիններ: Հատուկ խոստովանություններ ու ձեւական բաներ չեն եղել: Բանակից եկա, հասկացանք, որ ուզում ենք միասին ապրել: Շատ արագ ենք նախապատրաստվել, բայց իրոք անկրկնելի երջանիկ օր ենք անցկացրել: Ոչ միայն մենք, այլեւ բոլոր ներկաներն ի սրտե ուրախանում էին մեր միության համար»,- պատմել է Նարեկը:
Ծովինար Մարտիրոսյանը եւ Նարեկ Հայկազյանը
Հարսանիքը տոնել են երկու օր ու գիշեր.«Դհոլ-զուռնայով, հարսի տուն-փեսայի տուն երթուղով մեծ ու ավանդական հարսանիք է եղել: Երբ առաջին օրը կեսգիշերից հետո մեծահասակ հյուրերը գնացին, երիտասարդներով սկսեցինք մաֆիա խաղալ: Իմ լավ ընկեր Հովհաննես Դավթյանն էր վարում, երբ հայտարարեց, որ գիշեր է, Ծովինարը տեղից վեր թռավ՝ ասելով՝ «Նար, բա մեր առաջին գիշերը ե՞րբ ենք անելու» (ծիծաղում է,- հեղ.): Անմոռանալի պահերը շատ-շատ են, հաճախ ենք հիշում ու ծիծաղում»:
Նարեկն ասում է՝ իր կինն ամեն առումով անթերի է.«Միգուցե շատերն ասեն՝ գլուխ եմ գովում կամ չափազանցնում եմ, բայց նա ինձ համար իրոք կատարյալ է: Լավ աղջիկ է, կին, մայր, տնային տնտեսուհի, դերասանուհի: Ամեն բան հասցնում է, իմ ընկերն է, խորհրդատուն ու քննադատը: Ամեն օր Աստծուն շնորհակալ եմ՝ իր նման կին ունենալու համար: Ծովինարի հարցում բախտս բերել է»:
Ծովինար Մարտիրոսյանի եւ Նարեկ Հայկազյանի ընտանիքը
Սունդուկյանի անվան թատրոնի դերասաններն օրվա մեծ մասը միասին են անցկացնում.«Երբեք աշխատանքը տնային գործերի եւ հոգսերի հետ չենք խառնում. աշխատավայրում գործընկերներ ենք, տանն՝ ամուսիններ: Առհասարակ, վեճեր չենք ունենում, թեթեւ պոռթկումներ են լինում, որոնք արագ էլ մոռացվում են»:
Երեխաների խնամքով ամուսինները հավասարապես են զբաղվում.«Մեծ տղայիս՝ Անրիի դաստիարակությամբ հիմա մեծամասամբ ինքս եմ զբաղվում. շատ հարցեր ունի, որոնց տղամարդն ավելի ճիշտ պատասխաններ կարող է տալ: Ծովինարն էլ ապահովում է դաստիարակության մայրական կողմը: Երբեք մեկս մյուսի ասածին չենք խառնվում: Մեր տղաները լավ գիտեն, որ պապայի եւ մամայի խոսքը չի քննարկվում: Երկուսս էլ ուզում ենք աղջիկ ունենալ. այս տարի տան ծավալները կմեծացնենք, նոր կմտածենք այդ ուղղությամբ»,- եզրափակել է Նարեկը:
Տեքստը` Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ զույգի արխիվից եւ BRAVO.am-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: