×


«Ուշ գիտակցեցի քայլիս լրջությունը». Նորայր Եղյան

«Դեպի երազանք», «Ավազե դղյակ», «Երանի», «Կյանքը շարունակվում է» եւ այլ սերիալներում նկարահանված Նորայր Եղյանի համար անսպասելի է եղել կարճ ժամանակում ունեցած հաջողությունն ու հայտնիությունը: Այս շրջանում «Սիրուն Սոնա» սերիալի գլխավոր դերակատարը BRAVO.am-ի հետ զրուցել է ուսումը կիսատ թողնելու պատճառի, իրականացած երազանքի մասին, եւ ոչ միայն:

Լուիզա Ներսիսյանի եւ Արսեն Գրիգորյանի հորդորով

Վաղ տարիքից երազում էի հաղորդավար դառնալու մասին: Երբ եկավ բուհ դիմելու ժամանակը, որոշեցի Թատերական ինստիտուտ ընդունվել: Սկզբում ամեն ինչ կարգին էր, լավ ուսանող էի, հաճախումներս ու առաջադիմությունս նորմալ էր: Մի օր Լուիզա Ներսիսյանն ու Արսեն Գրիգորյանն ասացին, որ Կամերային թատրոնը երիտասարդ դերասաններ է փնտրում, խորհուրդ տվեցին մասնակցել քասթինգին: Ընդունվեցի եւ կարճ ժամանակ անց մի շարք ներկայացումներում ընդգրկվեցի. խաղում էի «Կաբարե», «Համլետ 301», մանկական ներկայացումներից մի քանիսում: Աշխատանքն այնքան էր գրավել ինձ, որ դասերս լրիվ աչքաթող էի արել: Չհասկացա՝ ինչպես դուրս մնացի ինստիտուտից: Ավելի ուշ գիտակցեցի քայլիս լրջությունն ու շարունակեցի ուսումս: Զուգահեռ ուսումնասիրում էի նաեւ ռեժիսորի մասնագիտությունը:

Նորայր Եղյանը


Իրականացած երազանքը

«Սիրո կամուրջ» մյուզիքլում հաղորդավարի դերում էի, երբ «Դար 21»-ից առաջարկ ստացա հաղորդում վարել, այն էլ ուղիղ եթերում: Չեմ կարող ներկայացնել, թե ինչ էի զգում այդ շրջանում: Հաճախ էի ինձ պատկերացնում ժամանցային նախագծի հաղորդավար եւ ահա, պատկերացումներս իրականություն են. ինձ էր վստահված ժամանակի ամենահայտնի «I զանգ» հեռուստածրագիրը: Փորձնական մի քանի եթերի մասնակցելուց հետո եկավ երկար սպասված օրը: Առաջին թողարկաման ժամանակ սարսափելի լարված էի, ջղաձգված: Շնորհիվ Կարեն Մոլիտվինի եւ պրոդյուսեր Գոռ Հարությունյանի՝ հաղթահարեցի վախերս: Այնքան դրական մեկնաբանություններ ու զանգեր էինք ունեցել, որ հաջորդ օրվանից սկսեցի վայելել եթերներս: Նախագծի փակվելուց հետո զբաղվել եմ իմ հեղինակային «Ինստա շոու» ծրագրով, որն ընդամենը մեկ եթերաշրջան ունեցավ:

«Շատերն ինձ չէին ճանաչել»

«Սիրուն Սոնա» սերիալում շատ պատահական եմ հայտնվել: Ընկերներիցս մեկն ասաց ռեժիսոր Ելենա Արշակյանի հայտարարած քասթինգի մասին: Մասնակցեցի՝ հույս չունենալով, որ կընտրվեմ: Մոտ 20 օր լռությունից հետո զանգահարեցին եւ փորձի կանչեցին: Մեկ ժամ աշխատելուց հետո ընտրվեցի որպես գլխավոր դերակատար, հաջորդ օրվանից էլ սկսվեցին նկարահանումները: Այս թիմի հետ առաջին անգամ էի համագործակցում, առաջին օրը լարվածություն կար, ոչ ոքի չէի ճանաչում, պատասխանատու դեր էր: Գործընկերներիս ջերմ վերաբերմունքը կոտրեց լարվածությունս եւ հեշտ ներգրավվեցի թիմում:

Մինչ այս մարմնավորածս բոլոր հերոսներն արտաքնապես նման են ինձ, բայց Մելիքի կերպարն իմ արտաքինի հետ ոչ մի կապ չունի: Դերի համար ստիպված եղա սափրվել, հրաժարվել նախկին սանրվածքիցս: Այնպես էի փոխվել, որ շատերն ինձ չէին ճանաչել:

Շուշաննա Թովմասյանը եւ Նորայր Եղյանը


Պետք է խոստովանեմ՝ Մելիքի դերն ինձ հայտնիություն բերեց: Առաջին սերիայից հետո սկսվեց մեկնաբանությունների եւ նամակների տարափը, ինչը, չեմ ստի, շատ հաճելի է, բայց միեւնույն ժամանակ, պարտավորեցնող: Փողոցում ամեն քայլափոխի ճանաչում են, շատերը մոտենում են, խորհուրդներ ու խրատներ տալիս՝ հույս տալով, որ ամեն բան լավ է լինելու: Հայտնիությունն ինձ չի մեծամտացել: Ուրախանում եմ, որ մարդիկ իրենց թանկ ժամանակը ծախսում են մեր սերիալը դիտելու վրա եւ մեզ գովեստի խոսքեր են գրում:

Անձնական

Նախկինում անձնական կյանքս բաց էր հանրության համար, հաճախ էի տարբեր առիթներով խոսում այդ մասին: Փորձը ցույց տվեց՝ որքան այն փակ ես պահում, այնքան հաջող է դասավորվում: Երբ կողքիս լինի այն միակը, որի հետ ամեն բան լուրջ եւ վերջնական կլինի, այն ժամանակ էլ բոլորին կհայտնեմ, որ երջանիկ եմ: Այս շրջանում սիրահարված եմ իմ աշխատանքին:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Նորայր Եղյանի արխիվից եւ Vog.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին