×


Սուսաննա Պետրոսյանը՝ կորոնավիրուսի պատճառով Երեւան վերադառնալու եւ դստեր մասին

Սուսաննա Պետրոսյանն այս օրերին ընտանիքի հետ Հայաստանում է: Վերջին շրջանում Չինաստանում բնակություն հաստատած երգչուհին BRAVO.am-ին հայտնել է, որ սովորաբար ամռանն են այցելում հարազատներին, իսկ ձմռանն աշխատում են տաք երկրներ մեկնել:

«Պատճառն այն է, որ մեզ մոտ էլ՝ Չինաստանում, ցուրտ է: Այս անգամ էլ մեկնել էինք Կամբոջա՝ հանգստանալու, այդ ընթացքում տարածվեց կորոնավիրուսը, մեր քաղաքն էլ փակվեց, եւ մեզ ասացին՝ չվերադառնանք: Անընդհատ երկարացնում էինք հանգիստը՝ սպասելով լուրի, բայց հասկացանք, որ այդպես անհնար է»,-պատմել է Սուսաննան:

Սուսաննա Պետրոսյանի ընտանիքը


Նրա խոսքով՝ իրենց վերադարձը Հայաստան անակնկալ է եղել հարազատների եւ ընկերների համար.«Դեռ չգիտենք՝ ինչքան ենք մնալու: Գուցե որոշ երկրներից մուտքը Չինաստան թույլատրվի, օրինակ՝ Իտալիայից կամ Իրանից, բայց շատ հնարավոր է՝ թույլ չտան»:

Խոսելով աղջկա մասին՝ Սուսաննան ասել է.«Ալիսան այստեղ իրեն շատ լավ է զգում, շրջապատված է հարազատներով, քույր-եղբայրներ ունի, շատ է ուրախանում, բայց նաեւ կարոտում է Չինաստանի իր ընկերներին, արթնանալիս հաճախ սկսում է չիներեն խոսել, հարցնել՝ գնալու է մանկապարտեզ, թե ոչ»:

Սուսաննա Պետրոսյանի դուստրը


Պարզվում է՝ երգչուհին այս շրջանում իր դասերն առցանց է անում.«Ուսանող եմ, սովորում եմ Չանչունի համալսարանում, հաջորդ տարի կավարտեմ, չիներենի մասնագետ եմ դառնալու: Շատ դժվար լեզու է, բայց սիրում եմ չինական արվեստը, շատ լի է եւ հին: Առցանց տարբերակով կսովորենք այնքան ժամանակ, մինչեւ որ լուծվի կորոնավիրուսի հարցը, որպեսզի մարդիկ կարողանան հանգիստ տնից դուրս գալ, գործի եւ դասի գնալ»:

Սուսաննան ասել է նաեւ, որ անհանգստանում է Չինաստանում մնացած իր ընկերների համար.«Շատ մտերիմ մարդիկ ունեմ, որոնք այնտեղ արդեն երկրորդ ամիսն է՝ տնից դուրս չեն գալիս: Ոչ միայն չին ընկերներ են, այլեւ ռուս, աֆրիկացի, ովքեր այնտեղ են մնացել այս շրջանում, շատ դժվար իրավիճակում են: Պետք է ասեմ, որ հենց չինացիները չեն բողոքում եւ ամեն ինչի մեջ փորձում են դրական մի բան գտնել: Տանը գտնվելով՝ ամեն հնարավորն անում են ավելի զարգանալու եւ իրենց երեխաներին զարգացնելու համար: Ուրախանում եմ, որ չեն ընկճվել»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Սուսաննայի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW