×


«Իրական կերպար եմ մարմնավորել. այդ մարդը մինչ օրս ողջ է». Սուրեն Առուսատամյան

«Անատոլիական պատմություն» 16 մասանոց սերիալում ահաբեկչի դերում հանդես եկող Սուրեն Առուստամյանը BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ երրորդ անգամ էր թուրքի կերպար մարմնավորում: Դերասանի հետ զրուցել ենք նաեւ հետաձգված ծրագրերի եւ այն մասին, թե ինչպիսին է առօրյան կարանտինում:

«Ուրախ եմ, որ ինձ էլ հնարավորություն ընձեռվեց նկահանավել բազմասերիանոց այս ֆիլմում: Շնորհակալ եմ Հրաչ Քեշիշյանին՝ դերն ինձ վստահելու համար: Հիանալի աշխատանք էր. հավաքվել էին ոլորտի լավագույն մասնագետները, ամեն մեկն իր գործը շատ լավ էր անում, արդյունքում ստացանք մի ֆիլմ, որը մեծ արձագանք ունեցավ»,-նշել է նա:

«Անատոլիական պատմություն» սերիալի նկարահանումներին


Դերասանը շեշտել է, որ իրական կերպար է մարմնավորել.«Եթե չեմ սխալվում, այդ մարդը մինչ օրս ողջ է: Իր կատարած հանցագործություններից հետո փոխել է իր կյանքը»: (Խոսքը թուրք ծայրահեղական, ահաբեկիչ Մեհմեդ Ալի Աղջայի մասին է` «Գորշ գայլեր» կազմակերպությունից, ով առավել հայտնի է 1981 թվականին Հռոմի Հովհաննես Պողոս II պապի վրա մահափորձի համար,-հեղ.):

Սուրենն այս օրերին հետեւում է տանը մնալու հորդորներին.«Այդպիսով հեշտ հաղթահարենք ստեղծված իրավիճակը: Կարծում եմ՝ հիանալի առիթ է ընտանիքի հետ հաճելի ժամանակ անցկացնելու համար: Այս ընթացքում հասցրել եմ հինգ գիրք կարդալ, որակյալ սերիալներ եւ հետաքրքիր ֆիլմեր դիտել, սպորտով զբաղվել: Առավոտյան դստերս հետ դուրս ենք գալիս զբոսնելու եւ մաքուր օդ շնչելու: Աղջկաս հետ նաեւ մարմնամարզությամբ ենք զբաղվում. նստում է ոտքերիս, բռնում եմ ձեռքերն, ու վարժություններ ենք անում: Լոտո ենք խաղում»:

Սուրեն Առուստամյանը՝ դստեր հետ


Խոսել ենք հետաձգված ուղեւորություններից.«Ապրիլի 18-ին «Հիմա ո՞ւր» հաղորդման շրջանակում պետք է Թունիս մեկնեինք: Իրանական ֆիլմում նկարահանվելու առաջարկ ունեի, Իրանում պետք է իրականացվեին նկարահանումները, դա էլ անորոշ ժամանակով հետաձգվեց: Սա լավ առիթ է մի պահ կանգ առնելու եւ հասկանալու՝ արդյոք ամեն բան ճիշտ է արվում, ինչում են մեր թերացումները, ինչն է պետք փոխել, եւ թե ինչին է պետք ավելի շատ ուշադրություն դարձնել: Համավարակի նահանջից հետո առաջին բանը, որ անելու եմ, աշխատանքի գնալն է. այնտեղ ամեն բան կարոտել եմ»,- եզրափակել է դերասանը:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Սուրեն Առուստամյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին