×


«Գեւորգը շատ է ուզում ինձ սպիտակ զգեստով տեսնել». դերասանի կինը՝ հետաձգված հարսանիքի մասին

Գեւորգ Գրիգորյանը եւ Սուսի Գեւորգյանը կարանտինային օրերն անցկացնում են Երեւանում: Դերասանի կինը BRAVO.am-ին պատմել է, որ չեն կարողացել ժամանակին վերադառնալ Արցախ՝ միջմարզային տեղաշարժի սահմանափակման պատճառով:

«Մեր ձեռնարկած նախագծերը հետաձգվեցին. Արցախում պատրաստվում էինք զբոսաշրջության կենտրոն բացել գարնան սկզբին: Երեւան էինք եկել Գեւորգի եւ ընկերների եւս մեկ բիզնես նախաձեռնության համար: Հիմա սպասում ենք բացումը լինի, նոր վերադառնանք Արցախ: Այս օրերին ազատ ժամանակը շատ է. կարողանում ենք դիտել այն ֆիլմեր, որոնք չէինք դիտել, կարդալ գրքեր, որոնց համար առաջ ժամանակ չէինք գտել»,-նշել է նա:

Սուսի Գեւորգյանը


Մեկուսացման արդյունքում դերասանն ու կինը սկսել են սնվել տանը.«Առաջ շատ էինք ճանապարհորդում եւ դրսում սնվում, իսկ հիմա տանն ենք: Պատրաստել շատ եմ սիրում: Գեւորգը քմահաճ չէ ուտելիքի հարցում, եւ պատրաստում եմ թե՛ ավանդական, թե՛ նոր ուտեստներ: Քանի որ երկու շուն ունենք, ամեն օր կանոնավոր ռեժիմով նրանց զբոսանքի ենք տանում, մենք էլ առիթից օգտնվում ենք ու մաքուր օդ շնչում (ծիծաղում է,-հեղ.)»:

Սուսին ասում է՝ Գեւորգի հետ ապրելու ընթացքում նրանից շատ բան է սովորել. «Նրան հանդիպելուց հետո սովորել եմ անսահման նվիրվել եւ սիրել: Մինչ այդ ես շատ էի ընկերներիս հետ ժամանակ անցկացնում, ամբողջ օրը զբաղված էի, իսկ հիմա ավելի տնակյաց եմ դարձել: Բայց առանձնապես ոչինչ իմ մեջ չեմ փոխել, քանի որ Գեւորգն ինձ սիրել է այնպիսին, ինչպիսին կամ»: Քանի որ դեռ նախորդ տարի BRAVO.am-ի հետ զրույցում Գեւորգը նշել էր, որ Սուսին իր մայրիկի երազելի հարսն է, նրանից հետաքրքրվեցինք՝ արդյոք Գեւորգն էլ իր մայրիկի երազելի փեսան է.«Գեւորգն իմ մայրիկի երազած փեսան է, դեռ մի բան էլ ավելի (ժպտում է,-հեղ.): Երբ մայրս զանգում է, առաջինը Գեւորգից է հարցնում. նրան շատ է սիրում»:

Գեւորգ Գրիգորյանը եւ Սուսի Գեւորգյանը


Անդրադառնալով հարսանիքին` Սուսին ասել է.«Առաջիկա պլաններում դեռ չկա, բայց այնպես էլ չէ, որ չենք մտածում այդ մասին: Կարծում եմ՝ երբ ժամանակը գա, խնջույք կկազմակերպենք: Հարսի զգեստ հագնելն ինձ համար սկզբունքային չէ, բայց Գեւորգը շատ է ուզում ինձ սպիտակ զգեստով տեսնել»,-եզրափակել է նա:

Տեքստը՝ Մարիամ Խաչատրյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ զույգի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW