×


«Կինս ու աղջիկներս այնպես արեցին, որ չտխրեմ». Տիգրան Ներսիսյանի կարանտինային 54-ամյակը

Տիգրան Ներսիսյանը երեկ՝ մայիսի 7-ին, դարձել է 54 տարական: BRAVO.am-ը Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի դերասանի հետ զրուցել է արտակարգ դրության պայմաններում տարեդարձը նշելու եւ մեկուսացած առօրյայի մասին: Նա մտաբերել է նաեւ իր եւ կնոջ՝ Նելլի Խերանյանի անմոռանալի հոբելյանը:

«Ինչ խոսք, այս տարեդարձս շատ էր տարբերվում նախորդներից, երեւի այն եզակի ծննդյանս օրերից էր, որ հյուրեր չեմ ունեցել: Ամեն տարի այս օրը մեր ամենամտերիմ ընկերներն ու հարազատներն էին հյուրընկալվում մեզ, կամ ռեստորանային համալիրներից մեկում էինք խնջույք կազմակերպում, այս տարի չորսով էինք: Անսովոր էր, բայց կինս ու աղջիկներս այնպես արեցին, որ տրամադրությունս ողջ օրը բարձր մնա եւ տխրելու առիթ չունենամ: Գեղեցիկ եւ շատ համեղ տորթ էին պատրաստել. իրենք լավ գիտեն՝ ինչ եմ սիրում: Խմեցինք, զրուցեցինք ու հաճելի ժամանակ անցկացրինք: Աշխարհի տարբեր երկրներում ապրող ընկերներ ու մտերիմներ ունեմ, որոնց զանգերն ու հաղորդագրությունները ողջ օրը չեն դադարել, ես էլ սիրով կարդացել եւ պատասխանել եմ բոլորին»,- ասել է դերասանը:

Տարիներ շարունակ նույն երազանքն է մտապահում.«Իմ գլխավոր երազանքը չի փոխվում, ճիշտ է՝ ժամանակ առ ժամանակ նաեւ անձնական կետեր են ավելանում, բայց հիմնականում նույնն է: Ուզում եմ՝ խաղաղ եւ անփորձանք երկրում ապրենք, ուրախ լինենք ու առողջ: Այս պանդեմիան էլ եւս մեկ հուշում է, որ առողջությունից կարեւոր ոչինչ չկա»:

Տիգրան Ներսիսյանի ընտանիքը


Մտաբերել է նաեւ իր հիշարժան տարեդարձը.«Նույնիսկ չէի կարող պատկերացնել, որ իմ ու Նելիի 50-ամյակն այդ կերպ կնշվի (Նելլի Խերանյանի տարեդարձը մայիսի 10-ին է,-հեղ.): Սունդուկյանի անվան թատրոնում մեզ համար հոբելյանական երեկո էր կազմակերպված: Անմոռանալի պահեր էին, որոնց մասին մենք միայն երազել կարող էինք: Ամեն բան երկուսիս սրտով էր, գեղեցիկ ու հիասքանչ օր էր: Ներկաները հարազատ մարդիկ էին, ովքեր այսքան ժամանակ միշտ մեր կողիքն են եղել, գնահատել եւ սիրել են մեր արվեստը: Դահլիճից սեր էր հորդում, շշմելի օր էր, կհիշենք մեր ամբողջ կյանքում»:

Դերասանն իրեն երիտասարդ է զգում.«Տարիքին որպես թիվ եմ վերաբերվում: Զգացողությունների առումով ինձ 20 տարեկան եմ զգում: Նույնիսկ 18 տարեկանում իմ ծննդյան օրը տրամադրության անկում եմ ունեցել, տարիքն իր հետ հավելյալ տխրություն չի բերել»:

Ներսիսյանների ընտանքը խստորեն հետեւում է մեկուսանալու կոչերին.«Ես ու կինս անորոշ ժամանակով աշխատանքային դադարի մեջ ենք, ինչը ես մեծ դժվարությամբ եմ հաղթահարում: Տեսակով ակտիվ մարդ եմ, պարապությունն ինձ համար չէ, նույնիսկ տարվա մեջ մեկ անգամ դժվարությամբ եմ համաձայնում արձակուրդ գնալ: Յոթ օրը լրանալուն պես կարոտում եմ ակտիվ կենսակերպս: Այս օրերին փորձում եմ ավելի զգուշավոր լինել, ու որքան էլ դժվար է, հիմնականում տանն եմ: Աղջիկներիս ու կնոջս հետ փորձում ենք ուրախ հաղթահարել ստեղծված իրավիճակը: Գնումներն ինքս եմ անում, այդ կերպ գոնե մի փոքր ցրվում եմ եւ էներգիա ծախսում»,-եզրափակել է դերասանը:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Ներսիսյանների արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW