×


«Անորոշությունից վախենում եմ». Լիլի Էլբակյանի կարանտինային 34-ամյակը

Լիլի Էլբակյանը երեկ` մայիսի 11-ին, նշել է ծննդյան 34-ամյակը: BRAVO.am-ի հետ զրույցում դերասանուհին ասել է, որ մեծանալուց սկսել է վախենալ.«Զգում եմ` տարիների հետ ինչ-որ բաներ կորցնում եմ: Բայց կա նաեւ դրական կողմը. ինչքան մեծանում ես, այնքան ավելի իմաստուն ես դառնում: Աշխատում եմ հոգուս խորքում միշտ պահել մանուկ Լիլիին»:

Ծննդյան օրը սկսել է քննությամբ.«Համաճարակի պատճառով նախօրոք զանգեցի ընկերներս եւ խնդրեցի գիշերը չգալ: Առավոտյան երեխաներս թղթերից բացիկներ էին պատրաստել, նվիրեցին, երգեցին, շնորհավորեցին: Հետո սկսվեցին անթիվ զանգերը: Քանի որ Մանկավարժական համալսարանում դասավանդում եմ, հենց երեկ պետական քննություն կար. 4-5 ժամ զբաղված էի դրանով: Ուսանողներիս նվերն այն էր, որ շատ լավ հանձնեցին քննությունը»:

Լիլի Էլբակյանը


Ժամանցը կազմակերպել են Երեւանից դուրս.«Այնքան էինք հոգնել տանը մնալուց, որ որոշեցինք բացօթյա սրճարան գնալ մեր ընտանիքով: Շատ լավ անցավ, ունեի նաեւ տորթ: Մոմերը փչելիս միշտ մոռանում եմ երազանք մտապահել: Ընդհանրապես տորթն ուտելու համար է, իսկ երազանքներս Աստծուն եմ պատմում»:

Լիլին անակնկալներ եւ ծաղիկներ չի սիրում.«Քանի որ ռեժիսոր եմ, սիրում եմ, երբ գիտեմ՝ ինձ հետ ինչ պետք է լինի: Անորոշությունից վախենում եմ: Որքան էլ զարմանալի հնչի, ծաղիկներ նույնպես չեմ սիրում: Համոն գիտի այդ մասին, չի նվիրում: Միեւնույն է՝ մի քանի օր հետո թառամելու են, եւ դեն նետեմ: Համոն ինձ նվեր դեռ չի գնել»:

Լիլի Էլբակյանի ընտանիքը


Դերասանուհին վերհիշել է իր լավագույն տարեդարձերից մեկը. «Իմ ծնունդները միշտ լավ են անցնում, բայց հատկապես տպավորվել է մեկը: Երրորդ կուրսի ուսանող էի, տանն էի ուզում նշել, մայրիկիս հետ երկար պատրաստվել էինք այդ օրվան: Առավոտյան արթնացա, որ պատրաստվեմ ընկերներիս գալուն ու տեսա՝ ամբողջ մարմինս ցանով է պատված: Զանգեցինք բժշկին եւ խորհրդակցելուց հետո հասկացանք՝ կարմրախտ է: Ես գիշերազգեստով տխուր նստած էի տանը, երաժշտության ձայն լսեցի: Պատուհանից նայեցի ու տեսա՝ ընկերներս էին` նվերներով ու փուչիկներով: Այդ պատկերը մինչ օրս մնացել է իմ հիշողության մեջ»:

Անդրադառնալով հետաձգված պլաններին՝ Լիլին ասել է.«Նոր ներկայացումների պլաններ, շատ առաջարկներ ունեի, բայց ամեն ինչ կանգ առավ: Հուսով եմ՝ իրավիճակը շատ շուտ կկարգավորվի, եւ կսկսենք ավելի բեղմնավոր աշխատանքային շրջան: Առաջին բանը, որ կանեմ կարանտինից հետո` թատրոն գնալն է: Խոստացել եմ տորթով նշել տարեդարձս թատրոնի ընկերներիս հետ»:

Տեքստը` Մարիամ Խաչատրյանի/Bravo.am/
Լուսանկարները` Լիլիի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW