Դրամատիկական թատրոնի դերասանուհի Լուիզա Ղամբարյանը սիրով համաձայնել է լինել BRAVO.am-ի՝ ընտանիքների բացահայտման խորագրի հյուրը: Նա խոսել է հոր կորստի, իր հետ ապրող մայրիկի մասին: Պատմել է, թե ինչպես է դասավորվել ավագ եղբոր եւ քրոջ ճակատագիրը, հետաքրքիր բնորոշում է տվել ամուսնուն, պատմել է սկեսուր-սկեսրայրի մասին, նաեւ անդրադարձել է դստեր ընտրությանը:
Հայրս՝ Գագիկ Ղամբարյանը, մահացել է, երբ ես 29 տարեկան եմ եղել: Նա տնտեսագիտության դոկտոր էր. երկար տարիներ դասավանդել է Հայաստանի ագրարային համալսարանում՝ որպես «Տնտեսագիտական, հաշվապահական հաշվառման վերլուծություն» առարկայի դասախոս: Մինչ մասնագիտության ընտրությունը սիրողական մակարդակով եղել է դերասան. դպրոցական տարիներին հաճախել է թատերական խմբակ եւ մասնակցել է Պատանի հանդիսատեսի թատրոնի ներկայացումներին: Սերն արվեստի, մշակույթի նկատմամբ հայրիկս է սերմանել իմ մեջ: Լինելով տնտեսագետ, միեւնույն է՝ նա ամբողջ կյանքում սիրեց գրականությունը, թատերարվեստը, կինոարվեստը, նկարչությունն ու պոեզիան. հայ եւ ռուս գրականության մեծ ջատագով էր:
Գագիկ Ղամբարյանը
Մայրս՝ Ալլա Մուրադյանը, ինձ հետ է ապրում: Նա երեք երեխայի մայր է, եղել է տնային տնտեսուհի, բայց արդեն շուրջ 30 տարի է՝ աշխատում է Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում: Նա բեմական գործունեության հետ կապ չունի. սպասարկող անձնակազմից է, լինում է ետնաբեմում, բայց բավական մեծ աշխատանք է կատարում:
Ալլա Մուրադյանը
Եղբայրս՝ Հայկ Ղամբարյանը, տնտեսագետ է, երկար տարիներ է՝ ապրում է Ֆրանսիայում: Նաեւ շախմատիստ է. այնտեղի հայկական կիրակնօրյա դպրոցներում դասավանդում է հայոց լեզու եւ շախմատ: Երկու երեխա ունի՝ Մասիսն ու Ադրիանան, ովքեր մեծանում են հայկական մթնոլորտում, ավանդույթներին համապատասխան եւ հաճախ են Հայաստան գալիս:
Հելեն Ղամբարյանը՝ որդու հետ
Քույրս՝ Հելեն Ղամբարյանը, անգլերեն լեզվի եւ հոգեբանության մասնագետ է: Ապրում է ԱՄՆ-ում, ամուսնացած է, ունի մեկ որդի՝ Դանիելը: Այնտեղ մասնավոր գործունեություն է ծավալում: Նրա որդին շատ հայկական բնավորություն եւ խառնվածք ունի: Ամեն տարի գալիս է Հայաստան եւ մեծ ցավով բաժանվում, հրաշալի հայերեն գիտի, նաեւ ռուսերեն: Քույրս փորձել է նրա մեջ սերմանել բոլոր այն արժեքները, որոնցով մենք ենք մեծացել՝ մարդասիրություն, հոգատարություն:
Լուիզա Ղամբարյանը եւ Գեորգի Պողոսյանն՝ իրենց դստեր հետ
Ամուսինս՝ Գեորգի Պողոսյանը, Երեւան քաղաքի ամենավառ գույներից մեկն է, հոգատար, բարի բժիշկ, ով իր անունը պատվով է կրում, իր գործով ծառայում է հայրենիքին եւ իր ընտանիքին:
Գաբին՝ մայրական տատիկի հետ
Աղջիկս՝ Գաբին, սովորում է 9-րդ դասարանում, հավանաբար, ուսումը կշարունակի ավագ դպրոցում, իսկ ապագայում կընտրի միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ճանապարհը: Մասնագիտության ընտրության առումով, կարելի է ասել, մեր ընտանեկան ավանդույթները չեն շարունակվի, չնայած որ նա շատ է սիրում լինել թե՛ հայրիկի աշխատավայրում, թե՛ իմ նկարահանումներին մասնակցել: Ի դեպ, Գաբին վերջես մասնակցեց Պուշկինի անվան թիվ 8 դպրոցում տեղի ունեցած ծառատունկին. լինելով 4-րդ սերնդի ներկայացուցիչ՝ ծառ է տնկել՝ դրանով իսկ շնորհավորելով իր տատիկի եւ պապիկի ամուսնության 73 տարին: Իմ սկեսուրը եւ սկեսրայրը նույնպես այդ դպրոցում են սովորել տասը տարի, որից հետո սկեսրայրս մասնակցել է Հայրենական պատերազմին, իսկ վերադառնալուց հետո մայիսի 9-ին նրանք ամուսնացել են:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Լուիզայի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: