×


Լիդուշիկը՝ սերիալային դերի, անօգուտ քննարկման եւ դժվար իրավիճակի մասին

Մայիսի 18-ից ցուցադրվող «Խաբկանք» սերիալում նկարահանվում է նաեւ երգչուհի Լիդա Առաքելյանը: Նա BRAVO.am-ի հետ զրուցել է սերիալային աշխատանքի, ինչպես նաեւ նոր երգերի եւ համագործակցությունների մասին:

«Տարեսկզբին, երբ ԱՄՆ-ում էի, Անուշիկ Պետրոսյանի հետ մտերմիկ զրույցը վերածվեց գործնականի: Նախկինում համագործակցել էինք «Իմ փոքրիկ փեսացուն» ֆիլմի շրջանակում, ու քանի որ այս շրջանում ինքս էլ որեւէ նախագծում ընդգրկվելու ցանկություն ունեի, համաձայնեցի: Կարելի է ասել՝ ինքս ինձ եմ մարմնավորում. դրական, կենսախինդ երգչուհի Լիդիայի դերում եմ: Շատ մանրամասներ չեմ ցանկանա պատմել՝ դիտողների համար հետաքրքրությունը պահպանելու համար: Նկարահանումներն ուրախ ու անմիջական մթնոլորտում են անցնում, ինձնից բացի, այլ երգիչներ էլ են ընդգրկված»,- ասել է Լիդուշիկը:

«Խաբկանք» սերիալի նկարահանումներին


Երգչուհին չի պատրաստվում փոխել բեմական անունը.«Որքան էլ մեծացել եմ, բայց իմ երկրպագուների համար շարունակում եմ մնալ նախկին փոքրիկ աղջնակը: Մի քանի անգամ քննարկել ենք անվան հնարավոր փոփոխությունը, բայց հասկացել, որ անօգուտ է, միեւնույն է՝ մարդիկ ինձ որպես Լիդուշիկ են ընդունում»:

Նոր երգեր ունի, որոնք շուտով կներկայացնի.«Ստեղծագործական բուռն շրջանում եմ: Սիրային երկու երգ ունեմ, որոնցից մեկի հեղինակն Արտեմ Վալտերն է, մյուսինը՝ Վահե Ալեքսանյանը: Համագործակցել եմ նաեւ Ավետ Բարսեղյանի եւ Կարեն-Սեւակի հետ, այնպես որ, նորությունների պակաս չեմ ունենա»:

Լիդուշիկը


Խոսելով համավարակի պատճառով հետաձգված ծրագրերից՝ Լիդան ասել է. «Կարեւոր մի շարք անելիքներ ուենի, որոնք դուրս մնացին օրակարգից: Ամենակարեւորը Ֆրանսիայում համերգային շրջագայությունն էր: Երբ ամեն բան կարգավորվի, միգուցե լրացնենք բացը: Ասեմ՝ մեծ դժվարությամբ եմ հաղթահարել նոր իրավիճակը. տեսակով ակտիվ մարդ եմ, իմ հանգիստն անգամ աշխույժ է լինում, ու շատ դժվար էր միանգամից տանը մնալը: Չնայած՝ դրական կողմ էլ կար. կարողացա շատ ժամանակ անցկացնել ընտանիքիս կողքին»:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Լիդուշիկը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW