×


«Որոշեցինք ոգեւորել ու չկոտրել նրան». Շուշան Ղազարյան

Վահագն Գալստյանի եւ Շուշան Ղազարյանի դստեր համար դպրոցական զանգն այս տարի հնչել է վերջին անգամ: Ավարտելով Խաչատուր Աբովյանի անվան դպրոցի 9-րդ դասարանը՝ Լիլին ուսումը շարունակելու է Երեւանի տարածաշրջանային N 1 քոլեջի դերասանական բաժնում: Պատանի հանդիսատես թատրոնի դերասանուհու հետ զրուցել ենք ինչպես դստեր մասին, այնպես էլ սերիալներում չնկարահանվելու պատճառի եւ համավարակի օրերին հետաձգված ծրագրերի մասին:

«Շատ երկար էինք սպասել եւ մեծ ոգեւորությամբ էինք պատրաստվում մեր դստեր Վերջին զանգին: Որքան էլ զարմանալի է, երեխաներն ավելի գիտակից մոտեցան համավարակի պատճառով առաջացած խնդրին ու հասկացան, որ տխրելով ոչինչ չեն փոխելու: Ծնողներով ավելի հուսալքված էինք, քան՝ նրանք»,- պատմել է Շուշանը:

Շուշան Ղազարյանը՝ որդու հետ


Լիլին պատրաստվում է դերասանուհի դառնալ.«Դերասանների ընտանիքում ծնված երեխաները ծնողների հետ վաղ տարիքից թատրոններում են լինում, մասնակցում են փորձերին ու ներկայացումներին: Իմ աղջիկն էլ բացառություն չէ, հասցրել է նաեւ ներկայացումներում ընդգրկվել, տեսանյութեր է նկարում, դերասանուհուն բնորոշ տաղանդով է օժտված: Որպես մասնագետ՝ դրական եմ գնահատում ընդունակությունները, դրա համար դեմ չեմ որոշմանը, չնայած՝ բացատրել եմ ոլորտում առկա բոլոր խնդիրներն ու դժվարությունները: Գիտակցելով է ընտրում իր ապագա ուղին, պատրաստ է ցանկացած դժվարության, առաջ Աստված: Ինքս ժամանակին շատ եմ ցանկացել բժշկուհի դառնալ, բայց չստացվեց: Շատ կուզեմ՝ տղաս ընտրի իմ երազելի մասնագիտությունը»:

Հայրը՝ դերասան Վահագն Գալստյանը, եւս աջակցել է դստերը.«Երկուսս էլ որոշեցինք ոգեւորել ու չկոտրել նրա ձգտումները: Եթե մեր հայտնիությունը լավ առումով նպաստի մեր աղջկա կայացմանը, միայն ուրախ կլինենք, բայց չեմ կարծում, որ ծանոթ ունենալը մեր մասնագիտության մեջ կարեւորություն ունի: Այս ոլորտում առաջնայինն անձն է՝ իր ունակություններով ու կարողություններով: Որքան էլ մենք կայացած լինենք, դա չի նպաստի մեր երեխայի կարիերային, միգուցե նա էլ ավելի բարձունքների հասնի»,- հավելել է Շուշանը:

Վահագն Գալստյանը՝ դստեր հետ


Նրա հետ զրուցել ենք նաեւ համավարակի պատճառով փոխված առօրյայի մասին. «Գերհոգնած էի ու առաջին օրերին փորձեցի հանգստանալ: Մի քանի օրից սկսեցի գիտակցել, որ կյանքը փոխվել է: Հիմա փորձում ենք կորոնավիրուսի հետ ապրել, դեպրեսիայի մեջ չենք ընկել, չենք հուսահատվել ու հիասթափվել, կյանքը շարունակվում է: Որպես մայր եւ որպես Թատերական ինստիտուտի դասախոս՝ սրտնեղում եմ հեռավար ուսուցումից: Գոնե դպրոցում եղած ժամանակ կարողանում էինք երեխաներին տեխնիկայից կտրել, հիմա այդ ժամերին էլ կառչած են համակարգիչներից եւ սմարթֆոններից, բացի դա, կենդանի շփման ժամանակ կրթության որակն ավելի բարձր էր: Որպես դասախոս՝ ցայտնոտի մեջ եմ: Դասավանդում եմ դերասանի վարպետություն, իսկ առցանց տարբերակով բեմադրություն չես կարող անել..: Մեր բուհը չի կարող առցանց գործել, մեր մասնագիտության բուն իմաստը մարդկանց անմիջական շփումն է»:

Խոսելով հետաձգված ծրագրերից՝ դերասանուհին ասել է.«Իմ հիմնական գործերը կապված են իմ խմբի հետ: Որպես դերասանուհի՝ վերջին տարիներին պասիվ եմ, ինչը չեմ կրող ասել՝ ինչի հետ է կապված: Ֆիլմերում եւ հեռուստասերիալներում նկարահանվելու առաջարկներ եղել են եւ կան, բայց միշտ մերժում եմ, նույնիսկ եղել են դեպքեր, երբ չեմ էլ հետաքրքրվել սցենարով: Այդ գործն իմը չէ: Թատրոնում եւ Թատերական ինստիտուտում ես ինձ շատ ավելի լավ եմ զգում, ու քանի որ ունեմ ընտրելու հնարավորություն, անում եմ այն, ինչ ինձ հոգեհարազատ է»:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Շուշան Ղազարյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին