×


«Էս լույս երեխեքի մահը չեն մարսելու». Նազենի Հովհաննիսյան

Ադրբեջանական կողմի սանձազերծած ռազմական գործողությունների հետեւանքով ստեղծված իրավիճակին է անդրադարձել սոցցանցային իր էջերում դերասանուհի-հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը.

«Հազար անգամ գրեցի-ջնջեցի... խոսքերս, ասելիքս խեղդվում է կոկորդումս: Մարդ չգիտի` ինչ ասի, ոնց ասի, ոնց ապրի... Արդեն երկրորդ լուսաբացն է՝ կարդում ենք կոչեր, էստեղ-էնտեղից եկող տարբեր լուրեր, հաճախ կցկտուր, երբեմն ամբողջական, գրում ենք` ով ինչ տարածի, ով ինչպես իրեն պահի այս դժվարին իրավիճակում, էլի զրոյից սովորում ենք՝ ինչպես դիմակայել ապատեղեկատվության հոսքին... ամեն ոք փորձում է իր ձեւով օգտակար լինել, բայց մեր լույս երեխեքը էլ չկան:

Ու էլի զոհվում է իմ, քո, նրա եղբայրը, ընկերը, հայրը, ապագա ամուսինը կամ որդին, զոհվում են իրականում: Որովհետեւ մենք այդպես էլ չհավատացինք, որ ագրեսոր թշնամին չունի սկզբունք, որ նրա «խավիարային դիվանագիտության» հիմքում սպանելն է միայն ու խլելը, խաբելը, առնելը, մեծ գումարներով համաշխարհային «բերաններն» առնելն է, որոնք հիմա լուռ են` լվացած ուղեղներով ու փողով դրոշմած բերաններով, միջազգային կառույցներն ու իրենց հումանիստական համարող «կառուցողական» սուտ հկ-ները, ֆինանսավորումներով տարբեր տխմար «կազմակերպությունները» եւ չգիտեմինչերը: 1915-ին էլ աշխարհը լուռ էր... ու անընդհատ ու միշտ «աշխարհը» կլռի, որովհետեւ ճշմարտությունը ոչ ոքի էլ պետք չէ: Իրենց «ճշմարտությունը» աշխարհաքաղաքական խաղերն են ու քարտեզի նոր վերաձեւումը... Տարածաշրջանում մշտական ագրեսիայի էսկալացնող Ադրբեջան, նախապես պլանավորած մասշտաբային սպանություններով ու խաղաղ բնակչության նկատմամբ աննկարագրելի դաժանությամբ: Սա է մերկ իրականությունը:

Բայց էս լույս երեխեքի մահը չեն մարսելու: Մեր կանգուն Խաչը վկա: Ու էն, որ գիշերվա հազարին նույնիսկ երեկվանից երկու կանգառը մեկ հավաքման կետերում հերթեր էին, ու որ 13-15 տարեկան երեխեքն էին բողոքում ծնողներին, որ չեն թողնում իրենց գնալ, էն, որ իմ՝ օրեր առաջ զորացրված ուսանողներն էին պատրաստվում, որ հետ գնան, էն, որ առանց ծպտուն հանելու էվակուացած որոշ երեխեքի էստեղ տեղավորում են մարդիկ` իրենց տներում, իրենց ծոցի մեջ... Այ դա է հենց հաղթանակը, ու թող կանխիկով գնեն ամբողջ մոլորակը, միեւնույն է՝ Հայաստան աշխարհն անպարտելի է. մերը սիրո, բազկի ու կամքի ուժի, անսահման սիրող ու ազնիվ սրտի, հայրենիքի ու երկնքում կախված Խաչի մեջ է:

Միայն մեր ապրելով ու զարգանալով կարող ենք իրապես շնորհակալ լինել, ուժեղանալով ու անցյալի սխալներից դաս քաղելով վերջապես... Լույսի մեջ մնաք, լույս երեխեք ջան»:

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում նահատակված զինծառայողները

Արզումանյան Հասմիկ Սմբատի, ծնվ. 1985թ.
Վարդանյան Լեռնիկ Արեգի, ծնվ.1978թ.
Մինասյան Գյորգի Լյովայի, ծնվ.1979թ.
Խաչատրյան Հովիկ Լյովայի, ծնվ.1990թ.
Մնացականյան Աշոտ Կոլյայի, ծնվ. 1979թ.
Հարությունյան Ագսեն Անդրանիկի, ծնվ. 1997թ.
Մարդիյան Արսեն Գարիկի, ծնվ. 1999թ.
Գալստյան Ռուբեն Մնացականի, ծնվ. 2000թ.
Թորոսյան Դավիթ Մխիթարի, ծնվ. 2001թ.
Ֆիլիպոսյան Տարոն Հրայրի, ծնվ. 2000թ.
Գրիգորյան Մայիս Մակարի, ծնվ. 2001թ.
Խլղաթյան Գառնիկ Էդգարի, ծնվ. 2001թ.
Սահակյան Էրիկ Սմբատի, ծնվ. 2001թ.
Մարգարյան Կարեն Վահրամի, ծնվ. 2000թ.
Օհանյան Դավիթ Էդվարդի, ծնվ. 2000թ.
Բարսեղյան Վրեժ Արսենի, ծնվ. 2001թ.

Ներսիսյան Սասուն Գրենիկի, ծնվ. 2002թ.
Խաչատրյան Խորեն Յուրայի, ծնվ. 1983թ.
Գրիգորյան Արմեն Նիկոլայի, ծնվ. 1984թ.
Աղասարյան Յուրի Հայկի, ծնվ. 2001թ.
Աճեմյան Գարիկ Արամի, ծնվ. 2002թ.
Գալոյան Գեւորգ Մարզպետի, ծնվ. 2001թ.
Աբրահամյան Գուրգեն Վարդանի, ծնվ. 2001թ.
Յարավյան Գոռ Հրանտի, ծնվ. 2002թ.
Ափոզյան Հովհաննես Օնիկի, ծնվ. 2000թ.
Հովհաննիսյան Արեն Կարենի, ծնվ. 2002թ.
Բեգլարյան Հայկազ Աշոտի, ծնվ. 2000թ.
Գաբրիելյան Էրիկ Ռոմայի, ծնվ. 1979թ.
Հայրապետյան Գուրգեն Էդուարդի, ծնվ. 1988թ.
Մովսիսյան Արթուր Սլավիկի, ծնվ. 1981թ.
Միխայելյան Վազգեն Լեւոնի, ծնվ. 1998թ

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին