Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարը շարունակում է ապրել ու ապրեցնել. ընթացող պատերազմի ժամանակ գնդակոծվելուց եւ մասնակի ավերվելուց հետո այստեղ առաջին անգամ պսակադրության արարողություն է եղել։ «Հարսանիք լեռներում» օպերացիան նոր պատմությամբ է ներկայացել ու նոր հերոսներով։ Պաշտոնական պիջակին փոխարինել է Հովհաննեսի զինվորական համազգեստը, իսկ հարսնացուն՝ Մարիամը, պսակադրությանը եկել է սպիտակ ազգային զգեստով։
Ինչպես BRAVO.am-ին հայտնել է շոումեն, «Հումորի լիգայի» տնօրեն Արամ Մելիքյանը, հարսն ու փեսան ծնունդով Արցախից են՝ Մարտունու շրջանից։ Փեսացուն այս ընթացքում առաջնագծում է եղել, եւ պսակադրության համար նրան մի քանի օր արձակուրդ են հատկացրել:
«Հովիկը դիրքերից է իջել։ Հիմա ինձ հետ նրան բերում եմ Երեւան, որ մեղրահինգօր անցկացնի, նորից վերադառնա առաջնագիծ (ժպտում է,- հեղ․)։ Հարսին էլ այստեղից՝ Երեւանից տարել եմ պսակադրության»,- պատմել է Արամը։
Հարսանիք՝ Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում
«Պատերազմին զուգահեռ` Արցախում կյանքը շարունակվում է: Իսկ Հովիկի եւ Մարիամի` այսօր Շուշիի Սուրբ Ղազանչեցոցում տեղի ունեցած պսակադրության արարողությունն առաջին հերթին ուղերձ է` ուղղված ողջ քաղաքակիրթ աշխարհին` օր առաջ պետք է դադարեն կրակել թնդանոթները... Երջանի՛կ լինեք»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ կից հրապարակելով կադրեր խորհրդանշական արարողությունից։
Հովհաննեսը եւ Մարիամը
Ինչպես երեւում է լուսանկարներում ու տեսանյութերում, պսակադրությանը ներկա են եղել հայ եւ արտասահմանցի բազմաթիվ լրագրողներ։ Այնտեղ է եղել նաեւ ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահամյանը, ով նույնպես գրառում է կատարել իր էջում.«Հարսանիք Շուշիում. ես չգիտեմ՝ երբեւէ բառեր կգտնեմ՝ պատմելու այն, ինչ զգում եմ հիմա...»։
BRAVO.am-ը շնորհավորում է նորապսակներին, երջանկություն եւ խաղաղություն մաղթում։
Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Արայիկ Հարությունյանի, Էդգար Բարսեղյանի եւ ֆեյսբուքյան այլ էջերից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: