×


«Որդիս ռազմաճակատում է, իմ գնալը կյանքը կորոշի». Վարդան Պետրոսյան

«Ես իմ մեջ հայտնաբերեցի մի նոր տիպի սեր մարդկանց նկատմամբ։ Ուղղակի եւս մեկ անգամ սիրահարվեցի իմ ժողովրդին, իմ ազգին»՝ այսպիսի անկեղծ խոստովանություն է անում դերասան Վարդան Պետրոսյանը՝ «ՈՄԱ» (Ողջ մնալու արվեստ) կազմակերպության հրապարակած տեսանյութում։ Նա պատմում է ռազմական պատրաստվածություն անցնողների թիմին միանալու, իր տպավորությունների ու ոգեւորության, ինչպես նաեւ որդու՝ Հայկ Պետրոսյանի՝ սահման մեկնելու մասին։

Հիշեցնենք, որ «ՈՄԱ»-ն հիմնադրվել է առաջին հետախուզադիվերսիոն խմբի վետերանների կողմից եւ նպատակ ունի ստեղծել ավելի մարտունակ հասարակություն։ Բազմաթիվ աղջիկներ ու տղաներ պատերազմի սկսվելու առաջին օրերից միացել են այդ մեծ թիմին, նրանց թվում է նաեւ Վարդան Պետրոսյանը։

«Ճակատագիրն այնպես դասավորվեց, որ ես հիմա եկա՝ պատերազմի օրերին։ Եկա, որովհետեւ կարծում եմ՝ ծայրաստիճան անհրաժեշտ է ժամանակակից ռազմական կրթություն ստանալը՝ հարկ եղած դեպքում անմիջապես ռազմաճակատ մեկնելու համար։ Չնայած տարիքս անցած էր, բայց ծանոթով եւ նմանատիպ կոռուպցիոն ամենախայտառակ մեթոդներով ես պարտադրեցի ինքս ինձ», - կատակում է դերասանը։

Նրա խոսքով՝ հուրախություն իրեն եւ խմբի՝ շատ լավ դիմանում է ու նույնիսկ զարմացնում ինքն իրեն․«Սա շատ հաճելի է զուտ եսասիրության իմաստով։ Պարապմունքներն ինձ համար շատ կարեւոր են ե՛ւ ֆիզիկական, ե՛ւ հոգեբանական պատրաստվածության առումով, բայց այստեղ ես ունեցա շատ կարեւոր հայտնագործություններ ինձ համար։ Առաջին օրը կարծում էի՝ այստեղ պիտի հանդիպեմ շատ հզոր, առնական տղաների, բայց եկա ու տեսա շատ տարբեր տիպի աղջիկների ու տղաների՝ հաղթանդամ, ուժեղ, փոքրիկ, գեր, շատ նիհար... Ներքուստ ես զարմացա նրանց վրա, թե ինչպիսի ներաշխարհ ունեն նրանք, բարոյական մեծ հաղթանակ են տարել իրենք իրենց նկատմամբ, ինչքան բարձր են գնահատել հայրենիքը, այս ծանր իրավիճակը։ Սա ապշեցուցիչ մի բան է։ Եվ ես այդ մարդկանց շատ յուրահատուկ, շատ տարօրինակ ձեւով սիրեցի, ես իմ մեջ հայտնաբերեցի մի նոր տիպի սեր մարդկանց նկատմամբ։ Ուղղակի եւս մեկ անգամ սիրահարվեցի իմ ժողովրդին, իմ ազգին»։

Նա նաեւ պատմել է որդու՝ Հայկ Պետրոսյանի կամավորագրվելու եւ սահման մեկնելու մասին՝ նշելով, որ ինքն էլ անհրաժեշտության դեպքում պատրաստ է մեկնել առաջնագիծ․«Ես էլ ֆիզիկապես փորձում եմ անցնել քննություններս, միաժամանակ թիկունքում աշխատանքս եմ շարունակում՝ թատրոնում։ Տղաս ջոկատով մեկնեց առավոտ շուտ։ Գնաց, որովհետեւ պետք է գնար, մեր մեջ այդ խոսակցությունը չի էլ եղել անգամ։ Ուղղակի ինքն ինձ մի քիչ փորձեց պարտադրել (ժպտում է,- հեղ․), չէր ասում՝ դու չգաս հանկարծ, բայց ինձ անընդհատ հիշեցնում էր, որ իմ տեղն այստեղ է, ասում էր՝ դու պետք է թիկունքը պինդ պահես, պետք է ելույթ ունենաս։ Բայց դա արդեն կյանքը կորոշի, ոչ թե ինքը»։

Վարդան Պետրոսյանը վերջում նաեւ ընդգծել է, որ «ՈՄԱ»-ն շատ կարեւոր տեղ է մարդու հոգեվերանորոգման համար, իսկ դա մեր ժողովրդի եւ յուրաքանչյուր ազգի համար ծայրաստիճան անհրաժեշտ բան է.«Սա այսօր մեր փրկության ճանապարհն է»,- հավելել է նա։

Պատրաստեց Աստղիկ Իսկանդարյանը
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին