×


«Ավելի տաք ձմեռ» արցախցի ընտանիքների համար՝ TotoGaming-ի նախաձեռնությամբ

Աշունը շատ «ցուրտ» ստացվեց այս տարի, սակայն ձմեռը բոլորիս ջանքերով պետք է «ավելի տաք» լինի. տեղահանված եւ Հայաստանի տարբեր շրջաններում բնակություն հաստատած ավելի քան հինգ հարյուր արցախցիների համար բարեգործական նախաձեռնության հեղինակը «Տոտո Գեյմինգ» ընկերությունն է, որը Նոր տարվա առիթով իր գործընկերներին էլ նվիրել է արցախցի երեխաների պատրաստած ձեռագործ տիկնիկներ։ Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը նախորդ երկու օրերին մեկ հարկի տակ էր հավաքել պատերազմից տուժած ընտանիքներին ու նրանց օգնել ցանկացող կամավորներին։ Միջոցառման ընթացքին հետեւել է նաեւ BRAVO.am-ը։

Նախաձեռնության խորագիրն էլ հուշում է, որ «TotoGaming»-ի նվեր-փաթեթներում ձմեռային իրեր էին, ներկաների համար նաեւ թեյի հյուրասիրություն էր կազմակերպված թատրոնի նախասրահում։ Բայց մինչ այդ, ծրագրի հեղինակները պատմում են, թե ինչպես է ծնունդ առել գաղափարը, եւ ինչպես են մեծ ու փոքր կամավորները սփյուռքի մեր հայրենակիցների հետ պատերազմի առաջին օրվանից հումանիտար օգնություն հավաքել տուժած ընտանիքների, իսկ այնուհետեւ՝ նաեւ վիրավորների եւ զոհված զինծառայողների ընտանիքների համար։ Եվ այս նախաձեռնությունները տարբեր ուղղություններով շարունակվում են մինչ օրս։


Սեպտեմբերի 27-ից սկսած՝ Տիկնիկային թատրոնի հարկի տակ կամավորական ամենամեծ խմբերից մեկի հետ աշխատել է դերասանուհի Անաիս Սարդարյանը, որի գլխավորությամբ էլ սնունդ, հագուստ եւ հումանիտար օգնության այլ իրեր են հասել արցախցի բազմաթիվ ընթանիքների։ Պատերազմից հետո այս նախաձեռնությունը ստիպված է եղել փոխել ուղղվածությունը՝ օգնություն հասցնելով նաեւ վիրավորներին ու զոհված զինծառայողների ընտանիքներին։ Դժվարին այդ աշխատանքում Անաիսի թիմին օգնել են նաեւ «TotoGaming»-ի կամավորականները:

«Երբ պատերազմական օրերը նոր էին սկսվել, Տիկնիկային թատրոնում կամավորական մեծ խումբ էր աշխատում Անաիսի հետ, եւ մեր աշխատակազմի շատ անդամներ գալիս էին ու օգնում հավաքել փաթեթները։ Այդ ընթացքում մեր թիմը շատ մտերմացավ Անաիսի հետ, փորձում էինք ամեն կերպ աջակցել։ Մինչ օրս էլ մեր համատեղ աշխատանքը շարունակվում է։ Այսօրվա մեր նվեր-փաթեթներում ներառել ենք տաք գլխարկ, գուլպա, շարֆ, գինի՝ Նոր տարին դիմավորելու համար, եւ այլն։ Միջոցառումը երկու օր է տեւել՝ դեկտեմբերի 26-ին եւ 27-ին, եւ նույնիսկ սպասվածից ավելի շատ մարդիկ են եկել։ Շատ ուրախ ենք, որ կարողացել ենք բոլորին մեկ հարկի տակ հավաքել ու գոնե մի քիչ լավ տրամադրություն փոխանցել»,- լրագրողների հետ զրույցում նշեց «TotoGaming» ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Թերեզա Թոքմաջյանը։


Անաիս Սարդարյանն էլ հավելեց.«Կհավատա՞ք՝ երեւի թե չկար մի արցախցի, որի հետ մենք կապ չենք ունեցել, որն այստեղից հումանիտար օգնություն չի ստացել, որին տաք վերմակ չենք ուղարկել, չենք ջերմացրել անգամ մեր սիրով ու աղոթքով։ Դրա համար մենք՝ բոլորս, իրար հարազատ ենք դարձել։ Ու ես կարծում եմ՝ այս ամենը պիտի շարունակական լինի»։

Դերասանուհին նաեւ ընդգծեց մասնավոր հատվածի աջակցության կարեւորությունը նման նախաձեռնություններին՝ նշելով, որ այս դեպքում «TotoGaming»-ն ինքն է պատրաստակամություն հայտնել միանալ օգնության ծրագրին ու իր ներդրումն ունենալ այդ գործում.«Մասնավոր ընկերությունների աջակցությունը ոչ միայն կարեւոր է, այլեւ պարտադիր է։ Մենք Ամանոր չենք տոնելու, ամուսնուս հետ որոշել ենք ամանորյա ծախսերի համար նախատեսված գումարը տրամադրել պատերազմից տուժած մարդկանց։ Կարծում եմ՝ այս տարի պիտի այդ գումարը ճիշտ ձեւով ու ճիշտ տեղերում ծախսենք։ Գիտեք, մինչեւ այսօր էլ ինձ գրում ու զանգում են աշխարհի տարբեր ծայրերից եւ ասում են՝ «Անաիս ջան, ցանկանում ենք օգնել»։ Մենք իսկապես հրաշալի ազգ ենք, ուղղակի այդ հրաշքն այնքան չի երեւում, որքան մնացած ամեն ինչը, ցավոք»։


Օրվա ավարտին միջոցառման ներկաներն ու նախաձեռնության հեղինակները փոխանակվեցին սիրո ու շնորհակալական խոսքերով եւ հույս հայտնեցին, որ իրենք ու իրենց երեխաները մի օր կրկին կվերադառնան Արցախ՝ իրենց կորցրած տները վերագտնելու։


Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW