×


Սուրենյանցի, Մինաս Ավետիսյանի, Փարաջանովի եւ այլ նկարիչների Քրիստոսը՝ մեկ վայրում

Քրիստոսի կերպարը՝ Վարդգես Սուրենյանցի, Մինաս Ավետիսյանի, Սերգեյ Փարաջանովի, Եղիշե Թադեւոսյանի, Հակոբ Գյուրջյանի, Գրիգոր Խանջյանի եւ անվանի հայ այլ արվեստագետների լավագույն աշխատանքներում. Հայաստանի նկարիչների միությունում բացվել է «Կամք, իմաստություն, սեր» խորագիրը կրող ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի, Հայաստանի ազգային պատկերասրահի, Սերգեյ Փարաջանովի թանգարանի եւ մասնավոր հավաքածուներից ընդգրկված աշխատանքներ: Նույն օրը տեղի է ունեցել նաեւ արվեստաբան Սաթենիկ Վարդանյանի «Հիսուս Քրիստոսի կերպարը XX դարի եւ արդի հայ արվեստում» գրքի շնորհանդեսը, որին ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը։

Պարզվում է՝ ցուցահանդեսի միտքը տվել է հենց Սաթենիկ Վարդանյանը, որի հեղինակած պատկերագրքում ընդգրկված են նաեւ Նկարիչների միությունում ներկայացված աշխատանքները:


«Գնահատականի արժանի աշխատություն է, որում զետեղված են հայ նկարիչների կողմից արված կտավները, քանդակները։ Առհասարակ շատ եմ կարեւորում հոգեւոր թեման, եւ ինձ թվում է՝ չկա նկարիչ, որ անդրադարձած չլինի դրան։ Հիանալի ցուցահանդես է տեղի ունենում Հայաստանի նկարիչների միությունում»,- մեր զրույցում նշեց միության նախագահ Սուրեն Սաֆարյանը։


Սաթենիկ Վարդանյանն էլ ասաց, որ իր գրքի համար փնտրել է կատարյալ կերպար հայ իրականության մեջ, եւ բոլոր մեծերի հետքերն իրեն տարել են դեպի Քրիստոս․ «Հիսուս Քրիստոսի կերպարը մինչ օրս ներկայանում է որպես ամենադրական, առավելապես հզոր եւ կատարյալ էություն։ Նրա կերպարի ընկալման եւ արտահայտման միջոցով հնարավոր է բացահայտել մեր ազգային էության, մտածելակերպի տարբեր կողմերը, նաեւ այլ մշակույթների ազդեցություններն ու նկարիչների անհատական մոտեցումները»,- ընդգծեց արվեստաբանը։


Ցուցահանդեսը գործելու է մինչեւ հունվարի 21-ը, քանի որ ինչպես Սուրեն Սաֆարյանը նշեց, ձմռան այս ցուրտ օրերին դժվար է երկար ժամանակով նկարները պահել ցուցասրահում.«Քանի որ աշխատանքները բերված են տարբեր թանգարաններից, նրանց պահպանության եւ բազում այլ խնդիրների պատճառով չէինք կարող այստեղ ապահովել նրանց երկարաժամկետ կյանքը, դրա համար էլ, ցավոք, երեք օր է տեւելու ցուցահանդեսը»,- հավելեց նա։

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարներ՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին